Փաշինյանի պահվածքը գեղական կրուտիտ է․ Ռուսաստանի զենքը՝ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան՝ իշխանությունս ամրապնդելու համար

Փաշինյանի պահվածքը գեղական կրուտիտ է․ Ռուսաստանի զենքը՝ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան՝ իշխանությունս ամրապնդելու համար

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, տարածաշրջանային միությունների ձեւավորումը մոտ ապագայում անխուսափելի է լինելու։ Հայերի եւ հայոց պետականության առջեւ վաղ թե ուշ հարց է ծագելու՝ ո՞ւր գնալ, ո՞ր ուղղությամբ։ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանին առաջարկելու են Ղարաբաղի հետ միասին տեղ գտնել ռուսական նոր միության կազմում։ Իսկ թե ինչպիսին է լինելու աշխարհն առաջիկայում, իր կանխատեսումներն ու վերլուծությունները մեր զրույցում ներկայացրեց պարոն Բագրատյանը։

- Եվրամիությունն ուժեղացնելու է իր դիրքերը, կամաց-կամաց ազգային օրենսդրությունը փոքրացնելով՝ փորձելու է դարձնել մի պետություն, որտեղ, այնուամենայնիվ, առավելություն կունենան Ֆրանսիան եւ հատկապես Գերմանիան՝ ի հակակշիռ Ռուսաստանի, մի քիչ էլ՝ Թրամփի։ 
Ես հնարավոր եմ համարում նաեւ անգլոսաքսոնական միություն, որտեղ կմտնի 5 պետություն՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Կանադան։ Չինաստանը կփորձի միություն ստեղծել Պակիստանի, Լաոսի, Կամբոջայի հետ։ Ավելի ուշ դրան հնարավոր է միանան Թայվանը (պարզապես կհաստատվի Չինաստանի սուվերենիտետը կղզու նկատմամբ), Մոնղոլիան, Վիետնամը եւ Ֆիլիպինները։ Չգիտեմ, թե ինչ կանի Հնդկաստանը։ Հարավային Ամերիկայում ռեգիոնալ առաջատարի հայտ է ներկայացնում Բրազիլիան։ Աֆրիկայում Գվինեական ծոցի ափի 8 երկիր արդեն ստեղծել է արժութային եւ տնտեսական միություն։ Բաց է մնում 2 միության հարց՝ արաբական եւ թյուրքական։ Թուրքիան հավակնում է դառնալ պանթուրքական միության առաջատարը. Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա։ Այս միության կայացումը դժվար է. Հարավային Կովկասում այն բախվում է ՌԴ-ի եւ Իրանի հետ, իսկ Միջին Ասիայում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ։

- Ի հակակշիռ Ռուսաստանի՞։

- Իմ դիտարկմամբ, Ռուսաստանի համար ստրատեգիականը սա է՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչեւ Պարսից ծոց։ Ռուսաստանը նպատակ ունի ձեւավորել այնպիսի մի պետություն, որն ապագայում դուրս գա Իրանի վրա, պատահական չէ, որ հիմա Ռուսաստանն Իրանին առաջարկում է կառուցել ջրանցք Կասպից ծովից մինչեւ Պարսից ծոց, որպեսզի շրջանցեն Սուեզի, Բոսֆորի ջրանցքները։ Այս պլատֆորմի մեջ կմտնեն Բելառուսը, Հայաստանը․ Հայաստանն ուրիշ գնալու տեղ չունի։ Հայաստանին Եվրոպա չեն հրավիրում։ Հիմա իրավիճակն ուրիշ է, Եվրոպան մտածում է՝ ինչո՞ւ պիտի Վրաստանին ու Ուկրաինային բերի եւ իր գլուխը դնի ցավի տակ։ Ես լավ տիրապետում եմ ուկրաինական խնդիրներին, լավ հիշում եմ նաեւ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքերը, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Ուկրաինան տարեկան 6 տոկոս տնտեսական աճ կունենա։ Ստորագրելուց հետո 5 տարվա ընթացքում Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվեց երկու անգամ՝ 2013-2017թթ․։

- Դուք կարծես թե ծրագիր էիք գրում Ուկրաինայի տնտեսության համար․ ի՞նչ եղավ, կիրառեցի՞ն։

- Ոչ, իրար հետեւից փոխեցին իշխանությունը, Պորոշենկոն եկավ՝ 3 մլրդ փող աշխատեց, ամերիկացիները չթողեցին նրան դատեն, կոռուպցիան զարգացավ։ Հիմա Զելինսկին է պայքարում կոռուպցիայի դեմ, բայց Արեւմուտքը չի թողնում ոչ մի կոռուպցիոների դատեն, որովհետեւ դրանք արդեն Արեւմուտքի կոռուպցիոներներն են։
Ինչեւէ, Ռուսաստանը ստեղծում է իր միությունը, որտեղ անպայման նկատի ունի Ուկրաինայի մի հատվածը, Բելառուսը, եւ Կովկասում իրեն շատ պետք է նաեւ Վրաստանը։ 

