«Հրապարակ»․ Ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, եթե մի կողմում հեծանվորդն է ու իր խաշլաման, մյուս կողմում՝ հեծանիվն ու խաշլաման քննադատողները 

«Հրապարակ»․ Ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, եթե մի կողմում հեծանվորդն է ու իր խաշլաման, մյուս կողմում՝ հեծանիվն ու խաշլաման քննադատողները 

«Հրապարակ»-ի զրուցակիցն Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։

- Խնդրում եմ անդրադառնալ Պուտինի՝ Բաքվում արած հայտարարություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի պատմական ներգրավվածությանը Հարավային Կովկասում։ Ի՞նչ ուղերձ էր դա, ո՞ւմ է ուղղված։

- Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը գտնվում է հավաքական Արեւմուտքի հետ բառացիորեն պատերազմական վիճակում՝ ռազմական գործողություններ, տնտեսական ճնշումներ, տեղեկատվական պատերազմ եւ այլն։ Անկախ բոլոր դժվարություններից՝ Ռուսաստանը գերտերություն է, որը փորձում է կառավարել ռիսկերը, գնահատել նորերը եւ, իհարկե, ունի ստրատեգիական պլանավորման պետական ավանդույթ։ Ռուսաստանը Հարավային Կովկասը գնահատում է թե՛ որպես պոտենցիալ ճգնաժամի նոր աղբյուր, եւ այդ պատճառով քայլեր է ձեռնարկում, թե՛ որպես զարգացման եւ իր ստրատեգիական շահերի սպասարկման կարեւոր ուղղություն։ Նույնը, ի դեպ, անում է տարբեր ուղղություններով՝ իր ազգային շահերի սպասարկման համար, սխալ է կարծել, թե միայն մեր տարածաշրջանի վրա է կենտրոնացած։ Այսօր, բառի բուն իմաստով, երրորդ համաշխարհային պատերազմից րոպեներ են պակաս, ինչի մասին արդեն բաց են խոսում գերտերությունները, եւ փոքր պետություններն իրենց հիմարության պատճառով, կոպիտ պատմական սխալների պատճառով կարող են կրել ծանր կորուստներ՝ ենթարկվել էթնիկ զտումների, ցեղասպանությունների, պետության կորստի, եւ դա այս պայմաններում կհամարվի «նոր նորմալություն»։ Ամեն ինչ մեր աչքի առաջ է, եւ, ցավոք, մենք մեր մաշկի վրա ենք դա զգում։ Իհարկե, Ռուսաստանն ուղերձ է հղում տարածաշրջանի պետություններին, նույնն անում է Իրանը, նույնը՝ Արեւմուտքը։ Բայց ամենակարեւորը տարածաշրջանային պետությունների ադեկվատությունն է։

- Ալիեւ-Պուտին օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր են եղել, արդեն վատ ավանդույթ է դառնում, որ մեր խնդիրներն առանց մեզ են քննարկում։ Սրա հետեւանքն ի՞նչ կարող է լինել, երբ ՀՀ իշխանությունները նախապատվություն են տալիս արեւմտյան հարթակներին։

- Մինչ մենք արհեստականորեն եւ դրսի ցուցումով վատացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ադրբեջանը խորացնում է դրանք։ Մինչ մենք մեզ խաբում ենք, թե Արեւմուտքի հետ սերտացնում ենք մեր հարաբերությունները եւ իբր գնում ենք Եվրոպա, Ադրբեջանը Եվրոպայի համար դառնում է կարեւորագույն գործընկեր, ու նրան ներվում է էթնիկ զտման փաստն Արցախում։ Մինչ մենք դատարկաբանում ենք Չինաստանի հետ մեր՝ իբր լավ հարաբերությունների մասին, Ադրբեջանը Չինաստանի հետ ստորագրում է ստրատեգիական գործընկերության մասին հուշագիր։ Լուրջ կեցվածք ունի Վրաստանը, որի իշխանությունները, բառի բուն իմաստով, իրենց երկիրն ու իրենց ժողովրդին կարողացան զերծ պահել ողբերգություններից, որի հնարավորությունները բավական մեծ էին։
Պուտինն ունի իր օրակարգը, որը փորձելու է ամեն գնով առաջ տանել, եւ, իհարկե, նա փորձելու է հնարավորինս պահել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ. սա է միջնորդի դերակատարումը։ Բայց եթե տեսնի, որ Հայաստանը  շարունակում է հակառուսական թելադրված իր կուրսը, որ Հայաստանը, որպես պետություն, շարունակում է մնալ անիմաստ մի բան, ապա նա իր անելիքը կանի՝ առանց ձեւականությունների։ Ժամանակակից աշխարհն այլ հնարավորություններ ուղղակի չի թողնում։ Այստեղ մենք փոխանակ սկսենք հարցին մոտենալ ինչ-որ առասպելական «բարոյականության» տեսանկյունից, պահանջներ ներկայացնենք «մեր դաշնակցին», պիտի ընդամենը սառը, ռացիոնալ հաշվարկներ անենք․ մեզ հիմա էմոցիաները միայն վնասում են։  

- Առաջիկայում սպասվում է ՌԴ նախագահի այցը նաեւ Թուրքիա, որտեղ գլոբալ խնդիրների հետ, հավանաբար, Հարավային Կովկասում զարգացումներին անդրադարձ կլինի։ Տարածաշրջանում ի՞նչ պրոցեսներ են գնում։ Արդյո՞ք Ռուսաստանը փորձում է վերագտնել կորցրած կամ թուլացած դիրքերը տարածաշրջանում` հակակշռելով թուրքական ազդեցությանը։

- Շատ դժվար է լինելու Ռուսաստանին՝ վերագտնել այն դիրքերը, որոնք նա ուներ նախքան Արցախյան պատերազմը։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ դա ուղղակի հնարավոր չէ։ Թուրքիան արդեն Հարավային Կովկասում է, կա ստորագրված Շուշիի դեկլարացիա, որը նախատեսում է Թուրքիա-Ադրբեջան լրիվ այլ որակի համագործակցություն, չկա հայկական Արցախ, եւ կորսված են Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության շատ լծակներ։ Հիմա Ռուսաստանն ինքն է կախված Թուրքիայի եւ Ադրբեջանի լոգիստիկ ու տարանցիկ հնարավորություններից։
Բայց, մյուս կողմից, հիմա ակտիվորեն գնում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձեւավորումը։ Վերադարձ հնին չկա, բայց նորի համար լուրջ պայքար է գնում։ Մեզ սա տալիս է ե՛ւ նոր հնարավորություններ, ե՛ւ նոր ռիսկեր։

- Իսկ Իրան-Իսրայել սրացումը մեզ համար ի՞նչ նոր ռիսկեր կարող է ստեղծել` հաշվի առնելով Ադրբեջան-Իսրայել ռազմավարական համագործակցությունը։ Ինչպե՞ս պետք է արձագանքի այդ ռիսկերին Հայաստանը։

- Այս հարցն ունի շատ հստակ պատասխան. նրանում, որ այս իշխանության օրոք մենք դեռ չենք կորցրել Սյունիքը, մեծ դերակատարում ունի Իրանը։ Եվ Իրանի ցանկացած «զբաղվածություն» այլ ճակատներում, Իրանի դիրքերի թուլացումն այսօր մեզ համար կենսական սպառնալիք են։ 

- Խոսեցիք Վրաստանի մասին, այնտեղ ուշագրավ զարգացումներ են, Վրաստանի հայացքը դեպի Մոսկվա է թեքվում։ Այնտեղ հնարավոր սցենարներն ինչպե՞ս կազդեն տարածաշրջանի ու Հայաստանի վրա։

- Համամիտ չեմ ձեւակերպման հետ, թե «Վրաստանի հայացքը դեպի Մոսկվա է թեքվում»։ Վրաստանն իր իշխանությունների եւ իր վերնախավերի շնորհիվ իրեն պահում է որպես լուրջ պետություն, իր նախկին սխալներից խորքային հետեւություններ արած հասարակություն։ Վրաստանի ներկա իշխանությունները սպասարկում եւ առաջնորդում են Վրաստանի ազգային շահերը, եւ այդ երկիրը բուռն զարգացման մեջ է։ Եթե անեին այն սխալները, ինչն արել են Հայաստանի իշխանությունները, լինելու էին գրեթե նույն վիճակում, ինչ մենք՝ հիմա։

- ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բաց տեքստով հայտարարեց, թե Հայաստանն է սաբոտաժ անում տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակման խնդիրը, եւ խոսեց 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնության մասին։ Մի կողմից, սա ուղիղ ցուցիչ էր առ այն, որ տարածաշրջանում, այսպես կոչված, միջանցքը վերահսկելու մրցակցություն է ընթանում, մյուս կողմից, այդ ապաշրջափակման դրույթից բացի, նոյեմբերի 9-ի փաստաթղթում այլ չկատարված կետեր էլ կան։ Լավրովի հայտարարությունն այս տեսանկյունից կարո՞ղ է իրավիճակը շտկելու շանս տալ Հայաստանին։

- Հարավային Կովկասում եւ աշխարհում նոր իրողությունները ենթադրում են ճանապարհների որոշակի ապաշրջափակում։ Պետք չէ մեղադրել բոլորին՝ իրենց շահերն առաջ տանելու համար։ Պետք է մեղադրենք ինքներս մեզ, որ չենք կարողանում ձեւակերպել, թե մեր շահը որն է։ Ավելի անպատասխանատու ու ավելի անբան իշխանություն շատ դժվար է գտնել։ Լավրովը խոսում է արդեն ոչ դիվանագիտական լեզվով, դա, իհարկե, հաճելի չէ։ Իսկ ո՞վ է այսօր մեզ հետ խոսում դիվանագիտական լեզվով։ Ամերիկացի Օ,Բրայե՞նը, թե՞ եվրաչինովնիկները, որ Արցախի դատարկման ֆոնին Ալիեւին իրենց հավատարիմ գործընկերն են դարձրել։ Բայց եկեք վերհիշենք, թե ինքներս մեզ, մեր ձեռքով քանի անգամ ենք արել ծայրահեղ վատություններ ու մեզ դրել այսօրվա վիճակում։ Երբ կար հայկական Արցախ, երբ կար կենսական Լաչինի միջանցք, կային հնարավորություններ (ու  նաեւ պարտավորություններ)՝ առաջ շարժվելու, գտնելու բարդ լուծումներ, որոնք կապահովեին մեր ազգային շահերը, մենք չարեցինք։ Ավելին՝ արեցինք լրիվ հակառակը. մեր բոլոր հաղթաթղթերը զրոյացրինք։ Եթե մեզ թվում է, թե հրաժարվելով նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարեւոր կետերից, մենք ստիպում ենք Ադրբեջանին ու այլոց՝ հրաժարվել իրենց կարեւոր կետից, ապա մենք ցուցադրում ենք միջպետական հարաբերություններ եւ իրավիճակ ընկալելու մեր բացարձակ անկարողությունը։ Արտաքին աշխարհը սա արձանագրում է շատ արագ։ Այսքանով հանդերձ, լուրջ իշխանության դեպքում մենք դեռեւս ունենք հնարավորություններ՝ իրավիճակ փոխելու, Հարավային Կովկասի կույրաղիքի կարգավիճակից դուրս  գալու համար։ Մենք ունենք հնարավորություն՝ շատ բաներ հետ պտտելու։ 

- Եթե ամփոփենք, Հայաստանի «տնային աշխատանքն» այս բարդ ու հարափոփոխ իրավիճակում ո՞րը պետք է լինի։ Մի պահ պատկերացնենք, թե «կեցցե հեծանիվի» փոխարեն ադեկվատ իշխանություն ունենք։

- Ես վստահ եմ, որ մեր բոլոր աղետների հիմքում մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է։ Կա իշխանություն, որը Հայաստանին ահռելի պատմական վնաս է տվել,  բայց մենք այն հանդուրժում ենք։ Ավելին, մենք չենք կարողանում ստեղծել լուրջ բովանդակային եւ կառուցվածքային այլընտրանք, որը նոր բան կառաջարկեր Հայաստանին, հայ հասարակությանը, հասկանալի կլիներ հարեւանների ու միջնորդների համար ու երկրի կառավարումն իր ձեռքը կվերցներ՝ փրկելով մեր երկիրը պատմական աղետից։ Մենք ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, եթե մի կողմում հեծանվորդն է ու իր խաշլաման, իսկ մյուս կողմում՝ հեծանիվն ու խաշլաման քննադատողները։ Հայաստանի միակ փրկությունը նոր սոլիդ իշխանությունն է, սա աքսիոմա է, բայց որպեսզի դա հնարավոր դառնա, պետք են նոր բովանդակությամբ, իրական խնդիրները հասկացող, իրականությունն իրապես հասկացող նոր բովանդակությամբ քաղաքական-հանրային միավորներ, նոր էլիտաներ, որոնք կառաջարկեն նոր ճանապարհ ու կստանձնեն պատասխանատվություն։ Եթե մենք սա չանենք, ապա իրավունք եւ հնարավորություն չենք ունենա պետականություն ունենալու։ 
Երբ մի պետություն չի կարողանում ոչ մեկի հետ ճիշտ օրակարգով աշխատել, երբ չի կարողանում իր ազգային շահերը որպես աշխատանքային օրակարգ ձեւակերպել ու սպասարկել դրանք, եւ մի հասարակության ամբողջական վերնախավեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջ ու իրենց հետ, ապա լինում է մեծ աղետ։