«Հրապարակ». Երեւանը տան, կարելի է Երեւանն էլ շրջանցել, ի՞նչ է եղել

«Հրապարակ». Երեւանը տան, կարելի է Երեւանն էլ շրջանցել, ի՞նչ է եղել

Բրյուսելում կայացած Ալիեւ-Միշել-Փաշինյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կմ տարածքով, թեեւ Ադրբեջանը դեռ չի հայտարարել, որ պատրաստվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել 29.800 կմ քառակուսի տարածքով, սակայն նույն եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը նշել է, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի 29.800 կմ քառակուսի տարածքը ճանաչել։ Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Ադրբեջանի 86.6 հազար կմ քառակուսին ներառում է նաեւ, այսպես կոչված, անկլավները՝ Տավուշի մարզում, եւ Արարատի մարզում՝ Տիգրանաշենը։ Եթե Փաշինյանը որոշի հանձնել նաեւ այդ տարածքները, ապա Հայաստանի համար, ի թիվս այլ խնդիրների, լոգիստիկ խնդիրներ եւս կառաջանան, սակայն Փաշինյանը սրան էլ է թեթեւ վերաբերվում՝ ասելով․ «Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի հետ։ Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանն այդքան շրջանցող ճանապարհներ կառուցել, ճանապարհ կառուցելը հե՞շտ բան է, պատասխանեց․ «Ցանկացած ճանապարհ էլ կարելի է շրջանցել, բայց ոչ մի ճանապարհաշինարարություն հեշտ բան չէ, Հյուսիս-հարավը 20 տարի է՝ կառուցում ենք, հետո՞ ինչ։ Եթե Դուք Նոյեմբերյանի ճանապարհի մասին եք ասում, ապա այդ ճանապարհները վաղուց շրջանցված են, եւ մենք իրենց տարածքով, ըստ էության, չենք էլ անցնում։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ Ոսկեպարի ճանապարհը սարքեցին, այդտեղ էլ հիմնականում շրջանցեցին, եթե ինչ-որ բաներ էլ մնացել են, ապա դա էլ կշրջանցեն։ Եթե Երեւանն էլ տան, կարելի է Երեւանն էլ շրջանցել՝ ի՞նչ է եղել։ Ցանկացած տարածք կարելի է շրջանցել, այդ թվում՝ նաեւ Երեւանը։ Եթե վաղը Երեւանը տվեցին, կարող են Արարատից շրջանցել, Պռոշյանով դուրս գալ Աշտարակի ճանապարհ, Երեւան չմտնել։ Ի դեպ, Հյուսիս- հարավն այդպես էլ նախատեսված է, որ Երեւան չի մտնելու, շրջանցելու է։ Կարելի է էլի շրջանցել, ի՞նչ է եղել, մարդու մտքին տեղ լինի»,- պատասխանեց Աղաջանյանը։

Հարցրինք նաեւ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիս երկաթուղու վերաբերյալ, որի վերաբացման հետ կապված՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները վերջերս քննարկում էին ունեցել եւ կարծես թե ինչ-որ եզրահանգման եկել։

«Ես այդ երկաթուղու թեմայով բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, դրանից հետո նոր սկսել են հասկանալ, որ միջանցքն այլ բան է, որ պետք է այն մնա հայկական վերահսկողության տակ։ Հստակ խոսել ենք, ասել ենք, որ եթե ճանապարհը լինի այլ երկրի վերահսկողության ներքո, հատկապես այն երկրի, որը միջանցք է ուզում, այսպես կոչված, էքստերիտորիալ միջանցք, ապա եթե այդպիսին եղավ, շատ շուտով անմիջապես կլինի որեւիցե տեռորիստական ակտ, որեւիցե սպանություն, որից հետո կհայտարարվի, որ Հայաստանն ի վիճակի չէ ապահովել տեղաշարժ իր այդ տարածքով, այդ տեղաշարժի անվտանգությունն ապահովել։ Կասեն՝ մենք անեքսիայի չենք ենթարկում, օկուպանտներ չենք, ընդամենը ճանապարհն ենք ուզում վերահսկել, բանակ ենք մտցնում, որ ճանապարհը վերահսկենք, եւ թող իրենք էլ գան, անցնեն, ի՞նչ պրոբլեմ է։ Ողջ աշխարհին այդպես կհայտարարեն, որ չեն օկուպացնում։ Իրենք Սիրիան էլ չեն օկուպացնում, բայց հիմնական մայրուղիներն են թուրքերը վերահսկում ու ասում են, որ ընդամենը վերահսկում են ճանապարհը։ Նույն բանն էլ այստեղ է լինելու․ որ օրը այդ ճանապարհն անցավ ուրիշի վերահսկողության տակ․․․, նույնիսկ եթե մեր վերահսկողության տակ է, մենք այդքան վստահություն չպետք է ունենանք, որ դա ոչ ոք չի ուզելու վերահսկել։ Կմտնի մի հատ թուրքական բեռնատար եւ կպայթի, ինչպես Ղրիմի կամրջի վրա, հետո կասեն՝ հայերը պայթեցրին թուրքի կամ ադրբեջանցու մեքենան, եւ վերջ։ Կասեն՝ մենք պետք է ապահովենք այդ ճանապարհով անվտանգ երթեւեկություն։ 100 անգամ կասեն, որ ոչ մի անեքսիա չկա, ոչ մի բան չկա, ուղղակի անվտանգությունն ենք ապահովում։ Դե գնացեք, իրենց հանեք, տեսնեմ կհանե՞ք։ Այ, այդպես էլ կլինի, կարող եք չկասկածել»։