«Հայաստանի Հանրապետությունը» փակում են`բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով

«Հայաստանի Հանրապետությունը» փակում են`բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որի մեկնարկը տրվել է 1990 թվականին, այսինքն` Հայաստանի երրորդ Հանրապետության տարեկիցն է, հունիսի 1-ից այլեւս չի հրատարակվելու: Փակվում է նաեւ համանուն կայքը: Երեկ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է, թե որոնք են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակման պատճառները․ «Ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։ Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը։ Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել որոշակի փոփոխությունների ու արդիականացման ենթարկել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ Պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով որոշվել է փոփոխության ենթարկել լրատվական գործակալության հաստիքացուցակը»։

Եթե մարդկային լեզվով թարգմանենք ասվածը, ապա պետությունը որոշել է, որ 30-ամյա պատմություն ունեցող պաշտոնաթերթերը ֆինանսական օգուտ չեն բերում` ծախսը նրանց վրա ավելի շատ է, քան օգուտը: Իհարկե, եթե թերթին որպես բիզնես նայես, գուցեեւ օգուտն այդքան շատ չէ, բայց այս թերթերում էին պետական բոլոր կառույցները հրապարակում իրենց հայտարարությունները, որն օրենքի պահանջ է: Այս թերթերից էին մարդիկ իմանում պետական զանազան որոշումների, նորմատիվ ակտերի, նորությունների մասին: Պետությունը, ըստ էության, ասում է, որ հանրությանն իրազեկելու պարտավորություն չունի, իսկ եթե ունի, ապա դա անում է սոցցանցերի եւ մասնավոր լրատվամիջոցների միջոցով:

Իսկ լրագրողական շրջանակներում այս թերթերի փակման բոլորովին այլ վարկածներ են շրջանառվում: Մեդիադաշտում խոսում են, որ այս օրաթերթերը փակվում են, քանի որ աշխատակազմը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ուստի իշխանությունը որոշել է դադարեցնել ֆինանսավորումը: Առավել եւս՝ որ այսօր ռուսալեզու թերթ հրատարակելը թրենդի մեջ չէ` հակառուսական քաղաքականության ֆոնին․ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսագիր պաշտոնաթերթի դադարեցումը նաեւ այս պատճառն ունի:

Մեր տեղեկություններով, «Հայաստանի Հանրապետություն» թերթի աշխատակազմը պատրաստվում է սեփական նախաձեռնությամբ նոր լրատվամիջոց ստեղծել՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետություն» անվանումը: Սկզբում, հավանաբար, ինտերնետ ռեսուրս կլինի, ապա, եթե հետագայում ֆինանսավորման աղբյուր գտնեն, նաեւ թերթային տարբերակը լույս կտեսնի։ Երկարամյա լրատվամիջոցի՝ հունիսի 1-ից այլեւս չգործելու լուրը հատկապես անհանգստացրել է սփյուռքի մեր հայրենակիցներին, քանի որ թերթը սերտ համագործակցում էր սփյուռքի հետ:
«Միանգամայն խորհրդանշական է: Նիկոլ Փաշինյանը փակում է «Հայաստանի Հանրապետությունը», «Ռեսպուբլիկա Արմենիա»-ն էլ՝ հետը: Հայաստանի Հանրապետությունը վերացնում են բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստով։ Մերօրյա իշխանությունների ապազգային եւ հակահայ քաղաքականությունը շարունակվում է։ Հարձակումն ազգային արժեքներ ունեցող հաստատությունների, կազմակերպությունների, կրթամշակութային կենտրոնների վրա շարունակվում է` թմբիրի մեջ լող տվող անգիտակից ամբոխի հանցավոր լռության մթնոլորտում։ Այլեւս վաղուց հասկանալի է, որ Փաշինյանն անվկայական, հայերով բնակեցված տարածք է պատրաստում թշնամու համար, հարկ եղած դեպքում սկուտեղի վրա նրան հրամցնելու եւ թռնելու համար։ Բայց այս ամենի զավեշտն այն է, որ ՔՊ-ն փակում է պետական, պաշտոնական պարբերականը։ Պարզ է, որ ինչ-որ բան այստեղ նրանց սրտով չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը։

«Տակավին, երբ եղբայրս` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից Արթուր Ղուկասյանը ողջ էր, անդադար խոսում էր թերթի մոտալուտ փակման մասին` բառացիորեն հայտնելով թերթի գլխավոր խմբագրի մտահոգությունները։ Դեռ այն ժամանակ չէի ուզում հավատալ դրան` մտածելով, որ, ի վերջո, պարբերականը պաշտոնական է, ուստի դժվար թե փակվի։ Սակայն արի ու տես, որ նիկոլական խունտան ոչնչի առջեւ կանգ չի առնում, անգամ գնալով իրենց իսկ հետաքրքրությունների շրջանակը սպասարկող միջոցների աստիճանական վերացման»,- վրդովված ավելացրեց մեր զրուցակիցը։