Քռքաշ ապրում ենք

Քռքաշ ապրում ենք

Մեր խելքով ու կրեատիվությամբ, աշխատասիրությամբ ու համառությամբ աշխարհին զարմացնող հայերս ինչո՞ւ ենք այսքան անկարող ու խեղճ դարձել: Ոչ մի խելացի միտք, ոչ մի հեռանկարային ծրագիր, ոչ մի խոստումնալից առաջարկ մեզանում չի հնչում: Հոսանքի մեջ ընկած, «քռքաշ» ապրում ենք՝ թույլ տալով, որ մեր թշնամիներն ամեն օր մեզ նվաստացնեն, որ մեզ ղեկավարեն ապաշնորհներն ու ծույլերը, որ պատերազմի եւ նոր կորուստների վախը կառավարի մեզ: Հասկացանք` իշխանության գլխին հայտնվածների ուղեղը չորացել է, բացի փող աշխատելուց եւ իշխանությունը վայելելուց, նրանք ուրիշ ոչ մի բանի ունակ չեն, իսկ հասարակությունն ինչո՞ւ է դարձել այսքան պասիվ ու հնազանդ, այսքան անինքնասեր ու հարմարվող:

Ահա՝ հարեւան երկրի նախագահը, ով մեր Արցախը զավթեց, Արցախի մեր ղեկավարներին գերի է պահում իր բանտում, հերթական բարբաջանքներն է սփռել` վիրավորելով ու նսեմացնելով հայի ազգային արժանապատվությունը: Աթոռներից կառչած եւ վախից դողացող այս իշխանության ներկայացուցիչները լռում են` պատրաստ հաջորդ զիջումներին: Իսկ ի՞նչ է անում մեր հասարակությունը, բացի ատամները կրճտացնելուց եւ այդ բարբաջանքների հերթական չափաբաժինը կուլ տալուց:

Խնդրեմ՝ հերթական հայտարարությունն են արել Մարիա Զախարովան, Մեթյու Միլլերը, ովքեր նույնպես վկայում են, որ Հայաստանն այլեւս ինքնիշխան պետություն չէ, որ մեր հարցերն այլ հարթակներում են լուծվում, եւ տեղից ելնողը կա՛մ մեզ խորհուրդներ է տալիս, կա՛մ հրահանգներ իջեցնում, կա՛մ դիտողություններ անում: Այս իշխանության ներկայացուցիչները կորցրել են արժանապատվորեն արձագանքելու ցանկացած ունակություն, վերածվել Արեւմուտք-Արեւելքից կախված խամաճիկների, որոնք խառնել են բարեկամ-թշնամի-դաշնակից-հակառակորդ հասկացությունները։