Իշխանության կողմից սահմանադրական հանրաքվեի վիճահարույց, իսկ իրավաբանական հանրույթի կողմից «հակասահմանադրական» բնորոշումը ստացած գործընթացը կասեցնելու պատմական հնարավորություն կա։ Եվ այն հանրապետության նախագահի ու ԱԺ ընդդիմության ձեռքում է։
Հիշեցնենք․ նախօրեին իշխող ֆրակցիան Սահմանադրության 213-րդ անցումային դրույթում փոփոխության կամ, ավելի ճիշտ՝ «Հրայր Թովմասյանի հեռացման» հարցով հանրաքվեի որոշում կայացրեց, սակայն խնդիրն այն է, որ այն իրականացվելու է՝ շրջանցելով գործող օրենսդրությունը, եւ փոփոխությունների նախագիծը գործող օրենսդրության պահանջով չի ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ ստանալու դրա վերաբերյալ ՍԴ եզրակացությունը։ Հենց սրա շուրջ է իշխանության եւ նրա ընդդիմախոսների բանավեճը։ Վերջիններս պնդում են, որ եթե նույնիսկ նախկինները ՍԴ-ն եւ առհասարակ Սահմանադրությունը կարել են անձերի հագով, ապա չի կարելի կեղծիքը կեղծիքով ուղղել, կրկնօրինակել նախկիններին։ Գործող ընթացակարգերի համաձայն, ԱԺ նախագահը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումը համապատասխան նախագծի հետ մեկ շաբաթվա ընթացքում պետք է ուղարկի հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրելու եւ հանրաքվե նշանակելու որոշում պետք է կայացնի։
Երեկ իրավաբանական հանրույթից նախագահին ուղղված կոչեր հնչեցին՝ եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ ՍԴ գնահատականը։ Այլ կերպ ասած՝ հորդորում էին իրացնել իր սահմանադրական իրավունքը եւ նախագիծն ուղարկել ՍԴ։ Տեղեկություններ կան, որ Արմեն Սարգսյանի «դուխը», այնուամենայնիվ, չի հերիքի՝ կասեցնելու Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական այս գործընթացը, վարչապետն ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ էլ վստահ հայտարարեց․ «Դուք՝ խոսքս ՍԴ անդամների, հին կարգով ընտրված ՍԴ անդամների մասին է, ահա, դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը հանրապետության նախագահի կողմից ստորագրելը»:
Սա նշանակում է, թե Փաշինյանը կասկած չունի, որ Արմեն Սարգսյանն այն ստորագրելու է։ Ավելին, տեղեկություններ կան, որ օրերս Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպման ժամանակ գործարք է կայացել, որի արդյունքն էլ եղավ այն, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվեցին Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերը, որոնցով վերջնականապես խաղից հանում էին ՀՀ նախագահին՝ նրանից վերցնելով օրենքներ ստորագրելու անգամ ձեւական լիազորությունը։
Ի դեպ, «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, եթե նույնիսկ նախագահը չստորագրի հանրաքվեի որոշումը, ինչը շատ հավանական է, միեւնույն է՝ հանրաքվեն նշանակված է համարվում սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը։
Ինչեւէ, մայր օրենքի համաձայն, ՍԴ դիմելու իրավասությամբ է օժտված նաեւ պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ գործող ԱԺ-ի պարագայում՝ 27 պատգամավոր։ Սա նշանակում է, որ ցանկության դեպքում հայրենի ընդդիմադիրները կարող են փոփոխության նախագիծն ուղարկել ՍԴ՝ կասեցնելով պրոցեսը, ինչի մասին էլ թերեւս նախօրեին իր ելույթում ասում էր պատգամավոր Լուլուն՝ ընդդիմադիրների հոխորտանքներին ի պատասխան չարախնդալով, թե համաձայն չե՞ք, հակասահմանադրակա՞ն է՝ դիմեք ՍԴ։
Կդեմե՞ն, թե՞ նոր Հայաստանում էլ ավանդույթները չեն խախտվի, ու տեղի կունենա իշխանություն-ընդդիմություն հերթական առեւտուրը, որի նախադրյալներն արդեն իսկ նկատելի դարձան ԱԺ նիստի ժամանակ, հատկապես ԲՀԿ-ականների վախվորած պահվածքից, ելույթներ չունենալու եւ հանրաքվեի որոշմանը ԼՀԿ-ի պես դեմ չքվեարկելու փաստից։
Երեկ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ՍԴ դիմելու մասին ասաց․ «Մենք սպասում ենք նախագահի որոշմանը, դեռ քննարկում չենք ծավալել այդ հարցի շուրջ․․․ Մենք հանրաքվեի որոշմանը դեմ քվեարկած խմբակցություն ենք, եւ եթե մեր ԲՀԿ-ի գործընկերները, ովքեր, ի դեպ, որեւէ դիրքորոշում չեն հայտնել՝ պարզապես բոյկոտել են, եթե իրենք համաձայնեն, մենք խնդիր չունենք»։
Ո՞րն է, ի վերջո, ԲՀԿ-ի դիրքորոշումը եւ հետագա քայլը, երեկ պարզեցինք խմբակցության քարտուղար Արման Աբովյանից․ «Այո, հանրաքվեն ժողովրդավարության արտացոլման բարձրագույն տարբերակն է, որին ոչ մի գիտակից մարդ չի կարող դեմ լինել։ Բայց դրա հետ մեկտեղ կան բովանդակային խնդիրներ, որոնք բացահայտվել են վերջին օրերին, եւ իրավական բանավեճ է գնում դրա շուրջ։ Իրավական բանավեճի հանգուցալուծումը կարող են լինել նույն միջազգային կառույցների եզրակացությունները, ինչու ոչ՝ նույն Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԱՀԿ-ի»։ Ի դեպ, ԱԺ-ի կողմից հանրաքվեի որոշումն ընդունելուց հինգ պակաս ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարությամբ ՀՀ իշխանություններին կոչ արեցին՝ դիմել Վենետիկի հանձնաժողովին, կարծիքի համար։ Արման Աբովյանը վստահ է, որ իշխանությունը կդիմի՝ կարծիք ստանալու։ Իսկ եթե չդիմի՞… «Եկեք «եթե»-ներով չխոսենք»։ Հարցրինք՝ չե՞ն վստահում իրենց իրավաբաններին, ԲՀԿ-ն չունի՞ իրավաբաններ։ «Խնդիրը թիմը չէ, տարբեր թիմի տեսլականներ կան, մեզ համար կարեւոր է հասնել ոսկյա միջինին»։
Փաստն այն է, որ ԲՀԿ-ն անգամ ռիսկ չարեց ելույթներ ունենալ, ուր մնաց Նիկոլ Փաշինյանի հայտնի սպառնալիքից հետո՝ «ովքեր կխոչընդոտեն գործընթացը, կճանաչվեն հակապետական ուժեր», գնա Փաշինյանի կամքին հակառակ։ «Միտումնավոր ոչ մի բան չի եղել, պարզապես ֆրակցիայով ամենրոպեական ռեժիմով քննարկում էինք հարցը ու չհասցրինք գրանցվել ելույթների համար»։ ԲՀԿ-ի պահվածքը համացանցում քննարկման առարկա է դարձել՝ միգուցե պատրաստվում եք հանրաքվեի՞ն էլ ժողովրդին ջուր հասցնել, ինչպես հեղափոխության ժամանակ․ ունե՞ք այդպիսի պլաններ։ «Ես էլ հումոր կանեմ՝ այն մարդիկ, ովքեր նման բան են ասում, թող ջուր խմեն ու հանգստանան»։
ՀԳ․ Ըստ տեղեկությունների, իշխանությունը կդիմի Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու վերաբերյալ, քանի որ գիտեն, որ այդ կառույցից երբեք կոշտ եւ կացնային դիրքորոշումներ չեն հայտնում։ Այսինքն, ցանկացած պատասխանի դեպքում Ռուբինյանը կասի՝ հանրաքվեին հավանությունը Եվրոպան տվել է, եւ գործի կանցնեն։
Քաղաքականություն
ԲՀԿ-ն հանրաքվեին է՞լ է ջուր հասցնելու ժողովրդին
Ամենաընթերցված
Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունե...
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղ զբաղեցնող Արման Ծառուկյանի անունը հայտնվել է մեծ ֆի...
Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տ...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