Պապիկյանի ազգականը`փոխքաղաքապետի թեկնածու

Պապիկյանի ազգականը`փոխքաղաքապետի թեկնածու

Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ միավորներ հավաքած 5 քաղաքական ուժերի ավագանու նորընտիր 33 անդամներն արդեն վերցրել են իրենց մանդատները։ ՏԻՄ ընտրություններում, հիշեցնենք, ամենաշատ ձայները հավաքել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 14 մանդատ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 11 մանդատ, 3-րդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժից՝ «Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցությունից», մանդատ ստացել է չորս հոգի։ Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին բաժին է հասել 2-ական մանդատ։

Նոյեմբերի 1-ին նորընտիր ավագանու առաջին նիստն է։ Ո՞վ է դառնալու Գյումրու քաղաքապետը՝ ինտրիգը դեռ պահպանվում է։ Շիրակի գործող մարզպետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ավագանու մանդատից հրաժարվեց, ինչը նշանակում է, որ նա այլեւս քաղաքապետի թեկնածու չէ։ Քաղաքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ «Բալասանյան դաշինքը» կտրուկ է մերժել իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու եւ քաղաքապետի աթոռը նրանց զիջելու առաջարկը։ Չնայած վերջին օրերին Սամվել Բալասանյանի թիմակիցների եւ մտերիմների նկատմամբ բազմաթիվ ճնշումներին, ԱԱԾ ձերբակալություններին, նախկին քաղաքապետի դաշինքը չի պատրաստվում նահանջել, առաջ են տանելու իրենց նախապայմանը։

«Մեր թիմի առաջին համարը լինելու է համայնքի ղեկավար, մնացածը քննարկումների արդյունքում պարզ կլինի»,- ասաց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչ Արման Շաբոյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կսկսեն թիմից դուրս՝ այլ թիմերի հետ քննարկումներ անցկացնել։ Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքի» քաղաքապետի թեկնածուն համայնքապետարանի կոմունալ բաժնի պետն է՝ Վարդգես Սամսոնյանը, որին գյումրեցիները ճանաչում են որպես կիրթ եւ համեստ երիտասարդի։
«Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցությունը» դեռ օրեր առաջ էր պատրաստակամություն հայտնել «Բալասանյան դաշինքի» հետ բանակցության գործընթաց սկսելու։

Կուսակցության առաջին համարից` Վարդեւան Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ բանակցություններ սկսվե՞լ են, թե՞ ոչ։ «Այս պահին որեւէ բանակցային գործընթաց չկա»,- պատասխանեց նա։ Հանրապետական կուսակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն էլ վստահեցրեց․ «Ներթիմային քննարկումներն ավարտվել են, այսօր կամ վաղը կսկսենք բանակցությունները մյուս ուժերի հետ։ Նախապես ասել ենք՝ ՔՊ-ի հետ բացառվում է որեւէ համագործակցություն, պահպանելու ենք մեր խիստ ընդդիմադիր կեցվածքը, մյուսների հետ՝ տեսնենք»։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու ՀՀԿ-ի առաջին համարը ներկայացնող Արտյոմ Ղուկասյանը` Վարդան Ղուկասյանի եղբայրը, ինքնաբացարկ ներկայացրեց։ «Թիմային որոշման արդյունք էր, նա մնալու է կուսակցության մարզային կառույցի համակարգող, միշտ լինելու է մեր թիկունքին։ Համամասնությունը պահելով՝ որոշեցինք մանդատները վերցնել ես եւ մեր կին ներկայացուցիչներից մեկը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը` ի սկզբանե հայտարարել է, որ որեւէ ուժի հետ միավորվել չի պատրաստվում: Ուշագրավ է, որ, ըստ լուրերի, քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար եւս բուռն քննարկումներ են ընթանում իշխող կուսակցության ներսում։ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Արման Բաղդասարյանի անունն է շրջանառվում, սակայն, մեզ հասած տեղեկություններով, որպես քաղաքապետի առաջին տեղակալ՝ կշարունակի պաշտոնավարել ներկայիս փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը։

«Բալասանյան դաշինքի» հիմնադիր եւ ֆինանսավորող, նախկին քաղաքապետի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանն է որոշումը կայացրել։ Իրականում քաղաքային իշխանությունը ստվերային ղեկավարելու է հենց նա։ Ամեն դեպքում, մի շարք առանցքային պաշտոններ բաժին կհասնեն ՔՊ-ին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ երկրորդ փոխքաղաքապետ նշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ազգականը՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Պապիկյանը։