ԿԲ-ն գնդակն ուղարկում է արցախցիների դաշտ

ԿԲ-ն գնդակն ուղարկում է արցախցիների դաշտ

Գրել ենք,որ Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները: Այսինքն, կարող են հիմա ստանալ այդ գումարները։ Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործում է նույն համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»:

Հիմա, քանի որ ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի, ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» այս ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները եւ հոգան  կարիքները:

Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի:Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին եւ պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։ 

Այսպիսով՝ օրեր առաջ գրավոր հարցում ենք արել ԿԲ հետեւյալ հարցադրումներով․

«Արդյոք Կենտրոնական բանկը պատրաստվում է դիմել կուտակային ֆոնդերին՝ Հայաստանում գտնվող
արցախցիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշիվներին առկա գումարները նրանց փոխանցելու
հարցով։

Ի՞նչ դիրքորոշում ունի ԿԲ-ն այս հարցում, եթե չի պատրաստվում դիմել, ապա ի՞նչ է լինելու այն արցախցիների
հաշիվների հետ, որոնք չենք պատրաստվում ընդունել ՀՀ քաղաքացիություն»։

«Ի պատասխան փետրվարի 21-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերը, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, չեն վերաբերում ԿԲ իրավասություններին։

Առաջարկում ենք այդ հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին»-փոխանցել են ԿԲ ից։