Բարձրացիր եւ բարձրացրու

Բարձրացիր եւ բարձրացրու

Ցանկացած քաղաքական գործիչ եւ երկրի ղեկավար կնախանձեր Նիկոլ Փաշինյանի կենսագրությանն ու սրընթաց վերելքին․ շատ քչերին է հաջողվում փողոցից իշխանություն գրավել եւ առանց լուրջ կուսակցական աշխատանք տանելու, առանց ընտրություններում հաղթելու՝ երկրի ղեկավար դառնալ։ Ցանկացած երկրի ղեկավար կնախանձեր այն վարկանիշին, համաժողովրդական սիրուն ու հարգանքին, որ նա վայելում էր 2018 թվականին․ շատ քչերին է հաջողվում իր ժողովրդի կողմից այդքան հարգված լինելը։ Ցանկացած երկրի ձախողված ղեկավար նախանձից կկանաչեր՝ իմանալով, թե ինչպես է ժողովուրդը 2021 թվականին՝ ծանր կորուստներից ու պարտություններից հետո գնացել եւ կրկին ձայն տվել Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդ ամենը Նիկոլ Փաշինյան-ֆենոմենը եւ հայ ժողովուրդ-ֆենոմենը լուրջ ուսումնասիրության առարկա է դարձնում։

Թվում է՝ այսօր իրավիճակը փոխվել է, եւ առանձնապես Փաշինյանին «նախանձելու» պատճառներ չկան, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ցանկացած կայացած երկրի հաջողակ ղեկավար այսօր էլ կնախանձի, թե որքան մեծ լսարան եւ ինչ մեծ լսելիություն ունի ՀՀ վարչապետը։ Թե ինչպես է նրա ամեն մի արտահայտած միտքը բերնեբերան փոխանցվում՝ հասնելով ամենավերջին գյուղում ապրող հային։ Ինչպես են մարդիկ օրերով քննարկում ցուցադրաբար պոկված մի կախիչի կամ ցնցուղի մասին պատմող կադրերը, ինչպես են թեւավոր խոսք դառնում նրա արտաբերած պարզունակ նախադասությունները։

Ի՞նչ կանեին եւ ի՞նչ են անում նման լսելիություն եւ ազդեցության նման հնարավորություններ ունեցող անձինք աշխարհում՝ նրանք առաջադիմություն, բարություն, հանդուրժողականություն, միտք եւ ճաշակ են թելադրում։ Փորձում են իրենց հասարակություններն ավելի ազնիվ, ավելի լավը, ավելի աշխատասեր դարձնել։ Փորձում են բարձրացնել, այլ ոչ թե իջեցնել։