Սա վերջին դիվերսիան չէ, որ Ադրբեջանն իրականացնելու է

Սա վերջին դիվերսիան չէ, որ Ադրբեջանն իրականացնելու է

Կիրակի առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում եւ գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

- Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ինչո՞վ եք պայմանավորում հերթական դիվերսիան, ինչի՞ արդյունքում այն տեղի ունեցավ:

- Քանի որ չգիտենք, թե ինչ են մի քանի օր առաջ բանակցել Հայաստանի իշխանությունները, ուստի հստակ չենք կարող ասել, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, եւ այս սադրանքի պատճառը կոնկրետ որն է:

- Օրերս Բեռլինում Գերմանիայի կանցլերը հստակ գնահատական տվեց արցախյան հարցի կարգավորմանը՝ նշելով, որ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքը պետք է զուգահեռաբար գործեն՝ ոչ թե մեկը մյուսի հաշվին, ինչն ակնհայտորեն չի համընկնում Նիկոլ Փաշինյանի խոսույթի հետ։ Գուցե սա՞ է հենց պատճառը:

- Այն, ինչ տեղի ունեցավ, ավելի երկարաժամկետ պլանավորում ունեցող գործընթաց է, քան որեւէ նոր արտահայտված միտք: Կարծում եմ` սա վերջին դիվերսիան չէ, որ Ադրբեջանն իրականացնելու է: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր պահանջներն իրագործել: Նույն Ադրբեջանը դիմելու է ուժի գործադրման՝ իր նպատակներին հասնելու համար:

- Այս պահի դրությամբ որո՞նք են Ադրբեջանի հստակ պահանջները:

- Անցակետի տեղադրում եւ Լաչինի միջանցքի երթեւեկության վերահսկում: Սրանք Ադրբեջանի առաջնահերթ պահանջներն են՝ այս պահի դրությամբ:

- Օրվա իշխանությունները շարունակում են «խաղաղասիրական» քաղաքականությունը եւ հանուն խաղաղության պատրաստ են Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարել: Եթե նման բան տեղի ունենա, ի՞նչ սպասել հաջորդիվ:

- Նույնիսկ Ադրբեջանի մեկ պահանջն իրագործելն անթույլատրելի է, պատկերացրեք, եթե ամբողջ երթեւեկությունը` դեպի Արցախ, վերահսկի Ադրբեջանը, ինչ տեղի կունենա: Դա մեծագույն վտանգ է, այդ դեպքում ցանկացած տարիքի տղամարդ կարող է ամեն վայրկյան ձերբակալվել Ադրբեջանի կողմից եւ տեղափոխվել Բաքվի բանտ` որպես ահաբեկիչ: Սա անվտանգության տեսանկյունից անընդունելի է ու սխալ: Պետք է տեղաշարժի համար անվտանգ գոտի լինի, այդ թվում` հումանիտար նկատառումներով: Ադրբեջանն «իգնոր» է անում բոլոր նման տեսակի կարծիքները:

- Վերջերս Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում խաղաղության պայմանագրի տեքստից մի հատված հրապարակեց, ինչը շարժել էր հասարակության մի ստվար զանգվածի զայրույթը: Ի՞նչ փաստաթուղթ է այն:

- Ես միայն Արմեն Աշոտյանի էջում եմ այդ փաստաթուղթը տեսել, մանրամասների չեմ տիրապետում: Հայաստանի իշխանությունները բազմիցս պնդել են, որ Արցախի իշխանությունները պետք է ինքնուրույն բանակցեն Ադրբեջանի հետ: Ի՞նչ ենք մենք տեսնում, տեսնում ենք շրջափակում, դիվերսիոն հարձակումներ, ռազմական սպառնալիքներ: Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն ասվածն ուղարկել պատմության գիրկը: Ադրբեջանը ցանկանում է խոսել միմիայն համակեցության եւ արցախահայերին Ադրբեջանի տարածքում ինտեգրացնելու ուղղությամբ:

- Ռուս խաղաղապահների կեցվածքն ընդունելի համարո՞ւմ եք: Որոշ շրջանակներ խաղաղապահ ուժերին են մեղադրում:

- Քանի որ ռազմական փորձագետ չեմ, այս հարցին հստակ չեմ կարող պատասխանել: Կարող եմ միայն ասել, որ Ադրբեջանի պահանջները գնալով մեծանալու են, եւ ինչքան զիջի հայկական կողմը, այնքան անվտանգության համակարգը փոշիանալու է:

- Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-թուրքական սահմանի բացման` Անիի կամրջի նորոգման մասին: Սա ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

- Թուրքիան նախապայման է դնում, որ պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, եւ նոր միայն ճանապարհը կբացվի: Ադրբեջանի պահանջները գնալով ավելի են շատանում: Կարելի է ասել՝ դա անվերջ տեւող պրոցես է: