Կոսովո կամ անջատում հանուն փրկության

 Կոսովո կամ անջատում հանուն փրկության

ԱՄՆ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նյուհեմփշիրյան հայտարարությունը որոշ ոգևորության տեղիք է տվել։ Թեև, եթե անկեղծ, որևէ մեկը վստահ չէ, անգամ ամենալավատեսները, որ այն, ինչ ասել էր Թրամփը, նշանակում է, որ միջազգային հանրությունը, ինչպես Կոսովոյի պարագայում՝ Սերբիային, կպարտադրի խաղաղություն, իսկ Արցախին կտա միջազգային ճանաչում։ 

Նախ հիշենք, թե ինչ էր ասել  Թրամփը։ Ասել է․ «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայում էի, մենք Օհայում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ» ։

Բալկանյան հանգույցը, ինչպես հիշում ենք, քանդվեց Կոսովոյի անկախության հռչակմամբ՝ հայտնի «Ազատության սահմաններ» ծրագրով։ Իհարկե, Սերբիայի Սահմանադրության համաձայն՝ Կոսովոյի ինքնավար մարզը Սերբիայի Հանրապետության մաս է (ինչպես Ադրբեջանի՝ Սահմանադրությամբ՝ Արցախը), բայց ի տարբերություն Արցախի, Կոսովոյի անկախությունը մասնակի ճանաչված է։ Մի քանի տասնյակ  պետություն Կոսովոն ճանաչում է  որպես անկախ պետություն, մի մասը՝ ոչ։ Կամ  որպես Սերբիայի անքակտելի մաս։

Կոսովոյի բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են, եւ միայն Սերբիային սահմանակցող 3 հյուսիսային շրջաններում բնակչության մեծամասնությունը կազմում են սերբերը:

Ինչպես հայտնի է՝ հայկական կողմը բանակցության տարբեր տարիների փորձեր արել է՝ Արցախյան հարցը Բալկանյան հանգուցալուծմամբ տանելու կամ «անջատում հանուն փրկության» սկզբունքով ։Հիմնական դիրքորոշումն այն էր, որ համակարտությունները ծագել են նախկին ավելի մեծ վարչատարածքային միավորների փլուզման արդյունքում։

Սակայն միջազգային հանրությունից  մշտապես եկել է այն մեսիջը, որ «մոռացեք Կոսովոյի լուծման մասին, քանի որ այն աննախադեպ է», հակամարտությունները տարբեր են։
 
Բայց, նախ, հարցի նախապատմությունը

1912-1913թթ․ Բալկանյան պատերազմի արդյունքում Կոսովոյի տարածքի հիմնական մասը մտավ Սերբիայի կազմ և նույն ժամանակ կազմավորվեց Ալբանական անկախ պետությունը։ Այն, որ էթնիկ ալբանացիների մեծ մասը դուրս մնաց Ալբանիայից , տարածաշրջանում սրեց ալբանա-սլավոնական տարաձայնությունները։ Վարչատարածքային փոփոխությունները էթնիկ արտագաղթերի նոր ալիքներ առաջացրին։ Կոսովոն բնակեցվեց սերբերով, իսկ ալբանացի բնակչությունը սկսեց լքել Ալբանիայի ինքնավար մարզը։ Առաջին համաշխարհայինի տարիներին սերբական բանակի պարտության արդյունքում՝ 1915-ին Կոսովոն զավթվեց Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի կողմից։ Ալբանացիներն իրենք հանդես էին գալիս ընդդեմ սերբերի։ 1918-ի աշնանը սերբերը նորից վերցրին Կոսովոն և այն ներառվեց Սերբերի, խորվաթների ու սլովենների  Թագավորության կազմ  (1929թ․ Հարավսլավիա)։ Ալբանացի ազգայնականները պարտիզանական պատերազմ էին վարում Կոսովոն Ալբանիային միացնելու համար, իսկ սերբերն այն բնակեցնում էին չեռնոգորացի գյուղացիներով։ Երկրորդ համաշխարհայինին Կոսովոյի հիմնական մասը ներառվեց իտալական պրոտեկտորատի տակ գտնվող Ալբանական թագավորություն։ Իտալական օկուպացիայի ժամանակ ալբանացիները ամեն ինչ անում էին սերբերին մարզից տեղահանելու համար։ Սերբական տվյալներով՝ այս տարիներին սպանվել է 10-40 հազար սերբ, իսկ 70-100 հազար մարդ էլ ստիպված է եղել լքել Կոսովոն։

1968 -ին Կոսովոյի ինքնավար մարզում կրկին աշխուժացան ալբանացի ազգայնականները։  Եվ, ի վերջո,  երկրի նոր Սահմանադրությամբ՝ Կոսովոյին էլ ավելի լայն ինքնավարության կարգավիճակ տրվեց․ ալբաներենը դարձավ պաշտոնական լեզուներից մեկը։ 1981 ին սկսվեցին ալբանացի ուսանողների ցույցերը՝ Կոսովոյին Հարավսլավիայի կազմում Հանրապետության կարգավիճակ տալու պահանջով։ Սրանք վերածվեցին արյունոտ բախումների կենտրոնական իշխանությունների հետ բախման արդյունքում։ Սերբա-ալբանական հակամարտությունը լարվածության մի նոր մակարդակի հասավ․ սերբերը տեղական ինքակառավարման մարմինների կողմից ենթարկվում էին խտրական վերաբերմունքի, մարզը մշտական միջէթնիկական բախումների մեջ էր, ալբանականան ազգայնականությունը գնալով ուժգնանում էր։ Սակայն սերբ-ալբանական հակամարտությունն իր գագաթնակետին հասավ 1988-ին Սլոբոդան Միլոշեևիչի իշխանության գալուց հետո՝ Հարավսլավիայի փլուզման ֆոնին։ 1989-ին Սերբիայում անցկացված սահմանադրական հանրաքվեով (Կոսովոյի ալբանացիները հանրաքվեն բոյկոտեցին) ազգային ինքնավարությունների աստիճանն արմատապես իջեցվեց։  

Կոսովոն զրկվեց օրենսդիր մարմին, ալբաներենով հանրապետական հեռուստահեռարձակում ու ռադիոհեռարձակում ունենալու իրավունքից, սկսեցին ալբանացիները՝ պետական կառավարման մարմիններից ազատ արձակումները, դպրոցներից հանվեց ալբաներենի ուսուցումը։  Սրան հետևեցին զանգվածային գործադուլներ, միջէթնիակական բախումներ, 1990-ին Կոսովոյում մտցվեց արտակարգ դրություն։ 1991թ. սեպտեմբերի 22-ին հայտարարվեց Կոսովոյի անկախ Հանրապետության մասին, իսկ  հետագայում անցկացվեց (չարտոնված ) անկախության հանրաքվե, որին «այո» ասաց ալբանացիների 99 տոկոսը։ 1991 թ․հոկտեմբերի 22-ին Կոսովոյի Հանրապետության անկախությունը ճանաչեց Ալբանիան։Կոսովոյի ազատագրման բանակը անցավ գործի, սկսվեց պարտիզանական ահաբեկչական պայքար, որը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլեց։ Սկզբնական շրջանում ալբանացի անջատողականների դեմ պայքարում էին կենտրոնական իշխանության միլիցիայի ստորաբաժանումները, բայց 1998 -ին ներգրավվեց նաև բանակը։ Պատերազմն ուղեկցվում էր միջէթնիկական զտումներով, որին արդեն 1999-ին խառնվեց ՆԱՏՕ-ն՝ զանգվածային հրթիռակոծումների ենթարկելով հարավսլավական քաղաքներն ու ռազմական օբյեկտները։ Սերբիայի կառավարությանը պարտադրվեց երկիր մտցնել ՆԱՏՕ-ի խաղաղապահներ, իսկ Կոսովոն հանձնվեց ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարմանը։ 2004թ․ հոկտեմբերի 23-ին ժամանավոր կառավարման վերահսկողության ներքո անցկացվեցին Կոսովոյի օրենսդիր մարմնի ընտրություններ․ խորհրդարան անցած ալբանական քաղաքական ուժերը հանդես եկան մարզի անկախության օգտին։ Արդյունքում՝ նորից միջէթնիկական բախումներ, մարդկային զոհեր,  4000-ից ավելի սերբեր տեղահանվեցին, նրանց տներն այրվեցին, իսկ ուղղափառ վանքերն ու եկեղեցիները ոչնչացեցին։ Ժամանակ անց ՄԱԿ-ի լիազորությունները վերահասցեագրվեցին Կոսովոյի իշխանություններին՝ ներքին կառավարման։

Սկզբնական շրջանում միջազգային հանրությունը  հակամարտությունը փորձում էր լուծել փորձ անելով  կոնսենսուսի հասնել բոլոր քաղաքական ուժերի ու էթնիկական խմբերի միջև, ապա միայն՝ որոշել մարզի կարգավիճակը։ Այս քաղաքականությունը, սակայն, ոչ սերբերին վերադարձրեց մարզը, ոչ էլ դադարեցրեց բռնությունը։
2006 -ի հունվարի 31-ին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի , ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների արտգործախարարների մակարդակով ընդունվեց համատեղ հայտարարություն, որի համաձայն՝ 

«Կոսովոյի կարգավիճակի որոշման ժամանակ անհրաժեշտ է ամբողջությամբ նկատի ունենալ Կոսոսվյան հիմնախնդրի բնույթը, որն առաջացել է Հարավսլավիայի փլուզման արդյունքում և սրան հետևած էթնիկական զտումների ու 1999 թ իրադարձություների, ինչպես նաև դրա՝ ՄԱԿ-ի՝ միջազգային կառավարման ներքո գտնվելու հետևանքով»։ Նախարարները հանդես եկան արդեն 2006-ին պայմանավորվածության գալու անհաժեշտության մասին։ Ռուսաստանը , ինչպես Սերբիան, դեմ էր կարգավորման կոնկրետ ժամկետներ նշելուն։ Բանակցությունների համար հիմք էին ընդունվել 3 հիմնարար սկզբունք․ Կոսովոն չի կարող վերադարձվել Սերբիայի ինքավարության ներքո, չի կարող մասնատվել և չի կարող միավորվել որևէ այլ պետության։  

Սերբերի ու ալբանացիների միջև բանակցությունները սկսվեցին 2006-ի փետրվարի 20-ին Վիեննայում․ ալբանական դիրքորոշումն էր՝ Կոսովոյին ընձեռել լիիրավ ու անվերապահ անկախություն,Սերբիան ձգտում էր գոնե ձևական վերահսկողություն սահմանել Կոսովոյի նկատմամբ և պնդում էր, որպեսզի Կոսովոյի սերբերին  նրանց կոմպակտ բնակության վայրերում տրվի առողջապահության, կրթության, իրավական ու սոցիակական ծառայության ոլորտներին առնչվող հարցերում  ինքնակառավարում։Ինչպես նաև՝ անվտանգային ոլորտին վերաբերող հարցերում։ 

2008-ի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միակողմանի ընդունեց Կոսովոյի անկախությունը։Կոսովոյի սերբերը՝ մոտ 200 մարդ, որոնք դեմ էին, գրավեցին ալբանական դատարանի շենքը։ ՄԱԿ-ի խաղապահների ուժեղացված ստորաբաժանումները ձերբակալեցին  53 մարդու, իսկ մեկ տարի անց Հաագայի միջազային դատարանում սկսվեց  Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հայտարարելու հարցի  քննությունը։ 2010 թ․ ՄԱԿ -ի միջազգային դատարանը այն ճանաչեց իրավաչափ։ Այսինքն՝ Կոսովոյից Սերբիայի անկախության։ 

2011․թ Բրյուսելում Կոսովոյի պատմության մեջ առաջին անգամ ընթացան Սերբիայի հետ բանակցությունները։ Դրանցում Կոսովոյի քաղաքական կարգավիճակը չէր քննարկվում․ Բելգրադը պահանջում էր Կոսովոյում բնակվող սերբ բնակչության բնակության պայմանների բարելավում, Պրիշտինան՝ Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորում։

