Հաճելին` օգտակարի հետ

Հաճելին` օգտակարի հետ

Երկիրը կառավարողների խումբը շաբաթ-կիրակին անցկացրել  է Դիլիջանում: Երեւի շատ հոգնած էին, արտերկրյա գործուղումները նվազել են, օրերը` տաքացել, սիրտները բնության գրկում հանգիստ է ուզել: Բայց ՔՊ-ականներն իրենց նման չէին լինի, եթե հաճելին օգտակարի հետ չզուգակցեին` միանգամից երկու կոնֆերանս, հանրության ուղեղների լվացում եւ հանգիստ` բնության գրկում: Ընդ որում, ամպագոռգոռ անուններով` «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա եւ ֆինանսներ» խորագրով կոնֆերանս, որը սովորական չէր, այլ «բարձր մակարդակի» էր, ինչպես նշում են կառավարության հաղորդագրության մեջ: Երկրորդը, ոչ ավել, ոչ պակաս՝ «ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստ»:

Երկու նիստում էլ վարչապետ Փաշինյանը ելույթներ է ունեցել, նշել, որ աննախադեպ հաջողություններ ենք գրանցել տնտեսական բնագավառում` 12,6 տոկոսի տնտեսական աճ, որն ինչ-որ միջազգային կազմակերպությունների հրապարակումներում ճանաչվել է «4-րդն աշխարհում», «2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների աճ ավելի քան 2 մլրդ դոլարով», «2022  թ. դեկտեմբերին գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշ` 704 հազար աշխատատեղ», այնպես, որ 2022-ի արդյունքներով` «ունենք 13 տոկոս գործազրկություն»: Դահլիճում հավաքվածները` պետական պաշտոնյաներ, իշխանություններին կցված գործարարներ ու տնտեսագետներ, իհարկե, չեն առարկել, թե «եթե անգամ այդպես է, դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ»` աշխարհաքաղաքական պրոցեսներին, ռուս-ուկրաինական առճակատմանը «շնորհակալ» եղեք, որ տնտեսության եւ բյուջեի աճ եք ունեցել: Իսկ այնտեղ, որտեղ ձեր մատը դիպել է այս 5 տարում, չորացել է ամեն ինչ: Տնտեսական աճի ոչ մի տոկոսը ձեր աշխատանքով չէ պայմանավորված: