Փոքր Վեդիի մանկապարտեզի դայակին մեղադրանք է առաջադրվել

Փոքր Վեդիի մանկապարտեզի դայակին մեղադրանք է առաջադրվել

Փոքր Վեդիի դայակին, որը բռնության էր ենթարկել երեխաներից մեկին, մեղադրանք է առաջադրվել։

Քննչական կոմիտեին «Հրապարակ»-ին հայտնեցին. «ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է ներկայացվել դայակին»։

Մեզ նաեւ փոխանցեցին, որ անձը դեռևս արգելանքի տակ է։

«Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ։ 
Հարցաքննվել են տնօրենը, այդ թվում՝ ծնողը։ Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»։

Դայակի նկատմամբ խափանման միջոց չկա ընտրված, անձը դեռեւս ձերբակալված է։

Նշենք, որ օրեր առաջ տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր, որ մանկապարտեզի դաստիարակը` Հերմինեն, ծեծի է ենթարկում մահճակալին պառկած երեխային։

Հ.Գ Գլխավոր դատախազությունից էլ մեր հարցին ի պատասխան փոխանցեցին. 

«Հսկող դատախազի կողմից քննիչին հանձնարարություն է տրվել մեղադրյալ Հերմինե Սամվելի Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար միջնորդություն ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»։