Հինգերրորդ հարկից շանը ցած նետած ոստիկանին դեռ մեղադրանք չեն առաջադրել 

Հինգերրորդ հարկից շանը ցած նետած ոստիկանին դեռ մեղադրանք չեն առաջադրել 

Հուլիսի 1-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի 31 շենքի հինգերորդ հարկի բնակիչները թափառող շուն էին տանջամահ արել` ծեծել էին, փակելով մուտքի դռները, ապա ցած էին նետել բաց պատշգամբից: 

Լուրը հրապարակեցին բոլոր ԶԼՄ-ները, մեծ աղմուկ եղավ։ Ոստիկանները հայտնեցին, որ տեղում պարզել են, որ ոմն Հրո և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը։ Դեպքի սահմռկեցուցիչ կադրերը տարածվեցին  համացանցում։ Կենդանասերները բողոքի ակցիա էին կազմակերպել շենքի մոտ, պարզել էին, որ շանը դաժանաբար տանջողը ոստիկան է։

Երևանի բնակիչ Գոհար Տեր-Անտոնյանի հաղորդման հիման վրա Քննչական Կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել։ Ի՞նչ է արվել, ի՞նչ փուլում է քննությունը։ «Դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ ՔՕ 307 հոդվածի 2֊-րդ մասի 1-֊ին կետով` «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունը», որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Մեղադրյալ չկա», - ասված է հանրային կապերի բաժնի պատասխանում։ 
Նշված արարքը գործող օրենքով պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։ 

Բայց այս դեպքում ամենայն հավանականությամբ գործը կփակեն, քանի որ անցել է երկու ամիս, շանը տանջողները հայտնի են, սակայն, ինչպես հայտնում են դատախազությունից, գործով որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել։

Դիմումատուն՝ Գոհար Տեր-Անտոնյանը զարմացած է, նա պնդում է․ «Քննիչը ինձ անձամբ ասել է, որ շանը դուրս նետողն ընդունել է իր մեղքը, խոստովանել է, ինչպե՞ս կարող էին մեղադրանք չառաջադրել», - հարցնում է նա։ 

Կապվեցինք նաև գործով քննիչի հետ, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել, ասելով, որ իրավունք չունի։ Համենայն դեպս վստահեցրեց․ «Ո՞վ է ասել՝ գործը փակվում է։ Չի կարա փակվի»։
Եւ այսպես՝ կա տեսանյութ, կա անձ, որը խոստովանել է իր մեղքը, բայց չկա մեղադրանք։
Քննիչ, դատախազ, հանցագործ-ոստիկան անպատժելիության արատավոր շրջանակ են կազմել, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի մասին օրենքն այս անգամ էլ չաշխատի։ «Դավիթաշենի գործի փակումը կվերահաստատի մեր այն դիրքորոշումը, որ պատկան մարմինների մակարդակով կենդանիների հարցի վերաբերյալ ծայրահեղ անտարբեր վերաբերմունքն այսօր հանգեցրել և հանգեցնում է նորանոր նմանատիպ դեպքերի: Դաժանությունը չդատապարտելը և օրենքի սահմաններում համապատասխան գործողություններ չիրականացնելը վերջիններիս դարձնում է հավասարազոր հանցակից: Մենք թույլ չեն տա, որ լինի ամենաթողություն:

Անհրաժեշտության դեպքում նման տեսանյութը և քննչական մակարդակով նման անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվությունը կհանձնենք միջազգային տարբեր հարթակներ, որին զուգահեռ կվերսկսենք մեր բողոքի ակցիաները, քանի որ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, մենք չենք հանձնվելու և թույլ չենք տալու, որ կենդանիների ապրելու իրավունքը Հայաստանում ոտնահարվի: Պատկան մարմինների կողմից նման դեպքերով արձանագրված անգործությունը ստանալու է իր արժանի պատասխանը, ինչպես Հայասատանում, այնպես էլ այսուհետ Հայաստանի սահմաններից դուրս», - ասում է կենդանասեր հանրույթի հայտնի ակտիվիստներից Մարի Տեր-Անտոնյանը։

Ոչ միայն կենդանասերները, շատերն են սպասում Դավթաշենի «անտունիկի» սպանության գործով քննության ավարտին։