Եթե 20 տարի տանը նստենք ու ոչ ուտենք, ոչ խմենք, որ ոչ մի բանի չենթարկվենք, ինչո՞ւ ենք բժշկություն սովորել

Եթե 20 տարի տանը նստենք ու ոչ ուտենք, ոչ խմենք, որ ոչ մի բանի չենթարկվենք, ինչո՞ւ ենք բժշկություն սովորել

«Հրապարակի» հարցազրույցը բժիշկ Հայկ Մանասյանի հետ

-Պարոն Մանասյան, արտակարգ դրության ժամկետի ևս մեկ ամսով ավելացումն առողջապահական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե արտակարգ դրությունը շարունակվելու է նույն՝ այս սահմանափակումներով, իհարկե, լավ չեմ գնահատում։ Եթե սահմանափակումները, այնուամենայնիվ, աստիճանաբար թուլանան, իհարկե, ողջունում եմ։

-Տարբեր երկրների համար ամերիկյան անալիտիկները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանըններկայացրել են հիվանդացության պիկեր։ Հայաստանը չկա դրանց մեջ, սակայն նախարար Թորոսյանը հայտնել է, որ պիկին կարելի է սպասել յուրաքանչյուր պահի։ Ի՞նչ կարծիքի եք:

-Ախր, այդ պիկը կարելի է մի քիչ բաց թողնել՝ հասկանալու համար։ Պիկը կարելի է երբեք 20 տարի չտեսնել, նստել 20 տարի տանն ու երբեք էլ այդ պիկին չհասնել։

-Այսինքն՝ շատ զգուշավորությա՞ն, քայլեր չանելու՞ արդյունքում։

-Բացարձակ զգուշավորության, բա մենք բժշկություն սովորել ենք, որ ի՞նչ անենք։ Որ բացարձակ զգուշավորությու՞ն դրսևորենք, ոչ մեկին չթողնենք, որ ոչ մի բան ուտի, խմի, քայլի, նստի տանը, որ հանկած որևէ բանի չենթարկվի՞։ Կամ` ինչի՞ ես պիկից վախենում։ Կամ էդ պիկը, ենթադրենք, էս անգամ եղավ, իսկ դու համոզվա՞ծ ես, որ երկրորդ ալիք չի լինելու, ու քո ժողովուրդն իմունիտետ չունի։ Ախր, եթե անկեղծ, պիկի հարցը մանիպուլյատիվ թեմա է։ Այդ հարցը, որ ձևակերպված է՝ ասեք, մեր պիկը․․․ դա ձեր պի՞կն է, ի՞նչ պայմաններում։ Բոլորը տանը նստած են, դուք էդ պայմաններում պիկը հասավ, հետո գնաց մարման, հետո, երբ տներից դուրս եկան, նոր պիկ չի՞ առաջանում։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով օրական մինչև 1000 թեստ կարվի։ Դա ինչ-որ դրական բաների կարո՞ղ է բերել։

-Ինձ համար ոչինչ չի փոխում, թող օրական միլիոն հատ անեն։ Հիմա` մեկ միլիոն թեստ արվեց կամ երեք միլիոն, պարզվեց, որ ես վարակված չեմ, բայց մեկ շաբաթ հետո վարակվում եմ։ Նորի՞ց մեկ միլիոն թեստ են անելու, թե՞ նրանց, ում արել են, էլ չեն անելու։

-Դե, ամեն դեպքում, ասաց՝ ըստ ցուցումների։ Ախտանիշներ, այսինքն՝ բացառման սկզբունքով կգնան, էլի։

-Հա, ըստ ցուցումների՝ ստուգում են։ Դուք ինձ հարցնում եք՝ մասսայական թեստավորումը որքանո՞վ է նպատակահարմար, ես պատասխանում եմ՝ եթե վիրուս են հայտնաբերում, էսօր ես չունեմ, վաղն ունեմ, ու կարող է ամեն շաբաթ այդ մասսայական թեստավորման կարիքը զգացվի։ Եթե մասսայական թեստավորումն անում են՝ հասկանալու համար, թե ով արդեն ունի իմունիտետ, դա բոլորովին ուրիշ խնդիր է։ Դա ողջունելի է, բայց ես որքան հասկանում եմ՝ մերոնք ստուգում են ոչ թե այն, թե ովքեր ունեն իմունիտետ, այլ որոշում են հնարավորինս մեծ թվով մարդկանց հայտնաբերել, որպես հիվանդ գրանցել։ Եթե մարդն իր տանն առանց սիմպտոմի, առանց ջերմության նստած է, ոչ մեկի հետ չի շփվում, չի վարակում, հայտնաբերեցիր, ի՞նչ ես անելու։

-Թաքնված դեպքերի վերաբերյալ։ Կա խումբ, որը գրանցում է դեպքերը, երբ պետությունը չի ստուգում կամ թաքցնում է կորոնավիրուսի դեպքերը։ Առայժմ բարձրաձայնվել է միայն մարալիկցի տղամարդու և երկու ամսական երեխայի մոր դեպքը։
Դուք ի՞նչ կասեք։

-Հարգելիներս, ի՞նչ է նշանակում՝ «թաքցրած դեպք»։ Ենթադրենք, 1000 հոգի վարակված է, այդ 2 հոգին կամ 12 հոգին բա՞ն են փոխում։ Հիմա հազար պացիենտ, տանը նստած, չգիտի, որ կորոնավիրուս ունեն։ Վարակվում, լավանում են, անցնում, գնում է։ Էս թվերի մեջ երկու կամ տասներկու հոգին բա՞ն են փոխում։ Եթե դա լիներ ժանտախտ, ես այս ամբողջ լրջությանը կվերաբերվեի հարգալից, բայց  քանի որ էս ամենը ընդամենը նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է, ոչ ավելի բեթար, քան պանդեմիկ գրիպը, ոչ թե սեզոնային, ապա, կներեք, տպավորություն է, որ կռիվ-կռիվ ենք խաղում։ Ամեն մեկը կինո ա նայել, հիմա ամեն մեկը էդ կինոյի մի պերսոնաժ է պատկերացնում ու մտել է դերի մեջ, չի ուզում դուրս գալ։

-Բայց ամբողջ աշխարհն է մտել այդ դերի մեջ։

-Ցավակցում եմ, ուրեմն, ամբողջ աշխարհին էդ դերի մեջ մտնելու համար։

-Բայց չէ՞որ մարդիկ են մահանում, 50 տարեկան կին՝ թոքաբորբից։

-Նո՞ր եք իմանում, որ մարդիկ մահանում են։

-Բայց հո ամեն օր չե՞ն մահանում թոքաբորբից։

-Իսկ Դուք գիտե՞ք, որ պանդեմիկ գրիպի ժամանակ մահանում են երիտասարդներ, հղիներ, երեխաներ…։ Դուք իմացե՞լ եք դրա մասին։ Ոչ թե տիպիկ ընթացքով, այլ հիմա ո՞նց է՝ այսպես թե այնպես, քրոնիկ հիվանդները, տարեցները ռիսկային խումբ են բոլոր հիվանդությունների համար։ Ինչպես կորոնավիրուսից, այնպես էլ՝ այլ։ Բայց պանդեմիկ գրիպի ժամանակ ճիշտ հակառակը՝ երիտասարդներ, հղիներ, ոչ մի առումով խնդիր չունեցող պացիենտներ հանկարծակի կարող են մահանալ։ Բա էդ ժամանակ ո՞ւր էիք, էսքան կամերաներով, միկրոֆոններով։ Ո՞ւր էիք, ձեր ցավը տանեմ։ Ավելին ասեմ՝ նորից է լինելու․ բժշկությունը՝ ինքը, էդպիսի մասնագիտություն է, էնտեղ մարդիկ են մահանում։ Ուղղակի այն, ինչ հիմա տեսնում եմ, ես դա տեսել եմ վերջին տասնամյակնեի ընթացքում ամեն օր։ Հիմա ինչ-որ մեկը որոշել է դրանից տանը պախկվել։ Հասկացա, չես ուզում՝ մի դուրս արի, բայց ես չեմ կարող ավելի լուրջ վերաբերվել այս հիվանդությանը, քան մնացած հիվանդություններին, որոնք իմ աչքի առաջ են եղել ամեն օր։

-Ի՞նչ կասեք թեստերի տեղական արտադրության մասին։ Շատ մասնագետներ թերահավատ են, որ կարող են Հայաստանում ճշգրիտ թեստեր արտադրվել։ Թեև Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենը վստահեցնում է, որ իրենք աշխատել են այդ նյութերի հետ, գիտեն, կարող են։

-Եթե մերոնք կարող են արտադրել թեստեր, ապա պարտադիր չէ, որ դա անեն հենց կորոնավիրուսի համար։ Հազար ու մի հիվանդություն, ինֆեկցիա կա, որն ամեն օր մեր լաբորատորիաներում ստուգվում է։ Տարիներ շարունակ ստուգվել ու հազարամյակներ շարունակ էլ ստուգվելու են։ Եթե ի վիճակի էին անել, սպասում էին էս օրվան, որ ի՞նչ անեն, թող վեր կենան ու արտադրեն։ Մենք էլ օգտագործենք։

Իսկ թե այդ թեստը կարող են սարքել, թե ոչ, դա իրենից ոչ մի հետաքրքրություն չներկայացնող հարց է։ Հետաքրքրականն այն է, որ եթե կարող են սարքել, ինչի մենակ կորոնավիրո՞ւսն ա։