«Հրապարակ». Այսօր, իրականում, տնտեսությունում արդեն աղետալի վիճակ է

«Հրապարակ». Այսօր, իրականում, տնտեսությունում արդեն աղետալի վիճակ է

2025 թվականի բյուջեն ռիսկային է, դա պարզ էր դեռեւս բյուջետային քննարկումների առաջին օրը, երբ վարչապետը ՀՀ քաղաքացիների համար երկար խոհափիլիսոփայական ելույթ ունեցավ, որ նրանք պետք է գիտակցեն, թե ինչ կարեւոր է հարկ վճարելը, ու պետք է հասկանան, որ պետական բյուջեն իրենց ընտանեկան բյուջեն է։ Իսկ ՀՀ քաղաքացին իր փորձով արդեն համոզվել է՝ եթե Փաշինյանը փիլիսոփայում է, ուրեմն վատ լուր ունի հայտնելու։ Վատ լուրն էլ թվային տեսք ուներ՝ այս տարի բյուջեի ահռելի թերակատարում ենք ունենալու` ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսերի առումով։ Եկամուտների թերակատարումը կազմելու է 4.8%։

Հիշեցնենք․ 2025 թվականի նախագծի համաձայն՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5 տոկոս, տնտեսական աճը` 5.6, միջին գնաճը` 3.5 տոկոս։ Եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873 մլրդ դրամ, որոնցից հարկային եկամուտները` 2 տրլն 760 մլրդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ:
Բյուջետային ուղերձում նշված է, որ այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեի եկամուտների (եւ, մասնավորապես, հարկային եկամուտների) աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե եռակի դանդաղել է։ Նախորդ տարվա համեմատ դանդաղել է նաեւ հարկային եկամուտների աճը։ 9 ամսում բյուջեի եկամուտների մասով 150 մլրդ դրամի պակասուրդ է ձեւավորվել։

Ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծության՝ պետական բյուջեի ծախսերը, տարվա առաջին 9 ամիսների տվյալներով, պլանի համեմատ թերակատարվել են 224.7 մլրդ դրամով կամ 10.4%-ով։ Ընդ որում, ընթացիկ ծախսերը թերակատարվել են 158.2 մլրդ դրամով կամ 8.8%-ով, իսկ կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը)՝ 66.4 մլրդ դրամով կամ 18.0%-ով։ Արդյո՞ք նման թերակատարումների պարագայում իրատեսական է եկամուտների ու ՀՆԱ կանխատեսված աճը։

«Լույս» հիմնադրամի համակարգող խորհրդի անդամ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հիշեցնում է՝ դեռ մեկ տարի առաջ զգուշացրել է 2024-ին ծրագրված եկամուտների վերաբերյալ, որ չեն կարողանալու այդքան հավաքել, եւ կյանքն էլ դա ցույց է տալիս։ «9 ամսում շուրջ 150 միլիարդի թերակատարում կա։ Տարվա վերջում, ես կարծում եմ, մինիմում 160 մլրդ-ի թերակատարում կլինի, կարծում եմ՝ նույնիսկ ավելի շատ։ Իրենք ունեն գերագնահատված բյուջե, թե տարին ինչքանով են ամփոփելու։ Մոտ 2 տրիլիոն 456 մլրդ են իրենք գնահատել, իսկ հաստատել էին մոտ 2 տրիլիոն 614 միլիարդ։ Ամեն դեպքում, ե՛ւ ծրագրվածի համեմատ, ե՛ւ սպասվողի համեմատ իրենք աճ նախատեսում են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ համարում են, որ ե՛ւ տնտեսությունն է աճել, ե՛ւ հարկերի հավաքագրման արդյունավետությունը, եւ այս երկուսի արդյունքում իրենք ակնկալում են ավելի բարձր հարկեր՝  2 տրիլիոն 760 մլրդ»։ 
Ստացվում է, որ կառավարության հույսը 5,6 տոկոս տնտեսական աճն է եւ հարկերի արդյունավետ հավաքագրո՞ւմը։ Բայց անցյալ տարի էլ հարկային  օրենքները փոփոխվեցին, խստացումներ եղան, իսկ արդյունքում հարկեր չհավաքվեցին։ «Որ տնտեսությունն աճում է, բնականաբար, հարկերդ էլ պետք է աճեն։ Դրա համար երկու բան պետք է նայել՝ արդյոք տնտեսությունը 5,6 տոկոսո՞վ կաճի, թե՞ ոչ, եւ արդյոք հարկերի հավաքագրման բարելավումը 0,7 տոկոսային կետով կլինի, թե ոչ։ Եթե ասում ենք՝ չէ, ուրեմն չեն կարող հավաքել։ Ես կարծում եմ՝ երկուսի առումով էլ ռիսկեր կան»։  

