«Հրապարակ». Սինանյանը կարծում է, որ իր աշխատանքը Փաշինյանին գովերգելն է
«Հրապարակի» զրուցակիցն է ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։
- Հալեպը զինյալների վերահսկողության տակ է։ Ի՞նչ է սպասվում հայ համայնքին, եւ ՀՀ կառավարությունը, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի:
- Իրավիճակը շատ վտանգավոր է։ Թե ինչպես կավարտվի, դժվար է ասել, կարող է ավելի վատ լինել եւ կարող է ավելի լավ լինել՝ չգիտենք։ Ցանկացած զարգացում հնարավոր է. հնարավոր է Ասադի ռեժիմը տապալվի` երկիրն ամբողջությամբ հայտնվի ահաբեկիչների վերահսկողության տակ, ստեղծված իրավիճակում ամենալավ բանն այն կլինի, որ Սիրիայի բանակը հակահարված հասցնի՝ Հալեպից դուրս շպրտեն զինյալներին։ Իսկ Հայաստանի կառավարության անելիքի մասով կարող եմ ասել, որ ունենք մի իշխանություն, որն ունակ չէ ոչ մի բան ճիշտ անելու՝ ոչ միայն Սիրիայի, այլեւ բոլոր հարցերում։ Անկարող է երկիր ղեկավարել, Փաշինյանն այդ պաշտոնին հարմար մարդ չէ։ Եթե ունենայինք բանիմաց, կարող ղեկավար, այս շատ դժվար իրավիճակում այդպիսի ղեկավարը կարող էր շատ բաներ անել: Օրինակ, կապեր կհաստատեր Թուրքիայի հետ անմիջական կապ ունեցող տարբեր երկրների հետ, հատկապես՝ Արեւմուտքի երկրների, կփորձեր հայ համայնքի անվտանգությունն ապահովել այդ երրորդ երկրների միջոցով։ Սա առաջնային քայլն է, որ պետք է արվեր։ Հիմա հարցը Սիրիան է, որոշ ժամանակ առաջ Լիբանանն էր, տարիներ առաջ Իրաքն էր։ Աշխարհի տարբեր մասերում, որտեղ հայ համայնքներ կան, կարող են անսպասելի վիճակներ ստեղծվել, եւ տեղի հայ համայնքը կարող է վտանգվել։ Ամենասխալ բանն այն է, որ իշխանությունները սպասեն այնքան, մինչեւ իրավիճակը սրվի եւ հասնի պայթյունավտանգ իրավիճակի, հետո նոր մտածեն, թե ինչ կարելի է անել։ Նույնիսկ եթե վաղն առավոտյան հալեպահայերը կարողանային դուրս գալ Հալեպից, օդակայանը բաց լինի, իրենց օդանավ տրամադրվի, ի՞նչ պիտի անեն, ո՞ւր պիտի գնան, որտե՞ղ պիտի ապրեն, օրվա սնունդը որտեղի՞ց պետք է ստանան, աշխատանք որտեղի՞ց պիտի ստանան։ Այս ամենին պետք է նախապես պատրաստվել․ Արեւմուտքում դա անվանվում է տարբեր սցենարների նախապատրաստություն, պետք չէ սպասել, որ մի բան պատահի, հետո մտածել, թե ինչ անենք։ Եթե պետության գլխին իրական ղեկավարներ ունենայինք, իրենք նախապես պիտի մտածեին, թե ինչ է պետք անել, որոնք չեն արվում։ Տարիներ առաջ, երբ Իրաքի հայերը եկան Հայաստան, այստեղ ապաստան չգտան՝ հեռացան Եվրոպա․ Միացյալ Նահանգներ, այլ երկրներ։ Նույն բանը հիմա պատահում է արցախահայերի հետ` 120 հազար արցախահայերից մոտ 30 հազարն արդեն Հայաստանից դուրս է, մեծ մասը Ռուսաստան է գնում։ Եվ մենք կորցնում ենք մեր հայ ժողովրդի համախմբումը հայրենիքում։ Եթե արցախահայերն այսքան դժվարություններ ու խնդիրներ ունեցան, հիմա սիրիահայերը՝ 12 հազար գան, ի՞նչ պիտի անեն, որտե՞ղ պիտի ապրեն:
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ի՞նչ է անում` Լիբանանում ճգնաժամ է, Սիրիայում ծանր իրավիճակ է` որեւէ գործողություն կամ թեկուզ հայտարարություն արվե՞լ է։
- Պրն Սինանյանը, նախ, չգիտի՝ իր աշխատանքն ինչ է, ինչ պարտականություններ ունի։ Երբ հարցազրույց է տալիս, անընդհատ գովերգում է Փաշինյանին, ինքը մտածում է, որ իր աշխատանքը Փաշինյանին պրոպագանդա անելն է, չի հասկացել, որ իրեն ամեն ամիս վճարում են, որպեսզի սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կամուրջ լինի․ նա այդպիսի հարցերով երբեք չի զբաղվում։ Այն բաները, որ ինքն ասում է կամ անում է, ավելի են հեռացնում սփյուռքահայերին Հայաստանից, ոչ թե մոտեցնում, որովհետեւ հաճախակի ելույթ է ունենում եւ ասում է՝ ես չեմ ուզում գործակցել սփյուռքի կուսակցությունների հետ, ուզում եմ գործակցել նորելուկ փոքր խմբերի հետ։ Դա իր գործը չէ, ինքը քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, կուսակցության ղեկավար չէ, որ քաղաքական հաշիվներով զբաղվի։ Իր պաշտոնն է՝ սփյուռքահայերի հետ, ով էլ նրանք լինեն, ինչ կուսակցության էլ պատկանեն՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, պարտավոր է բոլորի հետ կապ հաստատել եւ սիրաշահել։ Բայց նա հակառակն է անում՝ հեռացնում է սփյուռքահայերին Հայաստանից։ Այս օրերին էլ ինքը ոչ մի բառ չի ասել ո՛չ լիբանանահայերի, ո՛չ էլ սիրիահայերի մասին։ Ճիշտ հակառակը, կարծեմ այսօր գալու է, եթե արդեն այստեղ չէ, Լոս Անջելես եւ, կարծեմ, 10-15 օր լինելու է ԱՄՆ-ում։
- Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կոնվենցիայի անդամ երկրների նստաշրջանին ու իր խոսքում չի անդրադարձել ո՛չ Հայոց ցեղասպանությանը, ո՛չ Ադրբեջանի իրագործած ցեղասպանությանը, ո՛չ պատերազմական հանցագործություններին։ Որպես սփյուռքահայ գործիչ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
- Դժբախտաբար, չեմ զարմանում, որովհետեւ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ ոչ միայն չպայքարեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, այլեւ փորձում են ամեն ինչ անել՝ մեր թշնամիներին սիրաշահելու համար։ Շատ հստակ է, որ դա է իրենց նպատակը, եւ, հետեւաբար, հասկանալի է, թե ինչի համար Միրզոյանը երբ հանդիպում է ՄՔԴ-ի նախագահի հետ, ոչ մի հարց չի բարձրացնում, խոսում է ընդհանուր հարցերից, որովհետեւ մեր ազգային շահերը հակասում են մեր իշխանության բռնած ուղղությանը։ Դա է պատճառը, որ երբ Փաշինյանը Հ1-ով հարցազրույց էր տալիս, ասում էր, որ մենք բորբոքվում ու նեղանում ենք, երբ Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» են անվանում, ու դա համեմատում էր Արեւմտյան Հայաստան ասելով՝ թուրքերին նեղացնելու հետ։ Այս մարդն ասում է, որ Արեւմտյան Ադրբեջանն ու Արեւմտյան Հայաստանը նույն իմաստն ունեն՝ չհասկանալով, որ Արեւմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, «Արեւմտյան Ադրբեջանը» մի կեղծիք է, որ գոյություն չունի, այսինքն՝ հավասարեցնում է մեր պատմական հայրենիքը կեղծիքի հետ։ Մի կարմիր գիծ կա, որն անընդհատ հետապնդում է` նույն ապազգային, հակապետական դիրքորոշումը բոլոր հարցերում։
- Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս են վերաբերվում ԱՄՆ հայ համայնքում։
- 6 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, իր վարկանիշը սփյուռքում 80 տոկոս էր, նման էր Հայաստանի ժողովրդի չափազանց մեծ խանդավառությանը։ Բայց տարիների ընթացքին, երբ որ ինքն օդից խոստումներ էր տալիս, խաբում էր ժողովրդին, 2020 թ. պատերազմն իր պատասխանատվության տակ, պարտություն կրեցինք, Արցախը կորցրինք` շնորհիվ Փաշինյանի, հիմա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում Փաշինյանի վարկանիշը, հավանաբար, ընկել է 80 տոկոսից մինչեւ 8 տոկոս։
- Իսկ Փաշինյանի խաղաղության օրակարգին ինչպե՞ս են վերաբերվում սփյուռքում։
- Խաղաղության օրակարգն էլ մի կեղծիք է՝ Փաշինյանը գիշեր-ցերեկ խաղաղություն է աղաչում Ալիեւից եւ փորձում է ներկայացնել, որ ցանկանում է խաղաղություն հայ ժողովրդի համար, բայց իրականում իր իրական նպատակը խաղաղության համաձայնագիրը ստորագրելը չէ, որովհետեւ Ալիեւը խաղաղություն չի ցանկանում, ճիշտ հակառակը՝ պատրաստվում է հարձակվելու, գրավելու Հայաստանը, որպեսզի Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանի։ Փաշինյանի իսկական նպատակը լրիվ այլ բան է, ինքն ուզում է, որ կարողանա համոզել Ալիեւին՝ ստորագրել այդ թղթի կտորը, որպեսզի ինքն այդ թղթի կտորն օգտագործի հայ ժողովրդի առաջ՝ 2026-ի ընտրություններին, եւ ասի` տեսեք, սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոստացել էի բերել խաղաղություն, ահավասիկ, իմ խոստումը կատարել եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է։ Ինքն իր քաղաքական հաշիվների համար է անում, ոչ թե խաղաղության համար, որովհետեւ խաղաղություն երբեք չի գալու: Ալիեւը կարող է այդ թուղթը ստորագրել եւ հաջորդ օրը հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ այդ թուղթն արժեք չունի իր համար, պարզապես Փաշինյանին օգտագործում է` խաբելու համար։ Փաշինյանն էլ դա գիտի, քանի որ երբ հարցրին, որ եթե Տավուշի 4 գյուղերը հանձնենք, խաղաղություն կլինի՞, ինքն ասաց, որ կարող է 6 օր խաղաղություն լինի, բայց 7-րդ օրը հարձակվեն մեզ վրա։ Բարեբախտաբար, Ալիեւն իր հաշիվներով առաջնորդվելով՝ չի համաձայնում Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ստացվում է, որ Ալիեւի շնորհիվ Փաշինյանի նպատակները ձախողվում են։
Կարծիքներ