Կյանքը շարունակվում է

Կյանքը շարունակվում է

Ես անկեղծորեն չեմ հասկանում այն մարդկանց, որոնք պահանջում են, որ ազգը մեկ տարի սուգ պահի՝ հարսանիք չանի, երաժշտություն չմիացնի, միջոցառումներ չկազմակերպի, կնունք-ծնունդ չնշի՝ միայն սգա։ Նույնիսկ կորուստ ունեցող ընտանիքները չպետք է մեկ տարի շարունակ սուգ պահեն եւ ասկետական կյանքով ապրեն, քանզի այդ տներում մանուկներ կան, որոնք չպետք է իրենց դժբախտ զգան, ծերեր կան, որոնք կարող են ամեն րոպե հեռանալ՝ չի կարելի նրանց մայրամուտը տխրեցնել, եւ առհասարակ՝ կյանքը շարունակվում է, ու սգալով հանդերձ մեր լույս զավակների մահը, մենք պետք է շարունակենք ապրել եւ արարել։

Պետք է փորձենք հաղթահարել մեկ տարի շարունակ ձգվող այս դեպրեսիան եւ հուսահատությունը, որպեսզի շտկենք մեր մեջքը եւ պետությունը տանուլ չտանք։ Չէ՞ որ հուսահատ ու կոտրված հասարակությունը կարող է շարունակել նահանջն ու պարտությունը նաեւ առօրյա կյանքում եւ կորցնել ամեն ինչ։ Կորցնել զարգանալու, առաջ գնալու, կորցրածը հետ վերադարձնելու, նոր կորուստներ թույլ չտալու շանսը։

Այնպես որ, միանգամայն անհասկանալի է այս իշխանությունների պահվածքը, որն արձակուրդներ է գնում, հարսանիքների է մասնակցում, բայց որոշել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն այս տարի չնշել։ Եվ անգամ հարցն այդ գումարն ավելի օգտակար նպատակի՝ Արցախում բնակարանաշինությանն ուղղելը չէ։ Վստահ եմ, որ այստեղ պարզ ծուլության հետ գործ ունենք՝ ոչինչ չանելու, ոչինչ չկազմակերպելու, այսպես ինքնահոսի մատնված ապրելու ցանկության հետ։ Եթե կարելի է նստել աշխատասենյակներում, ոչինչ չանել եւ բարձր աշխատավարձ ստանալ, ինչո՞ւ իրենց նեղություն տան։ Եվ ինչքա՜ն այդպիսի պարազիտներ կան նստած կառավարության, քաղաքապետարանի, նախարարությունների շենքերում, որոնք ոչինչ չանելով փող են ստանում։