Ի՞նչ նպատակներ են սահմանվել հանրակրթության ոլորտի համար

Ի՞նչ նպատակներ են սահմանվել հանրակրթության ոլորտի համար

ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը քննարկվել է նաեւ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Հանրակրթության եւ նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Ռազմավարությամբ հանրակրթության ոլորտի առաջին նպատակ է սահմանվել բովանդակության, մասնագիտական կարողությունների եւ որակի շարունակական զարգացումը եւ հզորացումը, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը։

Հանրակրթության երկրորդ նպատակը ծրագրերի բազմազանության եւ հասանելիության ապահովումն է՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման եւ տրամադրման միջոցով։ Ըստ փոխնախարարի՝ այս համատեքստում նախատեսվում է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` արդյունավետ ընդգրկման գործիքակազմի ներդրում, ներառականության ապահովում՝ ֆիզիկական եւ ուսումնական միջավայրերի հարմարեցման միջոցով, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովում։

Հանրակրթական երրորդ նպատակն է՝ ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած եւ արդիական սովորելու միջավայրի եւ ռեսուրսների ապահովումը։

Հանրակրթության չորրորդ նպատակ է սահմանվել հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման եւ ֆինանսավորման մոդելների ներդրումը։ Որպես նախատեսվող գործողություններ՝ Արաքսյա Սվաջյանը ներկայացրել է կառավարման նոր մոդելի ներդրման, խորհուրդների խոշորացման, դասարանների թվով ֆինանսավորման նոր կարգի, ինչպես նաեւ դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմի ներդրման գործընթացը՝ բարձր/ցածր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցների խրախուսման համար։