Սխալների ուղղում

Սխալների ուղղում

Մարդկանց միայն մի չնչին մասն է կարողանում ընդունել սեփական սխալներն ու դիմացինի ճշմարտացիությունը։ Ահա՝ նախկին ընդդիմադիրների մի խմբակ, որը չի հաջողել իր ոչ մի նախաձեռնության մեջ եւ հիմա դուրս է մնացել քաղաքական պրոցեսներից ու օրուգիշեր զբաղված է այսօրվա ընդդիմությանը սեւացնելու գործով։ Նրանց իրենց սխալները մատնացույց անելն անիմաստ է՝ նրանք ամեն ինչ ճիշտ են արել, իսկ այս վատ, անհասկացող ընտրողն ու անշնորհակալ հասարակությունն իրենց նման հրաշքներին մերժել են։

Ահա՝ մյուս խումբը, որը ժամանակին զզվեցրել է մարդկանց, հաբրգել ու համը հանել, հետո ագահությամբ փորձել է պահել իշխանությունը, դեմ է գնացել պարզ սերնդափոխությանը, ապա անսպասելի հեռացել ու նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն, իսկ հիմա անդադար մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն։ Համարում է, որ փողոց ելած մարդիկ են մեղավոր, Սորոսը, Ամերիկան, միջազգային դավադիր ուժերը, գունավոր տեխնոլոգիաները, Ռուսաստանը․․․ բայց ոչ իրենք։ Իրենք հայրենանվեր գործ էին անում, ոտից գլուխ սրբեր՝ երբեւէ մեղք չգործած, իսկ այս տխմար հասարակությունը չգնահատեց իրենց, գնաց խաբեբաների ու աճպարարների հետեւից։

Այս մյուս թեւն էլ, որը ժամանակին՝ 10 տարի իշխելուց հետո, հոժարակամ հեռացել է իշխանությունից, օրուգիշեր հպարտանում է ոչ միայն դրանով, այլեւ այն տնտեսական աճով ու խաղաղությամբ, որը տիրում էր իր շրջանում՝ մոռանալով, որ նախկինների նկատմամբ հետապնդումները հենց այդ շրջանում են սաղմնավորվել, օլիգարխիան այդ շրջանում է սերտաճել քաղաքականությանը, մենաշնորհներն այդ ժամանակ են մեր կյանքում հաստատվել, մամուլի նկատմամբ ճնշումները ծաղկել։ Իսկ սրբերի այս մյուս խմբակի մեղքն ընդհանրապես ահռելի է՝ ընտրակեղծարարության հիմքերը հենց այդ շրջանում են դրվել։