Զոհվածների իշխանամետ ծնողներին իշխանությունը ընդդիմադիրների ցույցերի՞ն է ուղարկելու

Զոհվածների իշխանամետ ծնողներին իշխանությունը ընդդիմադիրների ցույցերի՞ն է ուղարկելու

Ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիաներին եւ ցույցերին մասնակցում են նաեւ զոհվածների մի շարք ծնողներ։ Նրանց հատկապես հունից հանել է Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունը․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Գնալով ավելանում է զոհվածների ծնողների եւ հարազատների մասնակցությունը ցույցերին։ Սա չեն կարողանում մարսել Փաշինյանի թիմում, եւ, ըստ տեղեկությունների՝ իշխանությունը իրենց քաղաքական հայացքները կիսող, Աննա Հակոբյանի հետ միջոցառումների մասնակցող ծնողներին պատրաստվում է որպես հակակշիռ ուղարկել ընդդիմության ցույցերին, որպեսզի ցույց տան, որ ոչ բոլոր ծնողներն են մերժում Փաշինյանին։

Եռաբլուրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կոնֆլիկտ ունեցած, իշխանությանը չքննադատող Գալինա Բաբայանը, որը զոհված Կապավոր Կյաժի մայրն է, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի՝ այլ ծնողների կողմից ընդդիմության ակցիաներին մասնակցելու վերաբերյալ, ինքն էլ վատառողջ է․ «Մասնակցեմ-չմասնակցեմ, իմ բալին ես հետ կբերե՞մ, իմ վրա վիճակ չկա հիմա, ես տանը պառկած եմ։ Ես տեղյակ չեմ՝ ուրիշները մասնակցելու են, թե չէ, ես ոչ մեկի հետ չեմ շփվում։ Կամ ո՞նց կարամ ես ուրիշի մամայի դեմը հելնեմ, ո՞նց կարամ։ Ինչ տանջանքով, տառապանքով եմ ես անցնում, էն էլ է նույնը անցնում, ո՞նց կարամ ես իր դեմը դուրս գամ»։