Մի պարզաբանման վերլուծություն
Սկզբում տեղադրենք Արարատի համայնքապետարանի պարզաբանումն ամբողջությամբ:
«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք.
Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից՝ արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից , որ տարածքը անընդհատ գտնվում էր նաև մեքենաների ջրային և այլ արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է հատկացնել նոր տարածք հերոսների նկարների համար՝ զերծ մնալու համար վերոնշյալ բոլոր խանգարող հանգամանքներից։
Նշենք նաև, որ նկարները տեղանքից հեռացվել էին դեռևս մեկ տարի առաջ։
Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»:
Առաջին. «Դեռևս մեկ տարի առաջ հեռացված նկարների» առումով նախատեսվել է անել ինչ-որ բան, սակայն դա դեռևս չի արվել: Ենթադրաբար, դեռևս մտածում են ինչ անել և ինչպես անել: Կրկին ենթադրաբար, կարող են դեռևս մեկ տարի էլ մնալ այդ գործընթացում:
Երկրորդ. Հանրությանը կոչ են արել «ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»՝ չնայած հանրությունն ընդամենը արձանագրել է, որ նախկինում կոնկրետ վայրում տեղադրված հերոսների նկարներն այլևս այնտեղ չեն: Ինչն ընդունել է նաև համայնքապետարանը՝ հայտնելով, որ այդ նկարները հանվել են դեռևս մեկ տարի առաջ: Թե որո՞նք են այդտեղ «չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկությունները» հարցի պատասխանը դժվար թե այդ ստանանք մարզպետարանից: Ենթադրաբար մնում է ճշտել ՀՀ կառավարությունից՝ հաշվի առնելով, որ հանրապետության մարզպետարանները ենթարկվում են պետական այդ կառույցին:
Կարծիքներ