Խանքենդի «հարսնիք» կա

Խանքենդի «հարսնիք» կա

Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարում է ապահովել Հայաստան մուտք գործելու ցանկություն ունեցող ադրբեջանցիների անվտանգությունը և երաշխավորում, որ ադրբեջանցիները հենց այսօրվանից կարող են հատել Հայաստանի սահման իրենց համար ամենահարմար տեղից, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ Հայաստանի հերթական կապիտուլյացիան է տեղի ունեցել: Ասում ենք բանավոր կապիտուլյացիա, որովհետև Ալիևն իր երկրի անվտանգության ծառայությանը համապատասխան հանձնարարություն չի տվել, ի լուր աշխարհի էլ չի հայտարարել, որ ՀՀ հպարտ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան հանգստի կամ այլ նպատակներով:

Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վայելում է իր բերանից դուրս թռած հիմարության բերկրանքը, Ալիևն արել է նոր հայտարարություն, սակայն բոլորովին այլ որակի և մակարդակի: Ես կասեի` միջազգային կարգի հայտարարություն, որ չէին ամաչի անել միջազգային ամենահեղինակավոր կառույցների ղեկավարները: Ի՚նչ է ասել Ալիևը. «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը: Նրանք պետք է հասկանան, որ միայն ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու միջոցով կարող են ապագա ունենալ։ Այլընտրանք չկա»:

Արցախի հայությանն ուղղված այս խնամախոսությանը ՀՀ և ԱՀ իշխանությունները դեռ չեն պատասխանել, ինչը նշանակում է, որ մտմտում են այդ ուղղությամբ` դե հիմա ի՞նչ է պատահել, Ղարաբաղը հարս կգնա Ադրբեջան, ղարաբաղի հայերը կդառնան Ադրբեջանի քաղաքացիներ, կապրեն կեսրանց տան օրենքներով, կաշխատեն Ապշերոնի նավթահանքերում, մանաթով ռոճիկ կստանան, պրեմիա... Կմասնակցեն Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններին, Արայիկ Հարությունյանը կամ ինչ որ մի Հասանով կհաղթի այդ ընտրություններում, կհռչակվի Կարաբախի ղեկավար ու կնստի Ստեփանա... ներողություն, Խանքենդիում: Թե չէ Հայաստանի հետ միջանցք, Արցախի կարգավիճակ, Բերձոր, Աղավնո: Ալիևը երևի նաև թույլ տա, որ Ղարաբաղի հայերը վերադառնան ապրելու` Բաքու, Սումգայիթ, Գյանջա, ինչու ոչ` նաև Հադրութ, Շուշի, Բերձոր Աղավնո: Արայիկ Հարությունյանն ու Հայկ Խանումյանը, պարզվեց, լավ էլ հեռատես «բջեր» են... Նրանք դեռ Ալիևի հայտարարությունից առաջ էին ասում` Բերձորի ու Աղավնոյի տները չվառեք: Հավանաբար գիտեին, որ Բաքվից խնամախոսության են գալու Արցախ:

Իսկ ինչո՞ւ է լռում Նիկոլը, որ թվում է, որպես աղջկա կողմի ներկայացուցիչ, ձևի համար պետք է մի թեթև չեմուչում աներ: Բանից պարզվում է` Ալիևը Նիկոլին չի դիտարկում նույնիսկ առաջիկա «հարսանիքի» հյուրերի թվում, էլ ուր մնաց մի հատ էլ հարցներ` ձեր աղջկան կտա՞ք մեզ:  Ալիևն ասում է` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի վերաբերյալ թեմա չկա և հավելում. «Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնել դրան։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ և, ընդհանրապես, Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»:

Հ.Գ. Ալիևի հայտարարությունից հետո ես մի զայրացած նամակ եմ գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ վարչությանը: Հուսամ` կպատասխանեն: Հարցրել եմ` էդ որ Արցախը տալիս եք, գոնե մտածե՞լ եք, թե որ երկրի զինված ուժերում են ծառայելու արցախցի երիտասարդները: