Քաղաքականություն

«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանի «արմենսարգսյանական» պատասխանները

«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանի «արմենսարգսյանական» պատասխանները

Հայաստանում ներքաղաքական ու արտաքին քաղաքական պրոցեսներ են խմորվում, Նիկոլ Փաշինյանն ամեն օր մի ելույթ է ունենում Արցախի մասին, մեկով «հանձնում է Արցախը», մյուսով՝ հերքում ինքն իրեն, երրորդով լրիվ այլ օրակարգ է նետում դաշտ։ Իսկ ընդդիմությունը դուրս է եկել փողոց՝ սկսելով վճռական պայքար Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։

Այս իրադարձությունների ֆոնին մենք մի քանի հարց էինք ուղղել ՀՀ նախագահին՝ հետաքրքրվելով, թե ինչ է մտածում հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը ինչպես Նիկոլ Փաշինյանի ելույթների, այնպես էլ արցախյան խնդրի կարգավորման, ընդդիմության նախաձեռնած պայքարի մասին եւ ոչ միայն։

Նախ հետաքրքրվել էինք, թե որքանով է հետեւում երկրում ընթացող իրադարձություններին, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի նախաձեռնած պայքարին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանության։ Ի՞նչ դիրքորոշում ունի նա այդ հարցում։

Նախագահի աշխատակազմը տվել է «արմենսարգսյանական» պատասխան․ «Նախագաh Վահագն Խաչատուրյանն ուշադրությամբ հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Հանրապետության նախագահի կարեւորագույն նպատակն է՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը եւ անհրաժեշտության դեպքում նախագահական ինստիտուտը դարձնել երկրում ստեղծված խնդիրների լուծման ուղիներ գտնելու հարթակ եւ նպաստել փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն»։

Փոխարենը չեն պատասխանել մեր այն հարցին, թե ինչպիսին է նախագահի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած վերջին ելույթի վերաբերյալ, որտեղ նա խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին։ Նախագահականից նշել են, թե «Հայաստանի Հանրապետության  վարչապետի ելույթները մեկնաբանելը կամ գնահատականներ հնչեցնելը հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություններից դուրս է»։

Այսինքն, Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Սահմանադրության մեջ պետք է հատուկ տող լիներ, որպեսզի ինքն իրավունք ունենար կարծիք հայտնել վարչապետի ելույթների մասին:
ՀՀԿ-ականների գրած Սահմանադրությամբ «անսահման լայն լիազորություններով օժտված» Վահագն Խաչատուրյանը լղոզված պատասխան է տվել նաեւ մեր հետեւյալ հարցերին՝ հանրապետության նախագահը կո՞ղմ է արդյոք Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը եւ ի՞նչ է հասկանում դրա տակ, ինչպե՞ս է պատկերացնում Արցախի կարգավիճակը եւ արցախյան հարցի լուծումը՝ առհասարակ, արդյոք հնարավոր համարո՞ւմ է Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը։ Կամ, օրինակ, Վահագն Խաչատուրյանը կարո՞ղ է բացառել, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի հայտնվի Ադրբեջանի կազմում, որո՞նք կլինեն նրա քայլերը, եթե ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու գնան` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով։

Առհասարակ, ո՞րն է խաղաղության գինը, ըստ ՀՀ նախագահի, ի՞նչ պայմաններով պետք է մենք կնքենք այդ պայմանագիրը, եւ ի՞նչ կարծիքի է նա Ադրբեջանի առաջ քաշած 5 կետերի մասին, որոնք դրվելու են այդ պայմանագրի հիմքում։

«Անդրադառնալով Ձեր մյուս հարցերին՝ հարկ ենք համարում նշել, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման դժվար է պատկերացնել: Հանրապետության նախագահը կարեւորում է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդության շրջանակում»,- ասված է նախագահի աշխատակազմի` մեզ ուղարկված պատասխանում։

Մենք հետաքրքրվել էինք նաեւ՝ նախագահի համար արդյոք ընդունելի՞ են Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Ինչպե՞ս է մեկնաբանում պարոն Խաչատուրյանն այս խոսքերը, եւ, իր կարծիքով՝ այս խոսքերը խոսո՞ւմ են արդյոք ՀՀ վարչապետի կոնկրետ մեղքի մասին, որը նաեւ պատժի անխուսափելիություն է ենթադրում։ Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնեական դիտավորություն կամ անփութություն է դրսեւորել՝ չկանխելով պատերազմը, նա պետք է հրաժարակա՞ն տա, դատարանի առա՞ջ կանգնի, թե՞ սա ընդամենը քաղաքական պատասխանատվություն է ենթադրում։

Մեր այս հարցերին եւս Վահագն Խաչատուրյանը չի պատասխանել։ Միայն հիշեցրել են, թե «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով՝ առաջնորդվելով բացառապես համապետական եւ համազգային շահերով»։ Նիկոլ Փաշինյանի ու բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված նախագահ Խաչատուրյանի դեպքում, սակայն, անհասկանալի ու չպարզաբանված է մնում, թե որն է նրա պատկերացրած համապետական եւ համազգային շահը, հատկապես եթե այդ շահերին միտված մեր հարցերին նախագահը որեւէ հստակ պատասխան չի տվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image