Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալիեւի հերթական հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալիեւի հերթական հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովն այսօր հաղորդագրություն տարածեց՝ ադրբեջանցիների համար ավետելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող չորս գյուղերի միջև գտնվող տարածքում կլինի պետականորեն սահմանազատված հատված Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ավելի ուշ, «Արմենպրեսի» հարցերին պատասխանել էին, որ Տավուշի մարզի համապատասխան գյուղերից հայկական զրքերի արագ հետքաշում են իրականացնելու, իսկ նրանց փոխարեն «սահմանը» հսկելու է սահմանապահ ծառայությունը:

«Հրապարակը» որոշեց տեսնել, թե ադրբեջանական լրատվամիջոցներում ինչպես են ներկայացրել այս իրողությունը:

Haqqin. az, news.day.az, Oxu.az, Media.az կայքերում կարելի էր հանդիպել նույն մտքին՝ նույն բովանդակությամբ և նույն շարահյուսությամբ, երբ անդրադարձել էին հայկական տարածքում, այդպես կոչված, ադրբեջանական առկայությանը: Մասնավորապես գրել էին, որ սա Ալիևի հերթական շռնդալից հաղթանակն է, սա մեծագույն նվեր էր Ալիևի կողմից Ադրբեջանի ժողովրդին:

haqqin.az-ի իր հոդվածում Էյնուլլա Ֆաթուլաևը գովեստի ու փառաբանման խոսքեր է ձոնել Իլհամ Ալիևին՝ հերթական հաղթանակի հետ կապված ու հպարտությամբ նշում է, թե ինչպես է Ալիևը դուրս մղում ռուսական զինված ուժերն իրենց ավանդական վերահսկողության տարածքից ու հիանում է Ալիևի մարտավարական ու դիվանագիտական ունակություններով… Ֆաթուլաևն իր հոդվածում տարածքներին անդրադառնալով դրանք անվանում է ՀՀ-ի կողմից օկուպացրած, սակայն հետո գրում է.«Հայկական բանակը լքում է իր դիրքերը, իսկ ադրբեջանական բանակը նորից առանց որևէ կրակոցի՝ զբաղեցնում է հակառակորդի դիրքերը»: Այնուամենայնիվ, Ֆաթթուլաևը ընդունում է, որ դրանք հայկական դիրքեր են, բայց դե նվեր տրված հողից հրաժարվում են միայն տխմարները: Ֆաթթուլաևի միտքը, որ ադրբեջանական բանակը առանց մեկ կրակոցի զավթում է հերթական տարածքները, կարմիր թելի նման անցնում են նաև մյուս արդբեջանական կայքերի նյութերում:

Օրինակ, day.az-ի հոդվածում բացի նշվում է, որ սա Ալիևի հերթական հաղթանակն էր և որ ադրբեջանական բանակը առանց որևէ կրակոցի կզբաղեցնի հայկական զինված ուժերի դիրքերը, իսկ տարածաշրջանը անվանում են Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձ։ Բավականին ակտիվ այս թեմային անդրադարձել է ադրբեջանական oxu.az/-ը, որտեղ մի քանի հոդվածներով այս «նորությանն» են անդրադարձել։ Հոդվածներից մեկը վերնագրել են՝ Հայկական զինված ուժերը դուրս են գալիս Ղազախի շրջանի չորս գյուղերից։ Հիշեցնենք, որ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցերի պատասխաններից մեկը հենց այս հարցին էր վերաբերում, որտեղ նշել էին, որ առանց ձգձգելու ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվելու հայկական ռազմավարական կարևորագույն դիրքերից, այնինչ ադրբեջանական կայքերը նշում են, որ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Նույն բովանդակությամբ ու վերնագրով հոդված է հրապարակվել նաև ադրբեջանաման Media.az կայքում։

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն իր X հարթակի էջում հրապարակել է հանձնվող գյուղերի քարտեզն ու նշել, որ Արդբեջանը հասավ իր հերթական պատմական հաղթանակին: Մեկ այլ հոդվածով day.az-ը ներկայացնում է, թե ինչպես են տեղավորվելու ադրբեջանական և հայկական սահմանապահ ուժերը…:Նշվում է, որ սահմանազատված հատվածում երկու երկրների սահմանապահ ծառայությունները կդիրքավորվեն միաժամանակ: 

Այն, որ ադրբեջանական տիրույթում ցնծում են Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ տարածքները մատուցարանի վրա նվիրելու փաստից, չեն մոռանում իրենց բռնապետին երկինք հասցնել` վերագրելով նրան ունակություններ, որոնք կարող էր ունենալ Օլիմպոսում բազմած Զևսը, երևի թե։ Սակայն, մեղադրել էլ չենք կարող, Ալիևը ծառայում է իր պետությանն ու ադրբեջանցի ժողովրդի շահերին, ոչ թե ընդդեմ, ինչպես մեր իշխանությունը: