«Հրապարակ»․ Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել

«Հրապարակ»․  Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել

Երեւանում եւ Երեւանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով, գրված․ «Բացումը՝ շուտով»: Դեռեւս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, եւ թույլատրեց «Մեգա Թրեյդ» եւ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը: Այդ ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Գարեգին Մկրտչյանին, ով նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետերն է: Նրան է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առեւտրով։ 2021-ից Գ․ Մկրտչյանը նաեւ «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Բենզալցակայանները հիմնականում բացվում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի նախկին բենզալցակայաններում, որոնք տեւական ժամանակ անտերության էին մատնված: Մյուս՝ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ի սեփականատերերն ազգությամբ վրացիներ են` Իվանե Նակաիձեն եւ Դավիդ Յակոբաշվիլին: