Դաժան իրականություն

Դաժան իրականություն

Արցախից մազապուրծ Հայաստան փախած ընտանիքում 6 անչափահաս երեխա է մեծանում: Ներկայացրել ենք այդ ընտանիքի կարիքները` հույսով, որ կօգնեն ընտանիքին. 6 երեխա մեծացնելը հեշտ բան չէ: Թվում է` ընթերցողն ինչպե՞ս պետք է արձագանքի: Պետք է ուրախանա, որ 6 հայ բալիկ է մեծանում, կոչ անի` օգնել, ամոթանք տա պետությանը, որ բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է: Բայց մեկնաբանությունների մեծ մասը պարսավանք ու ատելություն է` ուղղված հայի ընտանիքին: Մի տգետ անգամ գրել է. «Բոլոր ազգությունները գալիս են Հայաստանում հանգիստ ապրում` բացի ձեզանից, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, հայաստանցիներից, կարո՞ղ է մենք ենք ասել, որ այդքան երեխա ունենաս»: Այս արարածն անգամ չգիտի, որ արցախցին հայ է` գուցե ավելի լավ հայ, քան ինքը` Հայաստանում ապրողը եւ նրա հայրենիքը նույնքան Հայաստանն է, որքան իր նման չար, անգրագետ ու անհադուրժող մեկինը: Ցավոք, սրտի: Եւ նման գրառումներ անողները վայելում է այս իշխանությունների խրախուսանքը, զգում են պետության առաջին դեմքերի աջակցությունը, հակառակ դեպքում երբեք նման բաներ չէին գրի:

Արցախահայերի հանդեպ այս ատելությունն ու չարությունը հատուկ ուղղորդվում, թելադրվում է ՀՀ իշխանություններից, նրանց ենթակա պոակ-ներից ու քոմենթչիներից: Դուք պատկերացնո՞ւմ եք` եթե երեկ ԱԺ-ում ելույթ ունեցող Փաշինյանը հրապարակավ ցուցադրեր իր սերն ու հոգածությունն արցախցիների հանդեպ, հրապարակավ սաստեր մեր ազգի երկու հատվածների միջեւ պառակտում, թշնամանք սերմանողներին, հայտարարեր, որ պատժվելու են ոչ թե Ֆեյսբուքում իր հասցեին քննադատություն հնչեցրած անձինք, այլ արցախցիներին թթու խոսք ասողները, ինչքան արագ կփակվեր այս թեման: Եթե ուղիղ տեքստով իր համակիրներին ասեր, որ ինքը մերժում է արցախցիների հանդեպ այս թշնամանքը եւ հորդորում է բոլորին` սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել երկրում, դադարեցնել արցախցիների նկատմամբ այս հալածանքները: Եվ հանձնարարեր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներ իրականացնող դատախազին, ԱԱԾ-ին ու ոստիկանությանը` գործեր հարուցել ազգամիջյան թշնամանք հրահրողների նկատմամբ: Մի քանի օր հետո մենք առողջ եւ միասնական հասարակություն կունենայինք: