Նիկոլն ավելի շատ իր կոտրված աթոռն է սիրում, քան այս երկիրը

Նիկոլն ավելի շատ իր կոտրված աթոռն է սիրում, քան այս երկիրը

Հարցազրույց արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, 44 օր շարունակ հանրությանն ասվեց, որ զգետնում ենք, հաղթում ենք, կոտրելու ենք թշնամու ողնաշարը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը... ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:

- Գլխավոր պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, որ չգիտի՝ զորքն ինչ բան է, անգամ բանակում չի ծառայել, չգիտի՝ ինչ բան է ռազմավարությունը, քաղաքականությունը, ավելին` նա հիմա էլ շարունակում է հիմարացնել հիմարներին, որոնք զոմբիացած գնում են նրա հետեւից: Այս վիճակից դուրս գալու միակ հույսի նշույլը նրա անհապաղ հեռացումն է իշխանությունից, նրան պետք է հեռու պահել, չեզոքացնել էլ ավելի անկանխատեսելի հետեւանքներից: Այս իշխանությունն իր հագով չէր, այս իշխանությունն իր խելքի բանը չէր, այս իշխանությունը չարիք եղավ մեր ժողովրդի գլխին: Էն գլխից պարզ էր, թե սա ուր է տանում, ինչի է տանում, ամբողջովին սորոսականներով համալրել էր իշխանությունը, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ադրբեջանն էլ տեսավ, թե ուր է գնում Հայաստանը, իսկ ավելի շատ` ուր է գլորվում, եւ ճիշտ պահն ընտրեց՝ մեզ հարվածելու համար: Եվ դա անընդհատ ուղեկցվեց ստով, խարդավանքով, իսկ մենք տանը նստած՝ կարծես ֆուտբոլ նայեինք, մեր հաղթանակներն էինք բալետ անում, բայց այնտեղ մարդիկ էին մեռնում... մեր էրեխեն էլ` քեռուս թոռն էլ զոհվեց այդ ընթացքում, ու հիմա մեր տունը ողբի մեջ է: Մինչդեռ մենք խոսում էինք միայն մեր հաղթանակների մասին, բանը հասել էր նրան, որ ժողովուրդն առաջարկում էր Արծրուն Հովհաննիսյանին ՀՀ հերոսի կոչում տալ եւ այդ կոչումը տալ նրա համար, որ ավելի լավ էր խաբում ժողովրդին, իսկ ինքը չգիտե՞ր, թե ուր է գլորում մարդկանց, ովքեր մինչեւ հիմա էլ զոմբիացած են: Ու այս օրերին, երբ ասում են` նախկինները..., ես հասկանում եմ, որ գործ ունենք նիկոլական զոմբիների հետ, ասում են` եթե Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի, ուրեմն ողբամ այն ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանից բացի այլեւս այլընտրանք չունի, ողբամ այդ ժողովրդին, ում քաղաքական մտքի արժեքը Նիկոլ Փաշինյանն  է, ողբամ այն ժողովրդին, որի առաջնորդը քաղաքական մտքով եւ հեռատեսությամբ մանուկ գտնվեց: Հիմա կյանքն ինձ համար այլեւս այն արժեքը չունի, աշնանային գույները գունաթափ են ինձ համար, այլեւս իմաստ չեմ գտնում հետագա արարման: Կյանքի նկատմամբ հույսերը խամրել են: Ապրել չեմ ուզում, որովհետեւ այսպիսի երկիր չեմ հուսացել: Ամեն ինչ անապատ դարձավ, եւ այս մարդը, այսքանով հանդերձ, եթե իր երկիրը մի քիչ սիրում է, կթողնի ու կգնա, բայց ինքն ավելի շատ իր կոտրված աթոռն է սիրում, քան այս երկիրը: Նրա ողջ կյանքի իմաստն իր պաշտոնն է եղել:

- Ինչպե՞ս կարելի է բնութագրել վարչապետի պահվածքը, ով նախօրեին իր ֆեյսբուքյան էջով սպառնում էր վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը։ Սա բռնության կո՞չ է, հոգեպես անհավասարակշիռ մարդու պահվա՞ծք, դուք ունե՞ք որեւէ բացատրություն:

- Պարզ չէ՞, որ մենք ադեկվատ մարդու հետ գործ չունենք, իմ ընկերներից մեկը գրեց, որ սա հոգեկան հիվանդ չէ, այլ դիվահար է...: Ո՞նց կարելի է նման բան ասել, այդ պատերի տակ մեր այսօրվա եւ վաղվա օրն է, մեր հույսն ու հավատն է, Աբովյանը կասեր` ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում, ո՞վ ես դու, ի՞նչ մարդահիսաբ ես դու, ո՞վ է վնգստում` մե՞նք, թե՞ դու: Գնա, էլի, ցավդ տանեմ, ոտդ դիր սրտիս, սեղմիր երեսիս, մենակ գնա, դու չարիք ես ու դժբախտություն: Քո ներկան մեր ժողովրդի դժբախտությունն էր: 

- Այս օրերին մենք ականատեսն ենք դառնում մի շարք ձերբակալությունների, երբ վարչապետի սպանության կասկածանքով բերման է ենթարկվում «Սիսական» ջոկատի հրամանատար, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը: Ինչի՞ մասին է սա վկայում: 

- Լավ է անում ու մեր աչքի լույսն էլ հանում է, եթե մենք չունենք այնպիսի համախմբում, որ կարողանա ընդդիմանալ այդպիսի մի թափթփուկին, ուրեմն լավ է անում, հերներս էլ անիծում է, ուրեմն ինչի արժանի ենք, դրան էլ արժանի ենք: Եթե չենք կարողանում համախմբվել ու այս թնջուկը լուծել, Նիկոլն իր թշվառ վիճակով ավելի կարող է, ուժեղ  եւ հնարամիտ, ուրեմն հալալ է իրան...:

- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջին օրերին ասաց, որ ազգովի ծախեցինք եւ դավաճանեցինք զինվորին, մեղավոր ենք բոլորս... Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք:

- Մենք խաբված ժողովուրդ ենք, մեզ խաբեցին, մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում ճակատում... Հիմա նրանք մեղքը գցում են ոչ միայն ժողովրդի վրա, այլ հասարակ զինվորի վրա, սիրտ ու ցավ ունեցողի վրա... հիմա իրենք արանքը ճղում են, որովհետեւ վախենում են ժողովրդի ցասումից, դրա համար ամեն միջոց ձեռք են առնում, որ արանքը ճղեն` մեղքը բարդելով սրա-նրա վրա: Մի հիմար մի մեծ քար գցեց ջուրը, ու ազգովի չկարողացանք այդ քարը հանել, եւ այդ քարը մեր գլխին է գալիս, դառնում ենք անհեռատես, անապագա ժողովուրդ:

- Վաղվա օրվա հետ կապված հույս կա՞։ 

- Պիտի սկսենք նրանից, ինչից մեծագույն սխալը գնաց, իսկ մեր մեծագույն սխալն արեւմտամետությունն էր, սորոսականությունը, Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում անտեսելու մեջ էր, ու դրա համար ընկանք այս վիճակի մեջ: Սա համակարգված էր ու սա Արեւելքի եւ Արեւմուտքի պայքարն էր: Արեւմուտքի թելադրանքով տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ եւ որտեղ տեղի ունեցան, տվյալ տարաշրջանում ազգային պետությունները տուժեցին: Իսկ դա տեղի ունեցավ Վրաստանում, Ուկրաինայում: Արեւմուտքն ուզում է շրջափակել Ռուսաստանին եւ դա անում է գունավոր հեղափոխությունների միջոցով, Հայաստանում էլ գունավոր հեղափոխության հաջողված այդ փորձը սորոսականներն էին, Նիկոլի հաղթանակը: Փորձեցին գունավոր հեղափոխություն անել նաեւ Բելառուսում, սակայն Ռուսաստանն ամեն կերպ սատարեց Լուկաշենկոյին: Այսինքն, մեր դժբախտությունն այն էր, որ տուրք տվեցինք այդ գունավոր հեղափոխություններին եւ խիստ տուժած դուրս եկանք: Նիկոլ Փաշինյանն ասում է` ինչի՞ կանխվեց Ապրիլյան պատերազմը ու եղավ այս պատերազմը, առանց հասկանալու, որ այն ժամանակ ռուսամետ քաղաքական գործիչներ կային Հայաստանում, որոնք զգում էին, թե ինչով կարող է դա հղի լինել, իսկ այս անգամ Ռուսաստանը չկանխեց, որովհետեւ զգաց, որ Հայաստանը շողուլից ընկած՝ դեպի Արեւմուտք է գնում, եւ պատժեց դրա համար: Ուստի պետք է նախեւառաջ մեր իրականությունից այս արեւմտամոլությունը, սորոսականությունն իսպառ մաքրել` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Որպես մեր ֆիզիկական գոյության երաշխավոր, քիչ թե շատ հանդես է գալիս միայն Ռուսաստանը, որը դա անում է իր գլոբալ շահերի համար: Մենք էլ պետք է այդ շահերի համապատասխանությունից օգտվենք: Եթե այս տարածաշրջանում թելադրում է Ռուսաստանը, ապա դրան հարիր էլ գործիչ պետք է լինի, փոխվի մեր քաղաքական վեկտորը, եւ կամաց-կամաց այս վիճակից դուրս գանք, որ չկորցնենք նաեւ մեր ապագան: