Կարթնանա՞ թասիբը

Կարթնանա՞ թասիբը

Մենք էմոցիոնալ ազգ ենք, երբեմն շատ տարօրինակ ենք արձագանքում. թվում է` կարեւոր հարցերում անտարբեր ենք, իսկ մի երկրորդական խնդիրը կարող է փոթորիկ առաջացնել, կրքեր բորբոքել: Իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, որ դեմոկրատական երկրների անկյունաքարային սկզբունքներից է, մեզանում վաղուց չի գործում` գործադիրն ու օրենսդիրը սերտաճել են, դատական իշխանությունը գրեթե միշտ ենթարկվել է գործադիրին:

Եվ դա արել են իրենք` գործադիրի ղեկավարները, անթաքույց եւ ցինիկորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը: Օրենսդիր եւ դատական իշխանությունները երբեմն թույլ փորձեր են ձեռնարկել` գործադիրի դիկտատից ազատվելու համար, սակայն փող տվողը, պաշտոնի նշանակողը, երկրում որոշումներ կայացնողը միշտ եղել են նախագահները, վարչապետը եւ կառավարությունը, ուստի տարանջատվել չի հաջողվել: Առավել եւս չէին կարող հաջողել ՔՊ-ական իշխանության օրենսդիրն ու դատական համակարգը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2018-ին ինքը հրաշք է գործել` փրկել է բոլորին բռնապետից, եւ այսօր երկրում ապրող, աշխատող, պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք միանշանակ իր ենթականերն են` պետք է հպատակվեն իրեն:

Բայց յուրաքանչյուր ենթակայի համբերության բաժակը կարող է մի օր լցվել, եւ նա կարող է ընդվզել այս դրվածքի դեմ: Իսկ դրա համար ոչ թե աշխարհացունց իրադարձություններ են հարկավոր, այլ փոքրիկ առիթներ, մի «կայծ, որից կարող է հրդեհ բռնկվել»: Ասենք, նման կայծի դեր կարող է կատարել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը: Կարող է հանկարծ կոճակ սեղմող ՔՊ-ականների մեջ արթնանալ թասիբը, եւ նրանք զգան, որ իրենք են այս երկրում թիվ մեկ քաղաքական մարմինը, իսկ այդ մարմնի նախագահի նկատմամբ նման անօրինական վերաբերմունքը նաեւ իրենց է նվաստացնում: