Մարզպետն ինձ ասաց՝ դե կփոշմանես․Գարիկ Սարգսյանը ազատել է համայնքապետին

Մարզպետն ինձ ասաց՝ դե կփոշմանես․Գարիկ Սարգսյանը ազատել է համայնքապետին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքից ազատել է Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին։ Նշենք, որ համայնքապետը  օրենքով սահմանված կարգով բնակիչների կողմից ընտրված՝ համայնքի գործադիր մարմին է որն իրականացնում է Սահմանադրությամբ և «ՏԻՄ մասին» օրենքով նախատեսված լիազորությունները, այսինքն՝ լուրջ պատճառներ են պետք համայնքապետին պաշտոնանկ անելու համար, և դրա իրավունքը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի, ունի կառավարությունը և համայնքի ավագանին։ «Հրապարակը» կապվեց արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում  հաստատեց, որ մարզպետը նման որոշում է կայացրել, նա նաև այլ մանրամասներ հաղորդեց․

«Այս ամենը կազմակրեպում է նախկին համայնքապետը՝ Արտուշ Սարգսյանը։ Նա մազրպետի հոր ընկերն է։ Այստեղ որևէ քաղաքական աստառ չկա, որևէ այլ խնդիր չկա, այստեղ ուղղակի կա իմ ու մարզպետի ոչ ճիշտ հարաբերություները։ Նա ինձ չի սիրում, որովհետև ժամանակի ընթացքում ես իրեն չեմ օգնել, օգնել եմ ՔՊ այլ պատգամավորի, ինքը դրանից նստվածք է տվել, լարվածություն է ստեղծել, այդ ամենը դրանից է գալիս։ Անցած տարի ինձ առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, ասել եմ՝ չեմ մտնում, ես ինքս անկուսակցական եմ, բայց ես նորից իշխանությանն եմ օգնելու, ժողովրդին եմ օգնելու, ես չեմ ուզել ուղղակի կուսակցություն մտնել, պարտականություն ստանձնել լրացուցիչ։

Դրանից հետո սկսել են ԱԺ դեկտեմբերյան ընտրությունները, չեմ օգնել Սարգսյան Գարիկին, օգնել եմ նույն ՔՊ-ի այլ թեկնածուի Ատոմյան Սերգեյին, որը իմ համագյուղացին է, մենք շատ լավ ընկերներ ենք, շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Դրանից հետո մարզպետն ինձ ասաց՝ կտենաս, կփոշմանես, ես էլ ասել եմ Աստված քեզ հետ, դրանից հետո մենք համարյա չենք շփվել, ոչ մի հարցում ինքը ինձ չի ընդունել, չի դիմավորել, ինչքան փորձել եմ մոտը մտնել, չի ընդունել, խոչընդոտել է։ Նախկին գյուղապետին է բերել, ասել է՝ էս գյուղապետին պիտի ազատեմ, դու լինես գյուղապետ՝ Սարգսյան Արտուշին։ Ավագանուն տրամադրել է իմ դեմ, լարվածություններ, նիստերին չգալ, վիճաբանություններ, և այլն»,- ասաց Գրիգորյանը։ 

Փորձեցինք նաև կապվել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նշենք նաև, որ համայնքապետի պաշտոնանկության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա մարզպետարանի պաշտոնական կայքում։

ՀԳ. Մենք Նորայր Գրիգորյանի հետ կապվելու համար զանգահարել էինք Spyur տեղեկատվական համակարգում նշված հեռախոսահամարով, որին պատասխանել էր նախկին համայնքապետ Արտուշ Սարգսյանը, նա ներկայացավ որպես Նորայր Գրիգորյան և ասաց, որ պատրաստվում է դատի տալ մարզպետին: Փաստորեն Սարգսյանը այնքան է ուզում վերադառնալ իր պաշտոնին, որ ակնհայտ կեղծիքի է դիմում: