«Հրապարակ». Եղիշե Կիրակոսյանը երկարացրել է արձակուրդը, որն ավարտվել է օգոստոսի 6-ին

«Հրապարակ». Եղիշե Կիրակոսյանը երկարացրել է արձակուրդը, որն ավարտվել է օգոստոսի 6-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2024 թվականի մայիսի 21-ից գնաց արձակուրդ։ Այն ավարտվելու էր օգոստոսի 6–ին։ Սա, ինչպես պարզեցինք, երկարատև՝ մոտ երեք ամսվա արձակուրդ էր, տարբեր տարիների չօգտագործած արձակուրդային օրերը ներառող։ Այդ օրերին լուրեր տարածվեցին, որ իրականում Եղիշե Կիրակոսյանը մեծ դժգոհություններ ունի վարվող քաղաքականությունից եւ որոշել է հրաժարական տալ ու այլևս հետ չի գալու աշխատանքի։ 

Արդյոք նա վերադարձե՞լ է արձակուրդից, «Հրապարակի» հարցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Կիրակոսյանը դեռևս արձակուրդում է»։ Բայց արձակուրդը պետք է ավարտվեր օգոստոսի 6–ին, ինչո՞ւ դեռ չի գալիս գործի։ Այս լրացուցիչ հարցին ի պատասխան գրասենյակի աշխատակիցն ասաց, որ Եղիշե Կիրակոսյանը երկարացրել է արձակուրդը։ Այլ հարցերի պատասխանել չցանկացավ։ 
Կարծես, հաստատվում են ավելի վաղ դիվանագիտական շրջանակներից սպրդած լուրերը, թե Կիրակոսյանը հատկապես դժգոհ է ու զայրացրել է ՀՀ կառավարության այն որոշումից, որ պատրաստակամություն են հայտնել կատարելու Ադրբեջանի նախագահի հերթական պահանջը և հրաժարվելու միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացված բոլոր հայցերից: 

Ըստ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքի, վերջինս նույնիսկ պնդել էր, որ հետ չի կանչելու իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ։ Չի բացառվում, որ շուտով այս լուրերը հաստատվեն։ 

Հիշեցնենք, փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել էր, որ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են և ընդգծել էր այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը: Կառավարությունից հերքում էին, ասելով, որ ներկայացված հայցերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չկա։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ պահանջը ներառված է Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում։ Այդ մասին խոսեց նաեւ Ադրբեջանի նախագահը Շուշիում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: