Ավետիք Էլոյանը հեռանում է փոխվարչապետի գրասենյակից

Ավետիք Էլոյանը հեռանում է փոխվարչապետի գրասենյակից

Քաղշին կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է՝ հերթը հասնի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին, որը Վերմիշյանից առաջ ղեկավարում էր նույն կոմիտեն։ Մենք տեղեկացանք, որ էլոյանը մտադիր է ազատվել աշխատանքից։ Հավանաբար, Էլոյանը լքում է Տիգրան Ավինյանի գրասենյակը, որպեսզի հետագայում Ավինյանի անունը չկապվի իր հետ։

Մենք տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Էլոյանը ընկերների շրջանում ասել է, որ մեկնելու է ԱՄՆ ու այլևս չի վերադառնալու։ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Էլոյանը փոխվարչապետի որոշմամբ մարտի 4-ից ապրիլի 7-ը գտնվում է արձակուրդի մեջ։ Իսկ տեղյա՞կ են, որ դրանից հետո այլևս չի պատրաստվում վերադառնալ, Սիսեռյանն ասաց․ «Մեզ նման բան չի տեղեկացրել»։

Խոսեցինք նաև Ավետիք Էլոյանի հետ, որն այս պահին դեռ Հայաստանում է գտնվում։ Մեր հարցին՝ աշխատանքից դուրս գալու որոշում կամ մտադրություն ունի՞, Էլոյանն ասաց․ «Իսկ ինչի՞ եք Դուք համարում, որ պիտի ասեմ Ձեզ դա»։ Ապա ավելացրեց․ «Դե, կլինի որոշում, կհայտնեմ, դեռ որոշում չկա»։