Ոչ մի շփման եզր չի կարող լինել

Ոչ մի շփման եզր չի կարող լինել

Երեկ տեղի ունեցավ Վահե Հակոբյանի գլխավորած եւ սյունեցի համայնքապետերի մասնակցությամբ ձեւավորված «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ով նշեց՝ լավ գիտակցում են, որ ծանր շրջանում են քաղաքական հայտ ներկայացնում։ Համագումարին ներկա էին նաեւ ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որն ասաց, որ հրավիրյալ է, «Իմ քայլը» լքած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը հայտարարեց կուսակցությանն անդամակցելու մասին, նաեւ Միքայել Մինասյանի թիմակից գործիչները՝ Արա Սաղաթելյանը, Արման Սաղաթելյանը, որոնք եւս հրավիրյալ էին։

Կուսակցության թեզերի մեջ նշված է՝ պետք է միավորեն հայ ազգը, հայ ժողովուրդը, ամբողջ Հայաստանը։ Համագումարից հետո Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ այդ միավորումն իրենք պատկերացնում են նաեւ գործող իշխանությա՞ն ներկայացուցիչների հետ։ «Միանշանակ՝ այո, եւ դրա վառ ապացույցը՝ գործող պատգամավոր Գրիգորյան Աննան, որոնք միգուցե բարեխիղճ մոլորության մեջ են եղել, հետո հասկացել են, թե ինչ է եղել, հասկացել են՝ ինչ է կատարվել, ու ճիշտ որոշումներն իրենք իրենց համար կայացրել են։ Ես կարծում եմ՝ էդպիսի օրինակներ բազմաթիվ կարող են լինել»,- ասաց Վահե Հակոբյանը։ Նկատեցինք, որ Աննա Գրիգորյանի օրինակը մի փոքր այլ է՝ առանձնահատուկ է, իրենք պատրա՞ստ են իմքայլականների՝ նիկոլականների հետ միավորվել, Հակոբյանն ասաց․ «Ով այսօր աշխատում եւ ծառայում է Նիկոլին, առնվազն ես ոչ մի շփման եզրեր նրանց հետ չեմ տեսնում»։

Ի դեպ, Հակոբյանը դեռ հստակ չասաց՝ իրենք Քոչարյանի եւ Դաշնակցության հետ մասնակցելու են դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Ասաց՝ մի քանի օրից կհայտարարենք։ Ավելին՝ նրա խոսքից հասկացանք, որ դեռ վերջնական որոշում էլ չկա՝ դաշինքո՞վ են գնալու, թե՞ առանձին։ «Դաշինքով կգնանք, թե առանձին, դա դեռ մենք չենք որոշել»։