Հարցազրույց

«Հրապարակ». 2008-ին ասում էր` 2 շրջան հանձնեք, սահմանը կբացենք, Արցախն էլ հանձնվեց` չեն բացում

«Հրապարակ». 2008-ին ասում էր` 2 շրջան հանձնեք, սահմանը կբացենք, Արցախն էլ հանձնվեց` չեն բացում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

- Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին Ազգային ժողովում մի շարք հայտարարություններ արեց, որոնք լայն քննարկումների առիթ են հանդիսացել: Միրզոյանը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հետ կարողացել ենք հասնել փոխըմբռնման, եւ Թուրքիան մեզ որեւէ պահանջ, որեւէ նախապայման չի առաջադրում: Սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հազար ու մի պահանջ է դնում` Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց մինչեւ Արարատ սարը հեռացնել որպես սիմվոլ եւ Հայաստանի Սահմանադրությունը փոխել ու մինչ օրս էլ սահմանը չի բացել:

- Այս մարդկանց ասածները վաղուց ոչ մեկին արդեն չեն զարմացնում, այստեղ ոչ մի անհասկանալի հարց ինձ համար չկա, նրանց ելույթներն ու տեսակետները ոչ մի աղերս չունեն հայկական շահի ու հայաստանյան իրականության հետ: Այս մարդկանց հայտարարություններն ընդունելի են միայն Էրդողանի համար: Այս իմաստով` մեկնաբանելու էլ ոչինչ չկա: Ամեն ինչ շատ հստակ է: Ինչ վերաբերում է Սահմանադրությանն ու խաղաղության օրակարգին, ապա պետք է մի բան հիշեցնել այս մարդկանց: 2008 թվականին նույն Թուրքիան հայտարարում էր, որ եթե հայկական կողմը միայն երկու տարածք հանձնի Ադրբեջանին, սահմանը մեզ համար կբացվի: Հիմա ոչ միայն երկու տարածք, այլեւ ողջ Արցախի Հանրապետությունն է հանձնված, հիմա էլ արդեն Հայաստանից են տարածքներ հանձնում, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մեկը սահմանը չի բացում, ոչ մեկը խաղաղության չի գնում: Ու իմ կարծիքով` խաղաղության օրակարգ ասվածը բացառապես Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելն ու Ալիեւի ցանկությունները բավարարելն է: Այսինքն` անվերջ Հայաստանը պետք է զիջումների գնա: Հայաստանի Հանրապետությունը որեւէ աջակցություն չստանալով գերտերություններից, գնում է զիջումների:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Բագրատ սրբազանին կհաջողվի՞ հասնել իշխանափոխության ու կանխել այս պրոցեսները:

- Բագրատ սրբազանի շարժման բովանդակությունը հասկանալի է, սակայն մեթոդին հասնելու համար խնդիրներ կան: Նիկոլ Փաշինյանի ծրագրերն անհեռանկար են, որ Ադրբեջանը ոչ մի կերպ կանգ չի առնելու, չկա անգամ հայ-ադրբեջանական բալանսի պահպանման հարց, սա միանշանակ է, սակայն դրա համար պետք է երրորդ կողմ, որպեսզի կանխի ուժեղ կողմին, որ հակառակ կողմին, տվյալ պարագայում՝ մեզ, մինչեւ վերջ չճնշեն: 1994-ին հայկական կողմը հաղթեց Ադրբեջանին, ռուսական կողմը որպես միջնորդ հանդիսացավ, ու պատերազմն արդյունքում դադարեց: Փլուզված Ադրբեջանին հայկական կողմն այն ժամանակ կարող էր ջախջախել, ավելի առաջ գնալ, սակայն առկա էր միջնորդի ֆունկցիան: Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի հրաժարվել է միջնորդի առաքելությունից, ստացվել է այնպես, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր չկա որեւէ միջնորդ: Ադրբեջանը հանդես է գալիս ուժեղ դիրքերից ու անընդհատ նոր դիրքեր է պահանջելու, իսկ թե երբ հայ հանրությունը կհասկանա, որ տվյալ պետության հետ անհնար է ընդհանուր հայտարարի գալը, բարդ է ասել:

- Բայց 2020 թվականի եռակողմ համաձայնագիրը ռուսական կողմի միջնորդությամբ էր, սակայն ռուսներն այդպես էլ իրենց առաքելությունը չկատարեցին` առնվազն պայմանագրում նշված հինգ տարում:

- Եռակողմ համաձայնագիրը ռուսական կողմից միջնորդությամբ էր, որի արդյունքում փրկվեց Արցախի մի փոքր մասը, սակայն դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ռուսական միջնորդությունից՝ խնդիրը տեղափոխելով արեւմտյան հարթակ:  Արեւմուտքում նման խնդիրներ կարգավորող միջնորդ գոյություն չունի, Արեւմուտքն այս տարածաշրջանում չունի լուրջ շահեր, միակ խնդիրը Ռուսաստանին հակադրվելն է: Արեւմուտքը չի կարող որեւէ լուրջ ազդեցություն թողնել Ադրբեջանի վրա, իսկ Ադրբեջանը, տեսնելով այդ ամենը, կարելի է ասել, փորձում է մաքսիմալ իրավիճակն իր օգտին օգտագործել:

- Ինչո՞ւ Արեւմուտքն Ադրբեջանի վրա չունի ազդեցություն:

- Օրինակ` Արեւմուտքը կարո՞ղ է այնպես անել, որ թուրքական զորքերը Կիպրոսից դուրս գան: Սա տարրական հարց է, որ եթե անգամ Արեւմուտքը Թուրքիայի որոշումներում չունի ազդեցություն այսօր: Ի դեպ, Կիպրոսում կա անգլիական բազա, սակայն դա էլ չի փոխում իրավիճակը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image