«Հրապարակ». «Արմենիա» TV-ում ապրիլի 1-ից կրճատումներ կլինեն․ Արտակ Ալեքսանյանը հեռանում է

«Հրապարակ». «Արմենիա» TV-ում ապրիլի 1-ից կրճատումներ կլինեն․ Արտակ Ալեքսանյանը հեռանում է

Մենք տեղեկացանք, որ «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնում ապրիլի 1-ից կտրուկ փոփոխություններ են լինելու, իսկ ավելի կոնկրետ՝ կրճատումներ:

Հեռուստաընկերությունից հեռանում են նաեւ «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը եւ նրա թիմի մի մասը: Ծրագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է խմբագրի պաշտոնից հեռանում, սակայն մնում է «Արմենիա» TV-ում որպես օմբուդսմեն:

«Լրատվականից հեռանում է մոտ 6 լրագրող»,- ասաց նա։ Թե ովքեր են նրանք, խմբագիրը չի նշում, ասում է՝ բոլոր լրագրողներն էլ լավն են, խելացի ու հմուտ, սակայն կրճատումները, հավանաբար, կապված են ֆինանսական խնդիրների հետ: «Ամբողջ կազմը չի փոխվում, հեռանում է մի քանի լրագրող, նաեւ՝ ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Ես զբաղեցնելու եմ հեռուստաընկերության օմբուդսմենի պաշտոնը»,- ասաց Գնել Նալբանդյանը:

Մենք տեղեկություն ունեինք, որ «Արմենիա» TV-ի «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնը վստահվելու է հեռուստալրագրող Վահե Ղազարյանին, ով երկար տարիներ աշխատում է նույն հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում՝ որպես հաղորդավար: Գնել Նալբանդյանը նշեց, որ դեռեւս այդ մասով ոչինչ հստակ չէ, սակայն ինքը եւս լսել է այդ խոսակցությունները․ «Ապրիլի 1-ին ամեն ինչ ավելի հստակ կլինի, ես եւս լսել եմ այդ խոսակցությունները, սակայն այս պահի դրությամբ հստակ որոշում չկա»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու են հեռուստաընկերությունում կրճատումներ արվում, ինչն է պատճառը։ «Կրճատումները հիմնականում պայմանավորված են լինում երկու հանգամանքով` ֆինանսներ եւ օպտիմալացում, գուցե ծախսերը կրճատելու նպատակ կա: Սովորաբար այդպես է լինում, ես ֆինանսների հետ երբեք կապ չեմ ունեցել, հստակ ասել չեմ կարող, սակայն ենթադրում եմ, որ բոլոր TV-ներն էլ ծախսերն օպտիմալացնել ցանկանում են: Արտակ Ալեքսանյանը Newmag հրատարակչության հիմնադիր տնօրենն է, զբաղվելու է այդ գործով: Ես էլ լինելու եմ հեռուստաընկերության օմբուդսմենը, զբաղվելու եմ տեսալսողական մեդիայի այն նոր օրենքով, որը հեռուստաընկերություններին պարտադրում է ունենալ ներքին ինքնակարգավորման մեխանիզմ: Այսինքն` եթե որեւէ անհատ համարում է, որ հեռուստաընկերությունում` լրատվության մեջ, կամ հաղորդումներում վիրավորել են ինչ-որ մեկին կամ էթիկայի նորմերից դուրս հայտարարություններ են արել, կարող է դիմել հեռուստաընկերության օմբուդսմենին, օմբուդսմենն էլ իր հերթին քննելու է խնդիրը, եթե դիմումատուի պահանջները համարվեն արդարացի, լրատվականին կամ տվյալ հաղորդաշարին պարտադրվելու է կա՛մ հերքել, կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ էլ տալ պատասխան խոսքի հնարավորություն: Այսինքն` օմբուդսմենը ոչ թե հեռուստաընկերության շահերն է պաշտպանելու, այլ` սպառողի, տուժող կողմի»,- նշեց նա:

Հարցին, թե կրճատումներից հետո ովքեր են համալրելու «Ժամը» լրատվականի շարքերը, եւ, վերջապես՝ ո՞վ է լինելու ծրագրի գլխավոր խմբագիրը, մեր զրուցակիցն ասաց, որ այդ մանրամասներին չի տիրապետում. «Հավանաբար, ապրիլի 1-ից նոր փոփոխություններ կլինեն»: Այն հարցին էլ, թե լրատվական բաժնից բացի էլ որ բաժիններում են եղել կրճատումներ, Գնել Նալբանդյանն ասաց. «Այլ բաժիններում եւս եղել են կրճատումներ: Օրինակ` սերիալային արտադրություններում եւս կրճատումներ եղել են, սակայն քովիդի շրջանում: Կորոնավիրուսի տարածման շրջանում շատերը սկսեցին չգալ աշխատանքի, շատերն էլ կրճատվեցին: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ՀԸ-ում երկու ծրագիր է ամենօրյա ռեժիմով աշխատում` առավոտյան ծրագիրը եւ «Ժամը» լրատվականը: Ուրիշ այլ ծրագիր` ամենօրյա ռեժիմով, այս պահին չկա»:

Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀԸ սեփականատերը՝ Արթուր Ջանիբեկյանը, վաղուցվանից էր ծրագրում վաճառել TV-ն եւ գնորդ էր փնտրում, անգամ տեւական ժամանակ բանակցություններ է վարել Ռուբեն Վարդանյանի հետ, սակայն կարծես թե գնի հարցում համաձայնության չեն եկել, եւ «Արմենիան» չի վաճառվել։ Պատճառը, ըստ մեր աղբյուրի, այն է, որ TV-ն մեծ վարկային պարտավորություններ ունի եւ անգամ այս պահին արգելանքի տակ է, եւ վաճառքն էլ հնարավոր չէ։ Ուստի որոշել են գնալ խնայողությունների ճանապարհով։

Ինչ վերաբերում է Արտակ Ալեքսանյանին, ով 2015 թվականից ղեկավարել է «Արմենիա» ՀԸ «Ժամը» լրատվականը, նա լրատվական դեպարտամենտը ղեկավարելուն զուգահեռ իրականացնում էր նաեւ առանձին նախագծեր եւ վերջին 5 տարին ղեկավարում է «Նյումեգ» գրահրատարակչությունը, որը դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։ Նա մեզ բացատրեց․ «Այժմ գրահրատարակչական աշխատանքը պահանջում է ավելի շատ ժամանակ եւ ռեսուրսներ։ Որոշել եմ կենտրոնանալ հրատարակչական գործի վրա եւ ամբողջ ժամանակը տրամադրել գրքերին՝ հայ ընթերցողին ներկայացնելով ավելի շատ հայկական եւ համաշխարհային բեսթսելլերներ»։