2013-ի ապրիլի 19-ին հակամարտող կողմերի առաջին դեմքերն ընդունեցին հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն, որը վերաբերում է ոչ թե Կոսովոյի կարգավիճակին, այլ Կոսովոյի հյուսիսի կարգավիճակին։ Այն վերաբերում էր Կոսովոյում բնակվող սերբական համայնքներին տրվելիք իրավասություններին։ Սերբերը պետք է ամբողջությամբ ներգրավվեին Կոսովոյի պետական ծառայությանը, իսկ սերբական համայնքների ոստիկանական վերահսողությունը պետք է իրականացվեր Կոսովոյի սերբերի կողմից։ 

Ավելի ուշ, ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Սերբիան ու Կոսովոն պայմանավորվեցին միմյանց  չխանգարել ԵՄ մտնելիս։ Իսկ 2016-ին Բրյուսելյան համաձայնագրից հետո Կոսովոյի՝ մասնակի ճանաչված հանրապետության կողմից անկախության ճանաչման գործընթացն արագացավ։ 

Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են սկսել խոսել Կոսովոյի նախադեպի մասին՝ <անջատում հանուն փրկության> սկզբունքի ներքո։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ժնևի քաղաքային խորհուրդի կողմից օրերս ընդւոնած ձևակերպումը՝  <Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» մեկնաբանել էր որպես ոչ այլ ինչ , եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում:

 «Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից>,-մեկնաբանել էր Տեր-Պետրոսյանը։։

«Նորավանք» հիմնադրամի կայքում տպագրված փորձագետ․ դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանի վերլուծությունում ևս  զուգահեռներ են տարվում  արցախյան ու բալկանյան հիմնահարցերի միջև։ Հովհաննիսյանը ևս կարծիք էր հայտնել, որ իրականում, Կոսովոյոի ոչ մի ունիկալություն էլ չկա հիմնականում տարբերվում են միայն հակամարտություններում ուղղակիորեն չընդգրկված ուժերի դասավորվածությունը եւ հարաբերակցությունը:

 «Սա նշանակում է, որ կոսովյան նախադեպի ազդեցությունները կախված են լինելու այդքան չսիրված եւ փնովված Realpolitik-ից: Ավելին, ըստ նրա, ԼՂՀ-ն շատ ավելի լուրջ հիմքեր ունի միջազգայնորեն ճանաչվելու, քան Կոսովոն, քանի որ վաղուց արդեն անկախ եւ կայացած պետություն է », -ասաց նա։

Արցախյան հարցի բանակցային գործընթացն ուսումնասիրության առարկա ԱԺ նախկին Նախագահ Տիգրան Թորոսյանը ևս փաստերի ու համեմատությունների  հանգամանալից շարադրումից հետո արձագրել է Կոսովոն ցույց տվեց, որ իր կարգավիճակի վերաբերյալ մետրոպոլիայի և ինքնորոշվող տարածքի անհամատեղելի պատկերացումների պարագայում բանակցությունների շարունակումն աննպատակ է, և լուծումը պետք է ձևակերպվի միջազգային իրավունքի շրջանակներում։ 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը առավել հակիրճ է․ միակ տարբերությունը այն է, որ Կոսովոն մասնակի ճանաչված է, Արցախը՝ ոչ։

Հ․Գ ․ «Հրապարակի» հետ զրույցում Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեկնաբանեց․ Դոնալդ Թրամփի կողմից Կոսովոյի հիշատակումը հնարք է, որին նրա վարչակազմը հաճախ է դիմում։ Եթե ոչ, ասաց՝ ի՜նչ խնդիր կա, եթե ամերիկացիները խոսում են այդ մասին, ապա համանախագահ երկրներից Ֆրանսիան կպաշտպանեն, իսկ Մոսկվան երևի թե կտատանվի։ «Հարցին էլ, թե կա նմանություններ, տարբերություններ, ասեմ՝ հարցը նմանությունները չեն, այլ միջազգային իրավունքի տարբեր մոտեցումներ։  Ձեր ասածը՝ եվրոպական իրավունքի ձևաչափում է գործում»,-ասաց նա։

Անուշ Դաշտենց