- Այսինքն, միջինասիական հանրապետությունները, կարծում եք, Ռուսաստանի հետ չե՞ն գնա։

- Ղազախստանը կգնա, բայց միջինասիական բոլոր հանրապետությունների վրա աշխատելու է նաեւ Թուրքիան։ Դրա համար Թուրքիան ե՛ւ Կովկասում, ե՛ւ Բալկաններում, ե՛ւ Միջին Ասիայում առճակատվում է Ռուսաստանի հետ։ 

- Հիմա ինչպիսի՞ն պետք է լինի մեր պահվածքը։

- Մենք առանձնապես չպիտի մեզ ճղենք, այսօր Հայաստանն ինքնին կա որպես ռուսական տարածք, որովհետեւ ռազմաքաղաքական դաշինք միայն ռուսների հետ ունենք, ուրիշ որեւէ երկիր՝ ԱՄՆ-ն, կամ ՆԱՏՕ-ն մեզ հետ ռազմաքաղաքական դաշինք չեն ուզում ստեղծել, եւ մենք պետք է կատարենք ռազմաքաղաքական դաշինքից բխող բոլոր կետերը։ Եվ եթե շանս լինի՝ որպես ինքնուրույն միավոր, Աբխազիային, Հարավային Օսեթիային, Մերձդնեստրին զուգահեռ Ղարաբաղն էլ մտցնել Հայաստանի հետ միասին, երկու ձեռքով կողմ պետք է լինենք։

- Այսինքն, մեր անկախությունից հրաժարվենք։ Հանուն ինչի՞։

- Եթե նույնիսկ մենք ուզենանք անկախությունից հրաժարվել, ռուսները դա չեն ցանկանա, որովհետեւ այդ դեպքում մեզ վրա պիտի տարածեն Ռուսաստանի սոցիալական ստանդարտները, իսկ այնտեղ մեզանից առնվազն երեք անգամ լավ են ապրում։ Իրենք ասելու են՝ ձեր հացը դուք աշխատեք։ Կարող է միասնական վալյուտա եւ միասնական զինված ուժեր լինեն։ Նրանք մեզ չեն առաջարկի միասնական կենսաթոշակի, աշխատավարձի համակարգ եւ այլն, սահմանը կպահպանվի, մաքսատունը՝ նույնպես, հարկային ծառայությունը, անկախ քաղաքականությունը պահպանվում են եւ այլն, եւ այլն։ 

- Նիկոլ Փաշինյանը վարում է ակնհայտ հակառուսական քաղաքականություն, ասում են՝ արեւմտյան, սորոսական ուժերի ազդեցության տակ է։ Նա երբեք չի համաձայնի Ձեր ասած տարբերակին, մինչեւ վերջ կպայքարի դրա դեմ․ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ զարգացումները։ Իշխանափոխությունից հետո՞։

- Ոնց եմ ես պատկերացնում․ նախ, դա հարվածում է մեր ռազմաքաղաքական դաշինքին։ Տեսեք․ Տավուշում հուլիսյան պատերազմը՝ երկու օր կրակեցին, արկերը վերջացան, ինքնաթիռով մարդիկ արկ հասցրեցին։

- Ռուսնե՞րը։

- Այո, ընդ որում՝ Վրաստանը չէր թողնում իր տարածքով անցնեին ռազմական օդանավերը։ Իսկ ինչպե՞ս իրեն պահեց ԱՄՆ-ն՝ ո՛չ դատապարտեց, ո՛չ այլ կոշտ հայտարարություն եղավ, ընդամենն ասաց՝ հանգիստ մնացեք, ռուսները հայտարարություն չարեցին, փոխարենը բերեցին զենք տվեցին, որ՝ հայեր, հանկարծ զենքի-զինամթերքի պատճառով չպարտվեք։
Փաշինյանի պահվածքը հիմա գեղական կրուտիտ է՝ Ռուսաստանի զենքը կօգտագործեմ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան էլ կօգտագործեմ իմ իշխանությունն ամրապնդելու համար։ Սա չի լինելու։

- Այդ լողացող տարբերակին ո՛չ ռուսները կհամաձայնեն, ո՛չ Արեւմուտքը։

- Այո։ Հիմա պետք է լինել առավել ազնիվ։ Կա՞ Ռուսաստանից բացի այլ երկիր, որն օգնում է մեր ռազմական անվտանգությանը, կա՞ զենք, որը մենք օգտագործում ենք, բացի Ռուսաստանինը։ Մի քիչ Չինաստանի զենքն ենք օգտագործում։ Ու վերջ։

