ՊԵԿ նախագահը հրաժարակա՞ն է տվել
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել: ՊԵԿ-ից մեր զանգերին չպատասխանեցին, որ պաշտոնապես հաստատեին տեղեկությունը, բայց մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ:
Մասնավորապես, մեզ ասացին, որ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ: Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից:
Նիստից հետո նա գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է:
Մեզ ասացին` դիմումն արդեն գրել ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրան նաև փորձել են մխիթարել, որ շատ ծանր թող չտանի` առանց պաշտոնի չի մնալու:
ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ ասաց, որ ինքը տեղեկություն չունի, և այս պահին ՊԵԿ նախագահն իր աշխատասենյակում աշխատում է: «Եթե նման պաշտոնական տեղեկություն լինի, պատշաճ կարգով և ժամանակին կտեղադրվի մեր կայքէջում»,- ասաց խոսնակը:
Նշենք, որ նիստից հետո Էդվարդ Հովհաննիսյանը, որ մշտապես իջնում էր գլխավոր մուտքով ու շփվում լրագրողների հետ, այս անգամ թեպետ նրան ներս մտնելիս տեսանք, բայց դուրս գալիս չտեսանք: Կառավարության նիստի մասնակիցները վաղուց դուրս էին եկել, բայց ինքը դեռ երկար ժամանակ դուրս չէր գալիս: Ասացին` վարչապետի հետ հանդիպում ունի, դրա համար է մնացել:
Շատերի համար այս պաշտոնաթողությունը տարօրինակ կլինի, քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հավատարիմ ծառայել է Նիկոլ Փաշինյանին և անգամ նախընտրական փուլում քարոզարշավին ու ձայներ բերելուն է ակտիվ մասնակցել:
Կարծիքներ