Ադրբեջանը սահմանին զորավարժություն է անցկացնում՝ տանկերի և օդուժի ներգրավմամբ

Ադրբեջանը սահմանին զորավարժություն է անցկացնում՝ տանկերի և օդուժի ներգրավմամբ

Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ», Facebook-ի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

«Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։ Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` երկուական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ)։

Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն)։

Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով», - գրել է Ղուլյանը: 

Տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել Պաշտպանության բանակի հրամանատարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից։ Մեզ հետ զրույցում Հասրաթյանն ասաց․

«Ադրբեջանական կողմը, ինչպես մենք, պարբերաբար նախապատրաստության շրջանակներում կազմակերպում են ուսումնամարզական պարապմունքներ , ես այդքանը կարող եմ ասել»։

Բայց «Սմերչ» օգտագործվե՞լ է իրենց կողմից՝ հարցրինք․ «Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց Հասրաթյանը։