Մի քանի օր է՝ շարունակվում են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները, որոնց մեկնարկը տրվել է նախօրեին, եւ բանակցությունները դեռ մի քանի օր կտեւեն։ Ըստ ամենայնի, կողմերը մոտ են հանգուցալուծմանը:
Ըստ հայկական կողմի՝ արտգործնախարարները մայիսմեկյան հանդիպման ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ չի կատարել Արցախին, ըստ այդմ՝ քննարկվել են անվտանգության իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Մինչ այս հանդիպումը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ եռակողմ բանակցություններին հաջորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ Պետդեպի աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում շարունակվելու են այս շաբաթվա ընթացքում՝ չսահմանափակվելով մեկ օրով եւ մեկ հանդիպմամբ։ Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնապես:
«Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Էնթոնի Բլինքենը: Պատասխանելով հարցին, թե արդյոք փաստաթղթում անդրադարձ կլինի՞ Լեռնային Ղարաբաղին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարեւոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին: Այսինքն՝ Արցախն ու արցախահայությունը դիտարկվում են բացառապես էթնիկ փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից:
Հիշեցնենք․ օրերս մենք գրել էինք, որ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ՀՀ իշխանություններին պարտադրում է մինչեւ մայիսի վերջը ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախնական տարբերակը, որով վերջնականապես Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ «Էթնիկ փոքրամասնություն» ձեւակերպումը, ըստ էության, հաստատում են այդ խոսակցությունները, որ Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի մասին խոսք լինել չի կարող, խոսքն «էթնիկ փոքրամասնության»՝ Ադրբեջանի կազմում գոյության մասին է։
Երեւանը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի վաշինգտոնյան բանակցություններից՝ ասաց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչի մասին է։ Պատգամավորն ասաց, որ չի կարող մանրամասնել, սակայն տեղեկացրեց, որ Երեւան-Բաքու խաղաղության պայմանագիրն ունի «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը։ Եղոյանը բացատրեց, որ դա խաղաղության վերաբերյալ փաստաթուղթն է։ «Դա հենց այն փաստաթուղթն է, որի մասին լսում էիք, որ մենք ենք խմբագրել, իրենք են խմբագրել վերջին ամիսներին։ Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը»,- ասաց նա։ Հարցին, թե «Խաղաղության պայմանագիր» անվանո՞ւմն է փոխվել, Եղոյանը նշեց, որ հարցին պատասխանելու համար պետք է բովանդակային մանրամասներ ներկայացնի, որն անել չի կարող։
Դեռեւս ամիսներ առաջ՝ տարեսկզբին, հղում անելով մեր աղբյուրներին՝ գրել էինք, որ կողմերը խաղաղության պայմանագրի շուրջ փաստաթղթերում նոր՝ միջազգային իրավունքի վերաբերյալ ձեւակերպում են մտցրել, խոսքը «կառուցողական անորոշություն» ձեւակերպման մասին է։ Սա հաճախ օգտագործվում է ծանրագույն լուծումների դեպքում, երբ տեղ է թողնվում, որ կողմերից յուրաքանչյուրն իր ձեւով մեկնաբանի։ Այսինքն՝ եթե սեղանին դրված փաստաթղթում կա մի կետ, որն իրենց թույլ չի տալիս ամբողջ փաստաթղթի շուրջ համաձայնության գալ, ստորագրել, ապա «կառուցողական անորոշություն» ձեւակերպումը կարող է հարթել խնդիրը, եւ ըստ այդմ՝ Ադրբեջանը կարող է մեկնաբանել, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, Հայաստանն էլ հայտարարի, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է դեռեւս առկախված։ Վաշինգտոնյան տարբերակը, որոշ տեղեկություններով, սրա մասին է, արտգործնախարարների մակարդակով կայացած «համաձայնությունները», ըստ ամենայնի, փաստաթղթի տեսք կստանան հունիսի 1-ին՝ Քիշնեւում կայանալիք արդեն պետության ղեկավարների՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում, եթե, իհարկե, ռուսական կողմը չվիժեցնի արեւմտյան տարբերակը, կամ Փաշինյանը սովորույթի ուժով լարախաղացությամբ չզբաղվի՝ Արեւմուտքի գրկից թռչելով Ռուսաստանի գիրկը, քանի որ ռուսական իշխանություններից ինչ-որ մեսիջներ է ստացել եւ ինչ-որ վտանգ է զգում։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը, ի տարբերություն իշխանական գործընկերոջ` Արման Եղոյանի, վատ սպասելիքներ ունի վաշինգտոնյան հանդիպումներից: «Ինձ համար խնդիր է, որ բանակցային գործընթացի սեղանին Արցախի կարգավիճակը դիտարկվում է Ադրբեջանի կազմում։ Երկրորդ․ ինձ համար խնդիր է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ տեղ որեւէ կերպ արտացոլված չէ, եւ հայկական կողմը գնացել է շատ ավելի Հայաստանի համար պարտվողական մոտեցման, այսպես կոչված, իրավունքների եւ ազատությունների երաշխավորման տարբերակը, որը նույնիսկ աղերս չունի, նույնիսկ մոտ չէ ինքնորոշման իրավունքին։ Այնպես որ, ինձ էական չէ, թե որ մայրաքաղաքում են ընթանում բանակցությունները, ինձ համար էական է բանակցությունների բովանդակությունը»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։