- Այսինքն, Դուք բացառում եք, որ եթե մենք վերջնականապես կտրենք մեր կապերը Ռուսաստանի հետ եւ դուրս գանք այդ ազդեցության գոտուց, մեզ որեւէ այլ երկիր ռազմական օգնություն ցույց կտա։

- Այո, ես դա բացառում եմ, նույնիսկ Վրաստանին չեն ուզում օգնել, ԱՄՆ-ն ասում է՝ ափսոս էր այն երկու միլիարդը, որ տվեցի։ Տեսա՞ք՝ Ուկրաինայի պես պետությանը կոպեկ չտվեցին ու լարեցին Ռուսաստանի դեմ։ Սա է իրավիճակը։ Ավելի խելոք բան գիտեք՝ ասեք։ Ընդ որում, ես չեմ ասում՝ գնանք ռուսներին ասենք, որ ես էլ եմ ուզում միության անդամ լինել, ոչ, իրենք մեզ այդ հարցով կդիմեն։ Առայժմ չեն դիմում, որովհետեւ մենք ռուսների համար նույնիսկ պրոբլեմատիկ ենք։ Ռուսները լավ գիտեն՝ որ պահին իրենք մեզ դիմեն, ասելու ենք՝ բա Ղարաբաղը, Ղարաբաղն էլ հետս է։ 

Ես ավելի քան իրատեսական եմ համարում, որ Ղարաբաղը՝ կից տարածքներով, հայերով էլ կմնա, եւ ակտիվորեն կբնակեցնեն, եւ Բեյրութից, այլ տեղերից եկած սիրիահայերին էլ պետք է տանել, այնտեղ բնակեցնել։ Ես նաեւ չեմ բացառում, որ խոսակցություն լինի Նախիջեւանի մասով։ Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերի ժամկետը լրանում է։ Դրա համար է, որ Թուրքիան, խախտելով պայմանագիրը, համարյա մեկ դիվիզիա է տեղադրել Նախիջեւանի տարածքում։ Այսինքն, Նախիջեւանն Ադրբեջանինը չէ, Թուրքիայինն է։ Իսկ Թուրքիան դա արեց նրա համար, որ Հայաստանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ երկու ուղղությամբ հարձակվի, մեկը՝ արեւմտյան սահմանով, մյուսը՝ հարավից՝ Նախիջեւանի ուղղությամբ դեպի Երասխ, Արարատ եւ այլն։ 

- Շատ ուտոպիստական ծրագրի մասին եք խոսում։

- Այդտեղ ուտոպիա չկա, փոքրիկ շանս է հայտնվում, որովհետեւ այսօր խախտված է պայմանագիրը, եւ արդեն երկու ամիս է՝ Նախիջեւանում է գտնվում թուրքական դիվիզիան, որն իրավունք չուներ այնտեղ գտնվել։ Ասեք սրա մասին հանրությանը։ Ես ասում եմ՝ սա է իմ տեսակետը՝ ոչ մեկին չգովենք, չքծնենք, հանգիստ նստենք տեղներս, կատարենք մեր պարտավորությունները։ Ունե՞նք ռուսների հետ ստորագրած թուղթ, ուրեմն կատարենք պայմանավորվածությունները, խաղեր չտանք, ունե՞նք ԱՄՆ-ի հետ ստորագրած թուղթ, անում ենք մինչեւ վերջ։ Եվ թույլ չտանք փոխվարչապետի մակարդակով տորպեդահարել Չինաստանի հետ բոլոր հարաբերությունները։

- Բայց Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ռուսների հետ փայլուն հարաբերություններ ունենք, ամեն ինչ լավ է, քան երբեւէ։

- Նիկոլ Փաշինյանը թող փորձի մեկ անգամ այցելել Մոսկվա։ Դա ասելու փոխարեն թող ինքը կամ Արմեն Սարգսյանը մեկ անգամ այցելեն Մոսկվա եւ գործնական աշխատանքով ապացուցեն, որ փայլուն հարաբերություններ ունեն։ Կրեմլյան սայթերը կարդացեք, տեսեք ինչ են գրում, ահա՝ կրեմլյան հայտարարություններն են, որ Ռուսաստանը Հայաստանին օգնել է, որովհետեւ Թուրքիայի դեմ իր ստրատեգիական գործընկերն է, որ Ռուսաստանը վախենում է, եթե հայկական մարտունակ բանակը կռվի Թուրքիայի դեմ, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը միգուցե դա թույլ չտա եւ իր սխալ քայլերի պատճառով խափանի դա։ Ահա, կրեմլյան կայքերի հայտարարությունները։