Հասարակություն

«Հրապարակ». Մենք լավ ժողովուրդ չենք` տգետ, տխմար ենք, սա էլ արանքից շահում է

«Հրապարակ». Մենք լավ ժողովուրդ չենք` տգետ, տխմար ենք, սա էլ արանքից շահում է

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այցելել էր Լոռու մարզ, մարզպետարանում խորհրդակցություն անցկացրել, շրջել Վանաձորում, հանդիպել լոռեցիներին, ծանոթացել մարզի խնդիրներին, եղել մի քանի համայնքներում: Փաշինյանի այցի ժամանակ բեմականացում հիշեցնող մի կադր հանրության աչքին զարնեց: Տարեց մի կին մոտենում է Նիկոլ Փաշինյանին, ողջագուրվում, ապա շնորհակալություն հայտնում թոշակի բարձրացման համար՝ բացականչելով, որ Փաշինյանը երեք անգամ բարձրացրել է թոշակները, այնինչ իրականում թոշակները բարձրացել են ընդամենը 3 հազար դրամով: Եվ, առհասարակ, Հայաստանի մարզերից ամենաաղքատ մարզում` Լոռիում, նման ոգեւորված ընդունելությունը, որքան էլ որ նախապես զտել-ընտրել էին վարչապետին մոտեցողներին, առնվազն տարօրինակ է:

Արձակագիր Լեւոն Ջավախյանը, ով ծնունդով լոռեցի է` Շնող գյուղից, «Հրապարակի» հետ զրույցում պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին միայն տգետ եւ տխմար մարդիկ են թիկունք կանգնում, եւ հենց նման մարդկանց պատճառով է, որ Հայաստանը հայտնվել է նման աղետի մեջ: Ջավախյանը նշում է, որ ինքը հայ ժողովրդից շատ հիասթափված է, քանի որ այն, ինչ այսօր մեզանում կատարվում է, մեծ հաշվով, հասարակության ցածր ինտելեկտի պատճառով է։ «Տգետ, տխմար մարդիկ են դրան պահում, մեջքին կանգնում: Մի անգամ մեր գյուղապետը թինկն էր տվել մի գյուղացու վրա ու մեկ էլ ասաց` այ տղա, դո՞ւ էլ ես մարդ, ձեռս վրայիցդ քաշեմ, քամին կտանի: Հիմա սրանցն է: Նման մարդիկ քամու ռեխն ընկած արարածներ են: Ոչ միայն Փաշինյանով հիացած լոռեցիները, այլեւ ժողովրդի էն մասը, որը սրան պահում է»,- նշում է գրողը: Նա ասում է` ով չգիտի, որ Հայաստանում թոշակները բարձրացել են ընդամենը 1000-2000 դրամով։ «1000-2000 դրամով որ բարձրացավ թոշակը, դրանց թվում է՝ երեք անգա՞մ է բարձրացել: Ես՝ ինքս, թոշակառու եմ, որ թոշակով ապրելը հնարավոր լիներ, Վերնիսաժում ի՞նչ գործ ունեի: Որեւէ թոշակառու չի կարող առանց կողմնակի եկամտի ապրել: Նույնիսկ այդ թոշակը կոմունալ ծախսերին չի բավականացնում: Ես եթե իմանայի, որ հայն էս օրին է հասնելու, երեւի չծնվեի: Հայ լինելը շատ տխուր է: Մենք լավ ժողովուրդ չենք` տգետ, տխմար, սա էլ արանքից շահում է: Կնկան վերցրած՝ պադոշի պես էս գեղից էն գեղն է գնում` ինչքան էլ երեսին թքեն…. Ուզում է ժողովրդին պարտադրել իրեն, բայց, միեւնույն է` պատմությունն իր մասին լավ բաներ չի գրելու»,- նշում է Ջավախյանը:

Հարցին, թե մարդիկ իսկապես անկեղծորեն սիրո՞ւմ են Փաշինյանին, թե՞ նման սիրառատ հանդիպումները բեմականացված են, մեր զրուցակիցը նշեց. «Շատերն անկեղծորեն են խոսում, որովհետեւ, վերջիվերջո, ցածր խավի մարդիկ իրենց մակարդակի մարդ են գտել, մարդ, որն իրենցից ոչնչով չի տարբերվում: Սերն աթարին էլ է կպչում: Հիմա այս աթարին կան մարդիկ, որոնք սիրում են, ի՞նչ կարող ենք անել: Նմանը նմանին է գտնում»:

Իսկ մտավորականության այն շերտը, որը համակրում է օրվա իշխանությանը, արդյո՞ք չի գիտակցում, թե իրականում ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ինչպես է իշխանության եկել եւ ինչի համար։ «Մտավորականության մեծամասնությունը սրան դեմ է: Մի չնչին մաս կա, որ սրան համակրում է` Նիկոլայ Ծատուրյան, Հենրիկ Հովհաննիսյան, Հակոբ Մովսես, Ռուբեն Բաբայան, ջահելներից էլ` Հասմիկ Հակոբյան, Արփի Ոսկանյան, եւ այսպես մի քանի հոգի: Դրանք, ամեն դեպքում, մեծամասնություն չեն: Ի դեպ ասեմ` ես չեմ կարծում, թե թվարկածս մարդիկ էնքան անխելք են, որ չեն հասկանում, թե ինչ է անում սա, պարզապես շահեր կան, հայրենիքն առաջին տեղում չէ սրանց համար: Ամեն մեկը մի բան է պլոկում սրանից, դրա համար էլ համակրում են: Շողոքորթություն է ուղղակի: Ես չեմ հավատում, որ կարող են նրանք իշխանությանը համակրել, ի դեպ, դա շատ ավելի վատ է: Եթե միամտաբար հավատան, դա էլի մի տեղ կարող ենք հասկանալ, բայց որ իրենք լավ էլ գիտեն, թե սա ինչ է անում, ու շարունակում են համակրել, սարսափելի է: Կան հայտնի մարդիկ, որոնց հերոս ենք ասում, բայց դրանք էլ, առերեսվելով իրենց շահի հետ, ամեն ինչ մոռանում են, ու հասկանում ենք, որ նման մարդկանց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, այլ անձնական շահը, օրինակ՝ Սամվել Բաբայանը….»,- եզրափակեց Լեւոն Ջավախյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image