Դու ապօրինի մեղադրանք ես առաջադրում, հետո ասում ես՝ բա էն ապօրինի մեղադրանքի տուժողներին ի՞նչ անենք

Դու ապօրինի մեղադրանք ես առաջադրում, հետո ասում ես՝ բա էն ապօրինի մեղադրանքի տուժողներին ի՞նչ անենք

Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ զրուցել ենք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այս իշխանությունների կողմից Մարտի 1-ի գործով հետապնդվող Գեւորգ Կոստանյանի հետ։

- Պարոն Կոստանյան, Սահմանադրական դատարանը Սահմանդրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ 

- 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու մասին ես բազմիցս եմ խոսել, որովհետեւ դա ակնհայտ էր։ Երկրորդը․ Եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները, որոնք վերաբերում էին հենց այդ 300.1 հոդվածին, ի սկզբանե կանխորոշել էին դրա ելքը։ Եվ այդ առումով, անկեղծ ասած, ինձ համար ոչ թե անակնկալ էր այն առումով, որ 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այլ անակնկալն այն էր, որ Սահմանադրական դատարանը մնացել է իր բարձունքի վրա՝ անկախ բոլոր ինստիտուցիոնալ համակարգերի կործանումից։ Երրորդը․ 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը ոչ միայն այս դեպքում հետեւանք է, այլ նաեւ ինքը շատ կարեւոր հիմք է, որպեսզի, այնուամենայնիվ, մեր հասարակությունը հասկանա, որ մենք այս երկու-երեք տարիների ընթացքում, որ բոլորս ասում էինք, Վենետիկի հանձնաժողովը պնդում էր, Եվրոպական դատարանը պնդում էր, դա փաստ է, եւ էլ ո՞ր մարմինը պետք է հավաստի, որ, այնուամենայնիվ, մեր երկրի մի քանի դատախազ վերջապես հասկանային, որ երկրի իրավական համակարգը բաղկացած չէ միայն իրենց կարդացած Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածից։

- Ի դեպ, ուշագրավ է, որ այդ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածն ընդունվել է նախկին իշխանությունների օրոք՝ 2009 թվականին․ օրենքի հեղինակն էլ Դավիթ Հարությունյանն է եղել։

- Խնդիրն այն է, որ այդ հոդվածն ընդունվել է 2009 թվականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձեւերի արդյունքում, ոչ թե Եվրոպական դատարանի դիրքորոշումների հետեւանքով։ Եվ երկրորդ․ այն հանգամանքը, որ նույն 2009 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվում է մեղադրանքներից՝ 300.1 հոդվածով այն ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ եւ միաժամանակ այս, այսպես կոչված, նոր Քրեական օրենսգրքի հոդվածներով վերաորակումներ չի անում, հենց խոսքը վերաբերում է նրան, որ ի սկզբանե Հայաստանի իրավապահ համակարգը, թեեւ այդ հոդվածը փոփոխվել էր, այնուամենայնիվ, Հայաստանի իրավապահ համակարգը չկիրառեց այդ հոդվածը հենց այդ նկատառումներից ելնելով։ Իսկ նոր իրավապահ համակարգի ներկայացուցիչները համարեցին, որ Հայաստանի իրավական համակարգը միայն Քրեական դատավարության օրենսգիրքն է եւ վերջ։ Եվ այդտեղից մենք կանգնեցինք այսպիսի իրադրության առաջ։ Արդյունքում ստացվեց, որ այս երկուսուկես տարվա մեղադրանքն ի սկզբանե հակասահմանադրական էր, ոչ թե այն դարձել է հակասահմանադրական։

- Ձեզ էլ է մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու գործով․ ի՞նչ եք կարծում, ՍԴ-ի այս որոշումը Ձեր մասով էլ որեւէ բան կփոխի՞։

- Դուք շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ ինձ մեղադրել են նրա համար, թեեւ հիշեցնեմ, որ անգամ միջազգային քրեական ոստիկանության մակարդակով հավաստվեց՝ ապօրինի եւ անհիմն, բայց, այնուամենայնիվ, ինձ մեղադրում են նրա մեջ, որ երբ որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, իրենց պատկերացմամբ, 2008 թվականին տապալում է սահմանադրական կարգը՝ մի խումբ անձանց հետ, հետո, իբրեւ թե, ես արդեն այդ տապալված սահմանադրական կարգի արդյունքում ոստիկանապետի եւ այլ բարձրաստիճան ոստիկանների հետ միասին՝ որպես այն ժամանակ արդարադատության փոխնախարար, դրդում եմ, որպեսզի կատարեն կեղծիքներ։ Արդյունքում, եթե փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, իսկ դա արդեն փաստ է, հետեւաբար, ես եւ որեւէ մեկը չէինք կարող պարտակել դա։ Պատկերացրիք, չէ՞։ Իմ մեղադրանքը՝ շատ կարճ, հետեւյալն է․ իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանն ու մի խումբ այլ անձինք տապալել են սահմանադրական կարգը, հետո ես ու Գեւորգ Մհերյանը, Ալիկ Սարգսյանն ու էլի մի քանի հոգի պարտակել ենք դրանք։ Հետեւաբար, եթե Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, բա մենք ի՞նչը պիտի պարտակեինք։

- Ի դեպ, դատարանն այդպես էլ մինչ այս պահը չի հրապարակել արդեն գոյություն չունեցող հոդվածով քրեական գործը կարճելու մասին որոշումը, դրան զուգահեռ՝ մեղադրող դատախազներն էլ դիմել են Սահմանադրական դատարան։ Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ։

- Լավ եք հարցնում՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ։ Սա տրամաբանության եւ իրավագիտության պայմաններում հնարավոր չէ հասկանալ։ Բացատրեմ՝ ինչու։ Որովհետեւ այն պահից, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանն ուրիշ տարբերակ չունի, քան կայացնի արդարացման դատավճիռ։ Ինքն ուրիշ տարբերակ չունի։ Այսինքն՝ էս դատավորը, որ նիստը հետաձգում է, ներողություն եմ խնդրում, որ էսպիսի ձեւակերպում եմ տալիս, բայց ինքն արդեն ոչ միայն գրագիտության հետ կապված խնդիրներ ունի, այլեւ, իմ կարծիքով, նաեւ տրամաբանության հետ կապված։ Եվ հետաձգելն արդեն նշանակում է, որ այս դատավորն ինքն իրենով կատարում է հանցանք։ Ինչ վերաբերում է դատախազության այդ միջնորդությանը, որ դիմել է ՍԴ, ապա դատախազությունն օրենքով պարտավոր է, երբ որ հակասահմանադրական է ճանաչվում կոնկրետ հոդվածը, մեղադրանքից հրաժարվել։ Այն հանգամանքը, որ դատախազությունը դիմում է իբրեւ թե տուժողների իրավունքների պաշտպանության կոնտեքստում, տուժողների իրավունքների պաշտպանությունը, այո, շատ կարեւոր է, բայց դա ոչ մի կապ չունի մարդու անմեղության պաշտպանության հետ։ Այսինքն՝ դու ապօրինի մեղադրանք ես առաջադրում, հետո ասում ես՝ բա էն ապօրինի մեղադրանքի տուժողներին ի՞նչ պետք է անենք։