Զայրույթ ու խղճահարություն

Զայրույթ ու խղճահարություն

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի 25 րոպեանոց երկարաշունչ ելույթը՝ թղթից ընթերցված, իրարամերժ զգացումներ առաջացրեց ունկնդիրների մոտ։ Մի կողմից, ակնհայտ էին փակուղի մղված պաշտոնյայի անելանելիությունը եւ անզոր ճիգերը՝ հայ ու միջազգային հանրությանը ներկայացնելու հարեւան ագրեսորի պահվածքի իրական պատկերը, որի մի մասը կուլիսների ետեւում է մնում եւ մեզ այնքան էլ հասանելի չէ։

Մյուս կողմից՝ խեղճ ու վախեցած մարդու կոչն ու խնդրանքները՝ ուղղված բոլոր-բոլորին՝ այն հույսով, որ մի անսպասելի տեղից փրկության կամ օգնության ձեռք կմեկնեն իրեն։ Եվ այդ ամենի մեջ ամենասարսափելին՝ թշնամուն ուղղված աղերսները եւ հավաստիացումները, որ պատրաստ եմ ստորագրել՝ ինչ կուզեք, պատրաստ եմ զիջել՝ ինչ կպահանջեք, պատրաստ եմ խոսել միայն արցախցիների կյանքի իրավունքի ապահովման մասին՝ առանց կարգավիճակի մասին ծպտուն հանելու, միայն թե մի կրակեք, մի հարձակվեք, թողեք հանգիստ ապրեմ-պաշտոնավարեմ։ Մի կողմից՝ խղճահարության զգացում, մյուս կողմից զայրույթ ու մերժում էիր զգում ելույթը լսելիս։

Ուղեղդ հրաժարվում է ըմբռնել, թե ինչպես գլորվեցինք այս աստիճանի, հասանք մի վիճակի, երբ կռվող, առյուծ ազգից վերածվեցինք վայրագ ու բարբարոս թշնամու ողորմածությանը հանձնված զոհի։ Ինչպես ոչնչացրինք մեր 70-80 հազարանոց մարտունակ բանակը եւ վերածվեցինք քոչվոր ցեղախմբի, որի միակ ձգտումը մի փոր հաց վաստակելն է եւ իր վրա արշավող ռազմատենչ ցեղերին հարկ-տուրք-ոսկի-կին-երեխա մատակարարելով՝ սրի չքաշվելը։

Կարող ենք, իհարկե, կատարվածի արմատները փնտրել անգամ Ավարայրի ճակատամարտի պարտության խորքերում, սակայն փաստ է, որ այս վիճակին մենք հասանք Քրիստոսի ծննդից հաշված 2022 թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարման չորրորդ տարում։