Արտաշավանի նախկին համայնքապետ․ «Ոչ մեկ չէր կարող ինձանից հրաժարական պահանջել»

Արտաշավանի նախկին համայնքապետ․ «Ոչ մեկ չէր կարող ինձանից հրաժարական պահանջել»

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՅԴ գործիչ Ղազար Կարապետյանը։

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արագածատոնի մարզպետն էր հրաժարական տալու պահանջ դրել Կարապետյանի առջև, սակայն վերջինս հերքեց այն՝ նշելով, որ իր ցանկությամբ է հեռացել։

«Ո՞վ է կարող ինձ այդպիսի բան պահանջել։ Ես Դաշնակցական եմ, պարտվել եմ ընտրություններում [նկատի ունի խորհրդարանական ընտրություններում], թողել, դուրս եմ եկել։ Ոչ մեկ չէր կարող ինձանից բան պահանջել», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ հրաժարական է տվել հունիսի 21-ին՝ ընտրությունների հաջորդ օրը։ 

Հարցին, թե ինչու չմնաց պաշտոնում, պատասխանեց․ «Ես Դաշնակցական եմ։ Այսօր ժողովուրդը չի ուզում, որ ազգային ուժերը գան իշխանության։ Եթե ժողովուրդը չի ուզում, ինչի՞ս է պետք մնամ»։

Ղազար Կարապետյանը որպես համայնքապետ պաշտոնավարել է 1999 թվականից։ 

Համայնքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 105 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը, որի մաս է կազմում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, հավաքել է 91 ձայն։