Իմ երեխան մինչև ծննդաբերությունից 5 րոպե առաջ խնդիր չի ունեցել․ մահացած նորածնի հայր

Իմ երեխան մինչև ծննդաբերությունից 5 րոպե առաջ խնդիր չի ունեցել․ մահացած նորածնի հայր

«Հրապարակի» խմբագրություն այցելած 23-ամյա երիտասարդը՝ Հրայր Միրզոյանը մայիսի 23-ին հայր էր դարձել։ 

Մայիսի 23-ին նրա կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը ծննդաբերել է Աբովյանի ծննադատանը։ Աղջիկ երեխան ծնվել է 3 կիլոգրամ, 200 գրամ  քաշով,  54 սմ բոյով՝ ժամը 3 անց 15 րոպեին, սակայն րոպեներ անց Հրայր Միրզոյանին է մոտեցել ծնունդն ընդունող բժիշկը և որպես «նախաբան» հայտնել, որ գործ են ունեցել դժվար ծննդաբերության հետ։ «Բոլորս էլ հասկանում էինք, որ գործ ունենք դժվար ծննդաբերության հետ ու ես իրեն հարց տվեցի՝ բա եթե դժվար ծննդաբերություն է եղել, ինչո՞ւ կեսարյան չես արել։ Ես դեռ այդ ժամանակ չգիտեի, որ երեխայի հետ խնդիրներ կան։ Նա էլ՝ թե ես հղիին հարցրել եմ, նա չի ցանկացել, ես էլ իրեն բացատրում եմ, որ հղիին (ծննդկանին), այո, հարցնում են, բայց նա, ամեն դեպքում, քեզ չի կարող ուղղորդել, թե ինչ գործողություններ պետք է կատարես։ Բժիշկը Դու ես, դուք եք իրավիճակը ճիշտ գնահատողը, որպեսզի իմ երեխան ծնվի առողջ։

Ինքը նորից՝ ես հարցրել եմ, ինքը չի ուզել։ Ես էլ իրեն, որ Դուք ինձ ընդամենը պետք է տարբերակներ առաջարկեիք ու բացատրեիք, եթե՝  կեսարյան հատում չարվի, ինչ խնդիրներ կառաջանան, և հակառակ դեպքում՝ ինչ։ Եվ, առհասարակ, իմ հետ խոսակցություն Դուք ինչու՞ չեք ունեցել»,-պատմեց երիտասարդը։

 Ապա բժիշկը՝ Փայտյան Սլավիկը Հրայրին հայտնում է, որ երեխան պետք է տեղափոխվի «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն՝ մի քանի օրվա վերականգնողական շրջան անցնելու համար ու մի քանի օրից կկազդուրվի։ Հրայրը իր խոսքով՝ «ապահովության համար» համաձայնում է, ստորագրություն տալիս դրա համար, ու մեկ էլ տեսնում, որ երեխային շտապօգնության մեքենա են տեղափոխում  թթվածնի բալոնով։ Այդ պահին ուղեկցող բժշկուհին հարցնելով, թե ո՞վ է հայրը, նրան ասում է, որ երեխան ծայրահեղ ծանր, ավելի ճիշտ՝ մահամերձ վիճակում է։ «Ինձ բացատրում էր, որ  երեխայի գլուխը նորմայից ուռած էր, մի գլխի չափ մեծ ուռուցք էլ երեխայի գլխի վրա է։ Պետք է  երեխային շտապ հասցնել հիվանդանոց»,-պատմեց Հրայրը։ 

«Մուրացան» ԲԿ-ում մի քանի ժամ անց, մինչ հայրը հիվանդության էպիկրիզի փաստթղթերով էր զբաղված, բժիշկը կանչել է է Հրայրի մորն ու հայտնել, որ երեխան մահացել է։ Կատարվել է նաև դիահերձում և որպես մահվան պատճառ նշվել է, որ երեխան խեղդվել է ծննդաբերության ժամանակ։ Ինչ վերաբերում է երեխայի գլխի այտուցին, ապա Հրայրը կարող է միայն ենթադրություն անել, որ կնոջ կյանքը փրկելու համար երեխային ուղղակի վակուումով քաշել էին։

Հրայր Միրզոյանը հիմա էլ համոզված է, որ նորմալ քաշով ծնված երեխան չէր կարող նախքան այդ խնդիրներ ունենալ։ «Ինձ անգամ ասացին, որ երեխան թարախի մեջ է եղել։Որ պտղաջրերը պղտոր են եղել․․․ բայց չի կարող թարախի մեջ ապրած էրեխեն 3 կիլո, 200 գրամ քաշ ունենար»,-ասաց Հրայրը։ Նա խմբագրություն էր այցելել Էրեբունու ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում տալուց հետո․ ոստիկանությունում արդեն իսկ քրեակամ գործ է հարուցված նորածնի մահվան փաստի առթիվ։
Երեխային կորցրած ընտանիքը հիմա սպասում է դիահերձման վերջնական պատասխանին։ 

«Հրապարակը» փորձեց նաև երկրորդ կողմի կարծիքը իմանալ կատարվածի վերաբերյալ։ Աբովյանի ծննդատնից հրաժարվեցին միացնել տնօրինության հետ՝ ասելով, որ աշխատանքային ժամն ավարտվում է։ Իսկ երբ խնդրեցինք փոխանցել Սլավիկ Փայտյանի համարը, առաջարկեցին զանգահարել ծննդատան տնօրենի ԺՊ Սլավիկ Օհանյանին։

Վերջինս իրարամերժ պատասխաններ տվեց՝ ասելով, որ այս պահին ոչ մի բան պարզ չէ, փորձաքննություն է լինելու, ոչ մի հարցի չեն կարող պատասխանել։ Հարցին, թե ծառայողական քննություն անցկացնո՞ւմ են, ասաց, որ՝ ոչ, ամեն ինչ արվել է ճիշտ՝ բժշկական բոլոր ցուցումներին համաձայն։ 

Սլավիկ Օհանյանը այլևս ոչ մի հարցի չպատասխանեց՝ առաջարկելով  գնալ ծննդատուն, հեռախոսով չի ցանկանում պատասխանել։