Կոռուպցիայի «պոզն ու պոչը»

Կոռուպցիայի «պոզն ու պոչը»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի 2019 թվականի հայտարարագիրն անհետացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ «Դեպքը» կմնար աննկատ, եթե նշված պատգամավորի անունը չկապվեր Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու սեփականատեր լինել-չլինելու խնդրի հետ: 

Սակայն վերոհիշյալ Հանձնաժողովի կայքում զետեղված մեկ այլ նյութ կարծես լույս է սփռում անհետացած հայտարարագրի պատմության վրա: Կայքում օգոստոսի 4-ի թվագրությամբ զետեղված է Հանձնաժողովի կողմից մշակված մի կարգ («Հայտարարագրերի ներկայացման և հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգ»), որից կատարված քաղվածքը փաստում է, որ՝ «Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում են տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել, կարող են Հանձնաժողովի [email protected] էլեկտրոնային հասցեին դիմում գրել՝ դրանք ուղղելու թույլտվություն ստանալու համար»։ Հայկ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գրել է այդպիսի դիմում և իր հայտարարագիրը ետ վերցրել` ուղղում կատարելու համար: Սակայն այս «քաղվածքային լույսի» ներքո մի քանի հարցական-կետ, ինչպես Պարոնյանը կասեր, «կմթնին»:

1. Ի՞նչ է նշանակում՝  «ոչ լիարժեք կամ սխալ  տվյալներ հայտնաբերել». հայտարարագիրը կազմում են հայտարարատուներն իրենք, ուրեմն ինչպե՞ս են հետո իրենք «հայտնաբերում» «սխալ» տվյալը: Այստեղից չի՞ ենթադրվում, որ հայտարարատուն կարող է իրեն ձեռնտու  սխալ տվյալը սկզբում հայտարարագրել, հետո, ըստ հարկի, «ուղղել» այն:

2. Հայտնաբերվող  սխալ տվյալները, որոնք ուղղման կարիք ունեն, ինչպե՞ս է, որ ընդհանրապես հայտնվում են հայտարարագրում: Հայտարարագիրը, մեր պատկերացմամբ, ավելի պատասխանատու փաստաթուղթ է, քան, դիցուք, ինքնակենսագրությունը, և այնպես, ինչպես քիչ թե շատ գրագետ մարդը ինքնակենսագրությունը գրելիս հազիվ թե փաստական կամ թվական սխալներ թույլ տա, առավել ևս այդպես է հայտարարագիրը կազմողի պարագայում: Չէ որ դա, ենթադրաբար, նաև մի քանի անձանց (պատգամավորի դեպքում՝ իր, օգնականների ևն) աշխատանքի արդյունք է, ինչով նույնպես պետք է երաշխավորվեր փաստաթղթի անսխալականությունը և հետագա անփոփոխելիությունը: 

3. Արդ՝ ամենակարևորը. քաղվածքում չի նշվում, թե նույն հայտարարատուն քանի՞ անգամ կարող է դիմել սխալների «ուղղման» խնդրանքով: Որքան կամենա՞: «Բա կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»:

4. Ակամա  կոռուպցիայի հնարավոր կողմ չի՞ դարձվում արդյոք Հանձնաժողովի այն անդամը կամ աշխատակիցը, որը համակարգում է հայտարարագրերն «ուղղելու» խնդրանքով հայտարարատուներին վերադարձնելու, ապա նորից ընդունելու գործընթացը: Մի «պոզ ու պոչ» էլ սա չէ՞:

5. Հայտարարագրում ուղղումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ չունի նաև «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարագրման մասին» ՀՀ օրենքը: Ակնհայտ է, սակայն, չպետք է թույլ տալ, որ հայտարարագիրը գրվելուց հետո վերադառնա, առավել ևս՝ մի քանի անգամ, հայտարարատուի մոտ. ինքնին դա խելամիտ չէ,  ավելին` կոռուպցիավտանգ է: 
Կարծում ենք` անհրաժեշտություն կա, որ Հանձնաժողովն առաջարկի լրացումներ և փոփոխություններ կատարել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարագրման մասին» ՀՀ օրենքի մասնավորապես հոդված 4-ի կետ 3-րդ կետում` ընթացակարգն ավելի թափանցիկ և վերահսկելի դարձնելու ուղղությամբ: 
Անշուշտ, եթե իսկապես ուզում ենք պայքարել կոռուպցիայի դեմ:

ՀԳ.: Իսկ թե ի՛նչ է իր հայտարարագրում «ուղղել» պատգամավոր Հ. Սարգսյանը, հուսանք` դեռ կիմանանք: