Վարդենիսի քաղաքապետն ավտովթարի գործն ուզում է կոծկե՞լ 

Վարդենիսի քաղաքապետն ավտովթարի գործն ուզում է կոծկե՞լ 

Փետրվարի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացավ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Քրիստինեն, ով 4 երեխաների մայր էր: 

Մեծ Մասրիկում մինչեւ օրս սգում են: Գյուղում տարբեր լուրեր են շրջանառվում: Խոսում այն մասին, որ վարորդը հարբած է եղել, եւ Վարդենիսի քաղաքապետի հանձարարականով պետք է Արեգունի գնար, քաղաքապետի տուն:  

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է արդյո՞ք այն խոսակցությունները, որ Ձեր հանձնարարականով կոմունալ բաժնի աշխատակիցը պետք է Արեգունի գնար.

«Արեգունի չի գնացել: Արեգունի ես եմ ապրում, բացարձակապես սուտ են ասում: Հաստատվել է, թե ուր է գնացել, բանվորին տուն տանելուց է եղել: Մենք բանվոր ունենք Մեծ Մասրիկում բնակվող, երեկոյան կամ կեսօրին տուն ա գնում, կինը առողջական խնդիր ունի, էդ բանվորին տուն տանելու ճանապարհին ա եղել: Էդ վարորդը հիանալի մարդ ա, պատերազմի 44 օրերի ընթացքում անձնվիրաբար ծառայել է, ես չհասկացա, թե էդ մարդու հետ ինչ ա կատարվել:

Սեպտեմբերի 28-ից մեր վիրավոր զինվորների եւ տղաների դիերը մնացել էր դիրքերում բերող չկար, ոչ մեկը ռիսկ չէր անում քշել, նա է կարողացել 9 դին վառված դուրս բերել մեքենաներից: Տեւական ժամանակ այդ ուազը չէր քշում: Մենք նկատել էինք, որ մի քիչ խնդիրներ ուներ: Նույնիսկ խնդրել էի մեր գլխավոր բժշկին նայել, ասել էր պետք ա վերակագնողական բուժում անցնի»:

Այն հարցին, թե արդյո՞ք հարբած վիճակում է մեքենան վարել, քաղաքապետն ասաց. «Եթե խմած լիներ, ես ինչ-որ բան կկիրառեի, չնայած ինքն իմ աշխատողը չի այլ կոմունալի աշխատող է, տվյալ անձնավորությունը հարբած չի եղել, կարող եք ոստիկանությունից գրավոր պահանջեք, տեսնեք եզրակացությունը: 3 օր հիվանդանոցում այդ աղջկա կողքին եմ եղել, ցավոք մահացավ: Երեխաները հիմա լավ են: Մեկի ոտքը առանց վիրահատության կարողացան ուղղել, մյուսն էլ՝ գլխի հետ խնդիր ուներ, արյան զեղում էր, արդեն ներծծվում ա: Ցավալի բան էր, չեմ կարողանում ինչ-որ մեկի մեղավորությունը գտնել»:

Հիշեցնենք, որ Վարդենիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը, նույն բաժնի ծառայողական մեքենայով Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ 3 հոգու վրաերթի էր ենթարկել: Գեղարքունիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։