Արմեն Ղևոնդյանը՝ ԱԱԾ տնօրե՞ն

Արմեն Ղևոնդյանը՝ ԱԱԾ տնօրե՞ն

Արտաքին գործերի նախարարությունում հանրության համար անտեսնելի, ինտրիգային պրոցեսներ են ընթանում: Մեր տեղեկություններով, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, ով ներկայում իրականացնում է ԱԳ նախարարի պարտականությունները, երկակի խաղ է իրականացնում՝ ձևական դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին, իր կոլեգաներին ապացուցելու համար, որ ինքը նրանցից պակաս հայրենասեր չէ, իրականում, սակայն, խաղերի մեջ է նիկոլականների հետ՝ Ավինյանը նրա դիմումը չի ստորագրել և հանդիպակաց առաջարկ է արել Ղևոնդյանին: Վերջինիս, ըստ մեզ հասած տեղեկությունների, խոստացել են ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ ընտրություններից հետո: Հայտնի է, որ ԱԱԾ տնօրենից փաշինյանական վերնախավը դժգոհ է եւ եթե վերարտադրվեցին՝ նրան հաստատ ազատելու են պաշտոնից։ 

ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն էլ իր պաշտոնին մնում է ընկերների եւ կոլեգաների հորդորով, որպեսզի նախարարությունը, որպես կառույց, շարունակի գործել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանն է համակարգելու էլեկտրոնային քվեարկությունը, որին մասնակցում են մեր դիվանագիտական ծառայությունների աշխատակիցները՝ արտերկրից։ 

Ինչպես արդեն գրել ենք, ԱԳ նախարարի և փոխնախարարների հեռանալուց հետո այս կառույցն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից: Այստեղ նույնիսկ պատրաստվում էին կոշտ հայտարարություն անել, կոչ անելով Փաշինյանին չստորագրել նոր փաստաթուղթ, սակայն գործընթացն անհասկանալի պատճառներով կասեցվել է: Չնայած ԱԳՆ-ում իրավիճակը չի հանդարտվել եւ բոլորն այստեղ սպասում են ընտրությունների արդյունքներին՝ հույսեր փայփայելով, որ իշխանությունը չի հասցնի նոր փաստաթուղթ ստորագրել, իսկ ընտրություններից հետո իշխանությունը կփոխվի եւ այդ հարցն օրակարգից առհասարակ դուրս կգա։