Լոռվա մարզպետի ու փոխմարզպետի հարաբերությունները պատերազմական են

Լոռվա մարզպետի ու փոխմարզպետի հարաբերությունները պատերազմական են

Մեզ հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, ինչին վերջինս չի համաձայնել։ Ավելին՝ Ղուկասյանը նրան ասել է, որ հրահանգ է եղել «վերեւներից», մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից։ 

Մարզպետ-փոխմարզպետ հակամարտության հիմքում հակասություններն են Լոռվա նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ, ում կադրն է համարվում փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը։ Լոռվա մարզից մեզ ասացին, որ մարզպետն արդեն փոխմարզպետի թեկնածու էլ ունի, ասում են՝ որոշել է իր ատամնաբույժ ընկերոջը նշանակել այդ պաշտոնին։

Արշակ Հովսեփյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մարզպետն ասել է, թե ինքը պրոֆեսիոնալ չէ, սակայն Սուրեն Պապիկյանի անունը չի տվել․ «Պատճառաբանությունը պրոֆեսիոնալ չլինելու մեջ է, քանի որ մեկ տեղակալ է եւ ենթադրում է, որ այդ մեկ տեղակալը լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի կայացած, ավելի ուժեղ, ավելի մեծ փորձառությամբ, ընդամենը դա էր։ Ես համակարգում եմ ֆինանսական, զարգացման ծրագրի եւ ընտանիքի՝ կանանց եւ երեխաների պաշտպանության ոլորտները։ Բնականաբար, այդ արգումենտների հետ համաձայն չլինելու դեպքում դիմում գրելը իմ կողմից չի լինի։ Դա մարզպետի սուբյեկտիվ որոշումն է, օրենքով էլ է այդպես՝ որ մարզպետն է որոշում իր տեղակալին, իհարկե, վարչապետն է վերջնական արդյունքում ազատում կամ նշանակում»։ Անդրադառնալով մարզպետի ցանկություններին՝ տեղակալի պաշտոնում տեսնել իր ընկերոջը, Հովսեփյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, ասեկոսեներ շատ կան նոր թեկնածուի մասով, շատ լուրեր են շրջանառվում։ Ըստ երեւույթին՝ ինքը պետք է հայտարարի նոր թեկնածուի վերաբերյալ, այս պահին հստակ որեւէ բան չկա»։ Շրջանառվում է նաեւ Խաչատրյանի կադրերից ազատվելու լուրը, սակայն մարզպետը զրույցի ընթացքում հերքել է․ «Անկեղծ ասած, այդ լուրն էլ էր շրջանառվում, բայց հերքեց, ասաց, որ նման բան չկա։ Պատճառն իր ցանկությունն է, ասաց՝ ես եմ որոշում՝ ով լինի անմիջական իմ տեղակալը, արգումենտները եղել են այն, ինչ ասացի։ Հարաբերությունները աշխատանքային են, ունենք այն, ինչ ունենք այս պահին»։ 

ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հովսեփյանը բանիմաց պաշտոնյա է․ «Առաջին անգամ եմ լսում, որ մարզպետն ուզում է իմ կադրերին ազատել, ասեմ, որ էնպես չի, որ Արշակ Հովսեփյանն իմ կադրն է, մեր գործընկերն է, շատ վաղուցվանից ճանաչում եմ, պատրաստված, իր գործի գիտակն է։ Ես աշխատել եմ Հովսեփյանի հետ, կարծում եմ, որ ինքը շատ լավ տիրապետում է իր աշխատանքին, շատ լավ գիտի իր գործը»։ 

Մենք կապվեցինք նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Նրա խոսքով՝ Հովսեփյանը ոչ պրոֆեսիոնալ է. «Կա 2 տարբերակ. կամ նա դիմում է գրում եւ հեռանում, կամ՝ էլ ես դիմում եմ վարչապետին։ Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը։ Պարոն Պապիկյանը դրա հետ կապ չունի, այս պահի դրությամբ թեկնածու չկա։ Մոտ տասն օր է՝ առաջարկությունը ներկայացրել եմ վարչապետին, եւ պատասխանը դեռեւս չկա»։ Մենք փորձեցինք կապ հաստատել Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Քիչ առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ինչպես նաև Լոռվա մարզից հաստատեցին, որ Արշակ Հովսեփյանը ազատվել է աշխատանքից։ Սակայն հարցին, թե ինչ հիմքով, երկու կառույցներից էլ չկարողացան պատասխանել, քանի որ փոխմարզպետներն ազատվում են վարչապետի որոշմամբ։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ կապ հաստատել այս պահին չհաջողվեց։