Տնտեսագետ, ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանը, որը, որպես օրենսդիր, նախորդ տարիներին բյուջեի վրա է աշխատել, ո՛չ տնտեսական աճի հայտարարված ցուցանիշին է հավատում, ո՛չ հարկերի արդյունավետ հավաքագրմանը։ «Ցանկացած թիվ պետք է ունենա իր հիմնավորումը,- ասում է նա,- պետք է ասվի, թե ինչի հաշվին կարող է 2025 թվականին լինել 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսօր եթե հանենք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ կապված տնտեսական բազմաթիվ գործոնները՝ վերաարտահանում, դրամի արհեստական արժեւորում` 2022 թվականից, ֆինանսական հոսքեր ու արտահոսքեր, այլ հարցեր, կտեսնենք, որ տնտեսական աճի իրական ցուցանիշը գունազարդել են։ Եթե բոլոր այդ լրացուցիչ փրփուրները հանենք, որոնք բերում են տնտեսական աճի թյուր պատկեր, ապա ՀՀ-ն իրականում ունի տնտեսական անկում։ Սա վատ լուրն է, որ ես պետք է ձեզ ասեի»։ Մանասերյանը հիշեցնում է անկումը տնտեսության իրական հատվածում՝ ոսկերչության, էներգետիկայի ոլորտի արտադրությունը խիստ նվազել է, գյուղատնտեսության, որի արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց տարիներ տեւած անկումից հետո այս ճյուղում փոփոխություններ չեն նկատվում։ «Չունենք տեղական արդյունաբերության որեւէ տեւական աճ, արտահանման ոլորտում ունենք խնդիրներ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հարկային փոփոխություններ իրականացրին, որոնք վատ անդրադարձան դրա վրա, եւ Հայաստանը, ի տարբերություն մի քանի տարի առաջվա պատկերի, երբ առաջատար էր տարածաշրջանում, հիմա բոլորից հետո է։ Մենք տնտեսության իրական հատվածում չունենք զարգացում։ Շինարարությունն իներցիայով է աճում ու ռեալ պահանջարկ չունի, եւ դա էլի արհեստական փուչիկ է, որը պայթելու է»,- ասում է Թաթուլ Մանասերյանը։  

Հարկային բարելավում, ըստ նրա, չի կարող լինել, որովհետեւ չունենք հարկային բազայի՝ այդ նույն ընկերությունների զարգացում, որոնք արժեք են ստեղծում ու հարկեր վճարում։ «Եթե չկա իրական հատվածի զարգացում, հարկային բազան եթե չի աճում, ինչի՞ց մենք պետք է այդ հարկերը գանձենք։ Եթե փոքր բիզնեսը գնալով խեղդվում է, գնաճը՝ ավելանում, թաքնված մենաշնորհներ կան, սկսած գազի ոլորտից, որոնք չեն վերացվում… Դեռ 24 թվականի 9 ամիսների կտրվածքով  բյուջեի ծախսերը գերակատարվել էին, այսինքն՝ այն, ինչ նախատեսված էր 12 ամիսների համար, արդեն վաղուց ծախսվել է։ Բա այս 3 ամիսներին ի՞նչ են ծախսում։ Այսինքն՝  այսօր իրականում արդեն աղետալի վիճակ է։ Ինչի՞ հաշվին է լինելու աճը, այս հարցին երկար տարիներ է՝ չեն պատասխանում։ Երկար տարիներ է, որ մենք աճ ենք ունենում Նազարի բախտով, դրսի գործոններով։ Այս ամենը պետք է դրված լինի պետական բյուջեի ուղերձում»։ 

Երկրորդ հանգամանքն էլ այն է, ըստ տնտեսագետի, որ ուղերձում ոչինչ չի ասվում տնտեսական սպառնալիքների մասին, որոնք կարող են խանգարել բյուջեի կատարմանը՝ պարենային սպառնալիքի, գնաճային ճնշումների մասին եւ այլն։ «Օրինակ, ՀՀ բնակիչները չգիտեն, թե առաջին անհրաժեշտության 10 ապրանքատեսակների գնաճն ինչ աստիճանի է՝ չհաշված դեղերը։ Այս ամենը չկա արտացոլված թվերով ու չի ներկայացվում հանրությանը, իսկ առանց այս կարեւոր թվերի, մնացածը մանիպուլյացիայի հիմք է»։