Հասարակություն

Չե՞ք ամաչում, տիկին․․․

Չե՞ք ամաչում, տիկին․․․

44-օրյա պատերազմից հետո ընդհանուր միջավայրում մի սևազգեստ կնոջ հետ ծանոթացա: Փայլուն զավակ էր կորցրել՝ բազմատաղանդ, հայրենասեր, որը երկրորդ բարձրագույն կրթությունը կիսատ թողնելով արտասահմանում, վերադարձել էր Հայաստան, մեկնել Արցախ ու հերոսաբար զոհվել: Քսանչորսամյա երիտասարդի համար չափազանց հարուստ կենսագրություն ուներ, հիմնական մասնագիտական կրթությունից զատ ուժերն էր փորձել տարբեր ոլորտներում ու բավականին մեծ հաջողություններ գրանցել: Ափսոսանքի կսկծալի զգացումով էի լսում որդեկորույս մոր պատմությունը տաղանդավոր զավակի մասին: Հերոսածին մայրն ինքն էլ կիրթ անձնավորություն էր՝ ազդեցիկ, գրագետ խոսքով, բառի արժեքն իմացող մեկը, որի հետևից ինքդ էլ առանց վարանելու կգնայիր․ կինն առաջնորդի ոգեշունչ կերպար էր: Համենայնդեպս, առաջին տպավորությունս այդպիսին էր:

Որոշ ժամանակ անց որդեկորույս մայրն սկսեց զբաղվել հասարակական ակտիվ գործունեությամբ՝ հիմնեց ֆոնդեր որդու անունով, բարեգործական ամենատարբեր նախագծեր իրականացնել, հովանավորել կրթադաստիարակչական ծրագրեր: Որդու հիշատակը վառ պահելուն ուղղված հարգանքի արժանի, նաև հայրենասիրական մեծ նախաձեռնություններ սկսեց կյանքի կոչել, որոնց անշուշտ նպաստում էր նաև նրա՝ առաջնորդին բնորոշ գծերը: 

Ինչ-որ մի պահ տիկնոջը կորցրեցի տեսադաշտիցս՝ հայրենիքից բացակայելու, անձնական տարբեր խնդիրների պատճառով: Այսօր մի ռեպորտաժ դիտեցի, որտեղ լրագրողը որդեկորույս մի մոր, որը վարչապետի կնոջ մերձավորներից է ու «հարմար» պաշտոն է ստացել, հարցնում է՝ ամաչո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք: Կինը խուսափեց պատասխանել նաև լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խաղաղ անհնազանդության գործողություններին, որոնց մասնակցում են իր զոhված որդու ընկերները: 

Հիշեցի վերը նշված հերոսածին մորն ու փնտրեցի նրան սոցցանցերում: Տիկինն այս տարիների ընթացքում դարձել է «դեմք», «ֆիգուր», բազմահազար հետևորդներ ու երկրպագուներ սոցցանցերում, յութուբյան ալիքներում: Նա ամենուր է՝ Հանրայինի ամենատարբեր հաղորդաշարերից մինչև տարաբնույթ միջոցառումներում` որպես պատվավոր հյուր: Որդու մասին պատմող նյութերն ունեն մինչև մեկ միլիոն դիտում ու հազարավոր արձագանքներ, մեծարանքի ու խոնարհման խոսքեր՝ ուղղված հերոսածին մորն ու զոհված զավակին: Տիկինն ամենուր պատմում է նրա սխրանքների ու մեծ հայրենասիրության մասին: Արժանավոր քաջորդի է, ինչ խոսք: Տիկնոջ սոցիալական էջերում փորձում եմ գտնել նյութեր, արձագանքներ Հայաստանը պատուհասած վերջին ծանր, ազգակործան իրադարձությունների մասին՝ Տավուշ, Կիրանց... Ո՛չ մի բառ, ո՛չ մի արտահայտություն, ո՛չ մի քաղաքացիական դիրքորոշում, ո՛չ մի կոչ ու հորդոր իր բազմահազարանոց լսարանին ու «երկրպագուներին»: Փոխարենը՝ բազում պատմություններ հայրենասիրության մասին՝ վերացական, գրքային, իրականության հետ որևէ կապ չունեցող․․․

Տիկի՛ն, Ձեր որդին զոհվել է «կոնկրետ» հայրենիքի համար, ու այդ հայրենիքը ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է: Այսօր իրական հայրենասերները պայքարում են դարձյալ «կոնկրետ» հայրենիքի համար, և այդ հայրենիքը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, որին սպառնում է Արցախի ճակատագիրը՝ նաև Ձեզ նման «հայրենասերների» պատճառով:
Չե՞ք ամաչում, տիկին․․․

Լիլիթ Հակոբյան
 դոցենտ

 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image