Նրանք մեր սգո օրերն են միայն ավելացնում, սակայն 15 զոհի համար սուգ չհայտարարեցին

2020 թվականի պատերազմից հետո Բանակի տոնը մեզանում վերածվել է սգո օրվա: Առաջներում այդ օրը տոն էր, ուրախություն, հպարտություն: Հիմա օրվա իշխանություններն ամեն կերպ փորձում են շրջանցել հունվարի 28-ը, որևէ միջոցառում այդ օրը տեղի չի ունենում: Եւ առհասարակ` բանակի թեման հիմա ընդունված չէ քննարկել:
Բանակի օրն առավելագույնը իշխանավորները` վարչապետի գլխավորությամբ այցելում են Եռաբլուր, իսկ թե Փաշինյանի այցը Եռաբլուր ինչ գին է ունենում, ինչ սարսափելի տեսարանի ենք մենք ականատես լինում, այդ մասին թերևս խոսելն ավելորդ է: Ոստիկաններն ամիսներ առաջ, ամենադաժան ձևով քարշ էին տալիս զոհված զինծառայողների մայրերին, որոնք փորձում էին արգելել Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Նրանց քաշքշեցին ու տարան բաժիններ, ինչից հետո միայն Նիկոլ Փաշինյանը մտավ Եռաբլուր, «չոքեց» տղաների շիրիմների առաջ ու հեռացավ: Փաշինյանի բոլոր այցերը Եռաբլուր` 2020-ից հետո եղել են բավականին անսպասելի, կամ` վաղ առավոտյան: Այս տարի ևս չեն հայտնում, թե վաղը ինչ պետք է անի իշխանությունը, երբ եւ որ ուղղությամբ պետք է շարժվի: «Հրապարակը» զրուցել է 44-օրյա պատերազմում կամավոր ռազմաճակատ մեկնած և նահատակված Արման Օհանջանյանի մոր՝ Ելիզավետա Բուդաղյանի հետ:
- Վաղը Բանակի տոնն է: Այդ օրը մեզանում փորձում են սգո օր դարձնել ու կարծես դա իշխանավորների մոտ ստացվում է: Ի՞նչ եք Դուք պատրաստվում անել վաղը:
- Բանակի տոնը միակ տոնն է մեզանում, որ ես շատ կուզեի նշվեր: Երևակայեք անգամ Նոր տարին մեզ համար ոչ մի բան է, սակայն Բանակի տոնն ամեն հայ մարդ պետք է նշի: Իմանալով մեր իշխանություններին, ծանոթ լինելով նրանց աշխատանքային ոճին, հայտարարություններին, ես համոզված եմ, որ վաղը տոն չի լինելու: Նրանք մեր սգո օրերն են միայն ավելացնում, սակայն անգամ 15 զոհի համար սգո օր չեն հայտարարում: Որևէ մեկը Եռաբլուրում Փաշինյանին չի սպասում: Ես, իհարկե, չեմ կարող բոլորի անունից խոսել, սակայն բոլորդ էլ գիտեք, որ կան բազմաթիվ ծնողներ, որոնք չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում տեսնել: Եթե քո երեխային սպանել են, ինչպե՞ս կարող ես սպանողին սատարել: Էդպես է` էդպես է թուրքին ինչո՞ւ ես մեղադրում…. իմ առաջին թշնամին Նիկոլն է, ոչ թե թուրքը: Ցավում եմ, որ այդ նեռը կարող է այցելել մեր հերոս տղաներին:
- Ինչո՞ւ են իշխանավորներն ամեն գնով Բանակի տոնը փորձում սգի վերածել: Ո՞րն է սրա միտումը:
- Ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանը բանակ չունենա: Մանկապարտեզի երեխաներն անգամ հասկանում են այդ ամենը: Հայաստանը դարձնում են ոստիկանապետություն, բայց մենք տեսնելով մեր հարևան պետություններին, պետք է գիտակցենք, որ կարևորը բանակն է, ոչ թե ոստիկանությունը: Այսօր ամեն ինչ պետք է բանակին տալ, եթե բանակն ուժեղ եղավ, մենք էլ ուժեղ կլինենք: Մեր ապահովության ու կայունության գրավականը բանակն է, սակայն նախ պետք է ճիշտ ղեկավար ունենալ, նոր մտածել ամեն ինչ բանակին տալու մասին: Հիմա բանակին ինչ-որ բան տալը, նույնն է` թե հայտնվենք անորոշության մեջ: Վերջերս տեղի ունեցած ողբերգական հրդեհն էլ ցույց տվեց, որ բանակում չկա կարգուկանոն: Ներքին ձայնս ինձ հուշում է, որ ամեն ինչ արվում է բանակին վարկաբեկելու համար, որ ոչ մի ծնող չցանկանա իր տղային բանակ ճանապարհել: Ես չեմ հավատում, որ բենզինով վառարան են վառել: Անգամ չորրորդ դասարանի աշակերտը գիտի, որ բենզինով չի կարելի վառարան վառել, բենզինի անգամ մեկ կաթիլն է վտանգավոր, էլ ուր մնաց այդ քանակությամբ բենզին օգտագործեն չափահաս զինվորները: Իմ կարծիքով` ամեն ինչ արվում է, որ հայ մայրն իր որդուն բանակ չուղարկի:
- Իսկ վաղը` Բանակի տոնին Դուք ի՞նչ եք անելու, ուր եք գնալու, կամ գուցե հերթական ակցիա՞ն իրականացնեք:
- Վաղը ես այցելելու եմ իմ որդուն: Ակցիաներ չկան, ես կոնկրետ տեղյակ չեմ այդ մասին: Ես անձամբ ոչինչ չեմ նախաձեռնել: Մի փոքր հիասթափված եմ: Կա պառակտվածություն, որն ինձ դուր չի գալիս:
- Զոհված զինծառայողների ծնողներն էլ են պառակտվա՞ծ:
- Ընդհանուր առմամբ պառակտված են բոլորը: Շատերի մոտ կա անտարբերություն, սակայն դա կոնկրետ ինձ չի խանգարում, որպեսզի պայքարեմ:
Կարծիքներ