Ինքն է հրաժարվել․ ի՞նչ է ասել Պուտինը Ռուբեն Վարդանյանի մասին

Ինքն է հրաժարվել․ ի՞նչ է ասել Պուտինը Ռուբեն Վարդանյանի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Վալդայ ֆորումի 20-րդ նիստում, մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությունը։

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինն ասել է, որ Վարդանյանն ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։

Նիստի վարողի այն հարցին, թե կարո՞ղ է Ռուսաստանը կոչ անել Ադրբեջանի ղեկավարությանը՝ գթասրտություն դրսևորելու Վարդանյանի նկատմամբ, ՌԴ ղեկավարն ասել է․

«Մենք միշտ ենք այդպես արել։ Հիմա էլ ենք այդպես անում։ Խոսել եմ, ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և նա ինձ վստահեցրել է, որ ինչ էլ լինի՝ ապահովվելու են Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց այնտեղ հիմա հայ չի մնացել, բոլորը հեռացել են։ Դուք գիտե՞ք, որ բոլորը հեռացել են։ Այնտեղ պարզապես հայ չկա։ Գուցե  1000-1500 մարդ և վերջ։

Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց, որքան հասկանում եմ, նրանց Երևանում էլ առանձնապես չեն ցանկանում տեսնել, բայց ես ելնում եմ նրանից, որ այս դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը, երբ լուծվել են տարածքային ամբողջականության հարցերը, հույս ունեմ, որ, այդուհանդերձ, կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով»։

Ավելի վաղ, անդրադառնալով ԼՂ նախկին պետնախարարի առևանգմանն ու կալանովորմանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ եթե պարզվի, որ Վարդանյանը դեռևս ՌԴ քաղաքացի է հանդիսանում, ապա երկիրն անպայման կպաշտպանի նրա շահերը։